«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2008-07-05 | #129, 2008-07-08 | #130, 2008-07-09


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԹԵ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՄԱՐԻ

«Ինչո՞ւ էին հուլիսի 4-ին ընդդիմության հանրահավաքի ընդդիմադիր գործիչների ելույթները քիչ, մասնակիցների քանակն ավելի պակաս, քան նախորդ անգամ, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ շարժումը մարում է»: Երեկ այս հարցին «Հայացք» մամուլի ակումբում Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց, որ իրենք ներքին անհանգստություն չունեն, թե շարժումը մարում է, ինչ վերաբերում է հուլիսյան հանրահավաքի բանախոսների քանակի նվազմանը, ապա, մամուլի խոսնակի կարծիքով, պարզապես հունիսյան հանրահավաքին իրենք ավելի շատ բան ունեին ասելու, քանի որ մարտի 1-ի դեպքերից հետո դա առաջին հանրահավաքն էր:

Համաժողովրդական շարժումը հուլիսի 4-ի հանրահավաքը հաջողված եւ փայլուն է համարում: Արման Մուսինյանը կարծում է, որ իրենք նվաճումներ են ունեցել այդ օրվա հանրահավաքին, որոնցից թերեւս ամենակարեւորն այն է, որ կարողացել են խաղաղ երթեր անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքը վերանվաճել: Փոքր նվաճում չէ նաեւ ոստիկանության հետ համագործակցված աշխատելու իրողությունը, եւ Արման Մուսինյանն այս անգամ, ի տարբերություն նախորդ հանրահավաքից հետո հրավիրած ասուլիսի, ոստիկանության հասցեին լավ խոսքեր ասաց. «Ոստիկանության հետ նորմալ համագործակցված արդյունք եղավ եւ որեւէ միջադեպ չեղավ: Սա նվաճում էր նաեւ ոստիկանության համար, որոնք նախընտրեցին գնալ համագործակցության ճանապարհով»:

Օգոստոսի 1-ի հանրահավաքին այժմ շարժման կենտրոնը, Մուսինյանի խոսքով, պատրաստվում է մեծ թափով, փորձելու են առավելաբար ակտիվացնել հասարակությանն ու մոբիլիզացնել ու բնավ նշանակություն չունի, որ Հյուսիսային պողոտայում այս օրերին անցկացվող նստացույցն անշուք է, մարդիկ քիչ են:

Արման Մուսինյանի խոսքով, իշխանությունները խելամիտ կլինեն, եթե մինչ օգոստոսյան հանրահավաքը կատարեն իրենց առաջնորդի ներկայացրած պահանջները: Իսկ եթե անգամ այդ պահանջները կատարվեն, մամուլի խոսնակը համոզված է, որ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջն էլի կմնա սեղանի վրա, քանի որ իրենք կարծում են, թե այսօրվա ո՛չ խորհրդարանը, ո՛չ նախագահը չեն արտահայտում հասարակության վստահության քվեն: Ակումբի հյուրի խոսքով, երկրի ղեկավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ընտրել է ոչինչ չանելու եւ սպասելու մարտավարությունըՙ հույսը դնելով, որ շարժումը կմարի: Նման բան, սակայն, Մուսինյանը վստահեցնում է, որ չի լինի:

Մամուլում լուր է եղել, թե Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատրաստվում է լքել շարժումը: Արման Մուսինյանն ամենայն պատասխանատվությամբ հերքեց այդ լուրըՙ նշելով, որ իրենք հրաշալի հարաբերություններ ունեն թե՛ ՀԺԿ-ի, թե՛ նրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ: Ինչ վերաբերում է մարքսիստ Դավիթ Հակոբյանի հեռացմանը, Մուսինյանը շնորհակալություն հայտնեց շարժմանն ունեցած նրա ներդրման համար ու հավելեց, որ հարգում են մարքսիստի որոշումը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ այն հայտարարությանը, թե մարտի 1-ի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը կհրավիրի նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արման Մուսինյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանին բացի հանձնաժողովից պետք է կանչել հատուկ քննչական ծառայություն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, եթե կարողանա աջակցել դեպքերի լիարժեք բացահայտմանը, ապա խնդիր չունի հանձնաժողով ներկայանալու:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4