«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2008-07-05 | #129, 2008-07-08 | #130, 2008-07-09


ԵՐԵՔ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՆՇՐՋԵԼԻ ԿԴԱՐՁՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Հավաստիացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը

«Նովոստի» գործակալության մամուլի սրահի հյուրը երեկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր, որը ներկայացրեց կառավարության ծրագրի իրականացման ընթացքը: Նա մասնավորապես նշեց, որ այդ ծրագրում առաջնահերթությունը հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումն է, որից հետո` բիզնես միջավայրի բարելավումը: Նախարարը վերստին կրկնեց կառավարության հավակնոտ նպատակըՙ հասնել այն բանին, որ Հայաստանը լինի լավագույն բիզնես միջավայր ունեցող երկրների 10 տոկոսի մեջ: Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ հուլիսից բիզնես միջավայրի բարելավման փաթեթը կդրվի հասարակական լայն քննարկման: Ըստ նրա, երկու-երեք առանցքային խնդիրներ պետք է լուծվեն, որ անշրջելի կդարձնեն բարեփոխումները:

Առաջին կարեւոր խնդիրը ձեռներեցության խթանումն ու զարգացումն է, երկրորդը` ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը եւ վիրտուալ արժեքների ներկայացումը, երրորդը` էլեկտրոնային կառավարման հասանելիությունը, երբ պետական ծառայությունները հիմնականում պետք է մատուցվեն էլեկտրոնային ճանապարհով նվազեցնելով շփումը պետական ծառայողի եւ սպառողի միջեւ:

Էկոնոմիկայի նախարարը կանգ առավ կլաստերային որոշ նախագծերի վրա, որոնցից առաջինը քիմիայի եւ շինանյութերի արտադրության, փոքր քիմիայի եւ դեղագործության կլաստերներն են: Հաջորդը թեթեւ արդյունաբերության կլաստերն է, որտեղ վիճակը բնորոշվեց որպես շատ վատ: Երրորդը, որ կառավարության «ծրագրի մեխն է», կրթության եւ գիտության զարգացումն է ու դրա կապվածությունը տնտեսությանը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ներկա կացությանը, Ներսես Երիցյանը նշեց, որ տնտեսական ակտիվությունը եւ տնտեսական աճը շարունակում են մնալ բարձր: Աշխատավարձերն ու եկամուտները կրկնակի արագ են աճում, քան տնտեսական աճն է: Վերջինիս շարժիչ ուժը շարունակում է մնալ շինարարությունը եւ «տնտեսության դիվերսիֆիկացումը մնում է լրջագույն խնդիրներից մեկը»: Առավել հանգամանորեն նախարարն անդրադարձավ ներմուծման-արտահանման տվյալներին, ասելով, որ ներմուծման աճը տեղի է ունենում առավելապես կապիտալաստեղծ, այսինքնՙ նոր սարքավորումների շնորհիվ: Դա, ըստ Ներսես Երիցյանի, բնորոշ է ներդրումային փուլում գտնվող երկրների համար: Սակայն նա մտահոգություն հայտնեց արտահանման չնչին աճի կապակցությամբ, հավաստիացնելով, որ այսօրվա ներդրումները կբերեն արտահանման աճին:

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացումը էկոնոմիկայի նախարարը համարեց ուրախալի, ասելով, որ մեծ հնարավորություն ունենք ներդրումային վարկանիշն ավելի բարելավելու: Ներկայումս արդեն Հայաստանի վարկանիշն ավելի բարձր է, քան Վրաստանինը, եւ մեր երկիրն ու մեր ընկերությունները միջազգային վարկեր կստանան ավելի լավ պայմաններով, քան մեր հարեւան երկիրը: Ըստ Ներսես Երիցյանի, Հայաստանը «Ֆիթչի» վարկանիշով դուրս է եկել Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խմբից եւ մտել ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրների խումբ, որոնցից հիշատակվեց միայն Ֆիլիպինները:

«Ազգի» հարցը նախարարին առնչվում էր Հայաստանից դուրս եկող տրանսպորտային կոմունիկացիաների խնդրին, որն այսօր մեր արտահանողների համար ամենաբարդն է: Ի պատասխան նախարարը համաձայնեց, որ տրանսպորտային խնդիրները լուրջ սահմանափակումներ կարող են լինել մեր արտահանողների համար, բայց նշեց, որ այս փուլում պետք է ձգտենք ներդրումներն այնպես ուղղորդել, որ ստեղծված ապրանքը լինի մրցունակ եւ տրանսպորտային ծախսերը փոխհատուցվեն արտադրանքի ցածր ծախսերով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4