«Պրանա կաֆե» սրճարանային համալիրի հովանավորությամբ եւ կազմակերպությամբ «Լոս Անջելես-Երեւան քույր քաղաքների ասոցիացիայի» (ԼԱԵՔՔԱ) Հոլիվուդի «Ֆորդ Ամֆիթատրոնում» կիրակի օրը` հունիսի 29-ին տեղի է ունեցել աննախադեպ մի համերգ հօգուտ «ԼԱԵՔՔԱ-ի» մի շարք ծրագրերի, որոնցից մեկը նպատակաուղղված է լինելու Երեւանի մի քանի դպրոցների վերանորոգմանն ու վերակահավորմանը, տեղեկացնում է այդ առթիվ ստացված մամլո հաղորդագրությունը:
«Աստղերի տակ» խորագրով անցկացված բացօթյա համերգին իրենց մասնակցությունն են բերել Մայքլը իր տարբեր մարդկանց ձայներն ընդօրինակելու երաժշտա-զավեշտական հորինումներով, Արմեն Մովսիսյանն իր զգացմունքային ճարտասանությամբ, «Վիզա» ռոք-խումբն իր արեւելյան մեղեդայնությամբ, Ներսիկ Իսպիրյանն ու «Տարոն» նվագախումբը եւ Էլոնն իր զարմանահրաշ կիթառի նվագակցությամբ:
«Բացի վերանորոգման աշխատանքներից, մենք նաեւ ծրագրում ենք կազմակերպել ուսանողների եւ մասնագետների փոխայցելությունների ծրագրեր», բացատրել է «ԼԱԵՔԱԱ-ի» նախագահ Սյուզի Ծերունյան-Խանզադյանը:
Հաղորդագրության վերջում նշվում է, որ «ԼԱԵՔՔԱ-ի» ներկա ծրագրերի թվում է նաեւ «Փոքրիկ Հայաստանի դարբասաշեմքի» շինարարությունը Հոլիվուդի կենտրոնում:
Ավելացնենք, որ քույր քաղաքների ասոցիացիան հիմնադրվել է 2007 թվին եւ նպատակ ունի խթանելու մշակութայինից բացի նաեւ գիտական եւ առեւտրական կապերը երկու քաղաքների միջեւ:
Հ. Ծ.