«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2008-07-04 | #128, 2008-07-05 | #129, 2008-07-08


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»

«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում իր անդամության առկախման հանգամանքին:

«Հայաստանը մտել է խիստ վտանգավոր շրջան իր համար, եւ այս վտանգավոր շրջանը արտացոլվում է ներքին մեր պահվածքի եւ արտաքին մարտահրավերների լուծման միջեւ եղած խզմամբ. այսօր մեծ խզում կա», ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ցավով նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը ստիպված էր ամբողջ ջանքերն ուղղել Հայաստանին վերաբերող բանաձեւն ավելի բարվոք դարձնելուն: Նա համոզված է, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իր չափանիշներն ապահովել Եվրոխորհրդում, «դրա համար էլ հայտարարել եմ, որ Հայաստանն ու Եվրոխորհուրդն իրար արժանի չեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը առաջարկել էր վերադառնալ պատվիրակության կազմ: «Ժառանգության» ղեկավարը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, բայց եւ նշեց, որ Դավիթ Հարությունյանը չէ, որ իրեն պետք է հրավիրի. «Ես առկախել եմ իմ մասնակցությունը, մինչեւ Հայաստանը հասնի ժողովրդավարության նվազագույն շեմին»: Կուսղեկավարը հույս ունի, որ այս շրջանում կհաջողվի գոնե որոշ քայլեր անել երկիրը ժողովրդավարական, իրավական հարթություն տեղափոխելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պետք է մինչ «միջազգային պարտադրանքի հաջորդ ռաունդը» կարողանա փոխել ներպետական, քաղաքական մանրակերտը` «մի սեղանի շուրջը նստելով, լուծումներ փնտրելով այս վիճակից»: Հակառակ պարագայում, ակումբի հյուրի խոսքով, համահասարակական համերաշխության համար արտահերթ ընտրությունները կդառնան անհրաժեշտություն: Րաֆֆի Հովհաննիսյանը չհստակեցրեց` նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ, հետո էլ հայտնեց, որ հուլիսի 11-ին իրենց կուսակցության համագումարը կտա մի շարք հարցերի պատասխաններ` իրենց հետագա անելիքների եւ առաջիկա քայլերի մասին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարի առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կողմ են նոր, համալիր, ընդգրկուն կառույցների ստեղծմանը, եթե դրանք ազգային հեռահար նպատակներ են հետապնդում եւ ոչ թե իրավիճակային հարցեր են լուծում: Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն «իշխանությունների փաստաբանն են», Րաֆֆի Հովհաննիսյանն այլ կերպ արձագանքեց. «Ես հեռու եմ այն դավադիր տեսությունից, թե նրանք գնված են, փաստաբանական ծառայություն են մատուցում, բայց նաեւ նրանք լավագույնս չեն պատկերացնում Հայաստանի իրավիճակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղվեց, թե ինչու նա անձամբ չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին: Կուսակցության ղեկավարը նախ հույս հայտնեց, որ ընդդիմության հանրահավաքներն այսուհետեւ կարտոնվեն, հետո էլ նշեց, որ ինքն իր գործունեությունն իրականացնում է այնպես, ինչպես ինքն է արդյունավետ եւ ճշգրիտ համարում: «Հնարավոր է, որ ես էլ մասնակցեմ, բայց կարեւորը ներկա-բացակա ստանալը չէ, այլ որ յուրաքանչյուրս կատարենք մեր քաղաքացիական պարտքը», հավելեց նա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4