Դմիտրի Մեդվեդեւի հատկապես արտաքին քաղաքական գործունեության ակտիվացման ֆոնի վրա ոչ այնքան Ռուսաստանում, որքան դրսում հառնում է նույն հարցը` ինչքանո՞վ է ներդաշնակ գործում Պուտին-Մեդվեդեւ երկյակը: Անշուշտ երկիշխանությունը բնորոշ չէ Ռուսաստանի պատմությանը, սակայն առայժմ նշաններ չկան ենթադրելու երկու կողմերի շահերի, հակասության ու առավել եւս դրանց հակամարտության մասին:
Նախ ամեն ինչ բխում է ներքաղաքական ուժերի եւ պայմանավորվածությունների հավասարակշռության պարագայից: Եթե Մեդվեդեւը հենվում է պետության ղեկավարի սահմանադրական լայն լիազորությունների վրա, ապա Պուտինը վերահսկում է գերագույն գործադիր եւ օրենսդիր մարմինները: Բացի այդ, ըստ երեւույթին գործում են նաեւ որոշ բարոյական նորմեր, թեեւ ընդունված է մտածել, որ ազնվությունն ու քաղաքականությունը անհարիր հասկացություններ են: Մեդվեդեւն իր կարիերայով, ինչպես խորհրդային տարիներին էին ասում, ամբողջովին ու լիովին պարտական է Պուտինին եւ ամենայն հավանականությամբ դրսեւորում է իր հարգանքը նրա նկատմամբ: Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների, Պուտինին այսօր վստահում է բնակչության 55, Մեդվեդեւին` 40 տոկոսը:
Եվս մի պարագա, որը էապես նպաստում է երկյակի ներդաշնակ աշխատանքին: Երկրի ներքաղաքական կայուն վիճակը, կենսամակարդակի բարձրացումը եւ վերջին շրջանի մարզական ու մշակութային հաջողությունները շեշտակի բարձրացնում են ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության ու հատկապես հայրենասիրության մակարդակը:
Կարելի է բերել «հայրենասիրություն» հասկացության բազում վերծանումներ: Սակայն բազմիմաստ տարբերակումների մեջ առանձնացնենք մի հանգամանք, որը խիստ բնորոշ է ներկա Ռուսաստանին. խոսքը վերաբերում է պետական իշխանության ու նրա ղեկավարների նկատմամբ հարգանքի ու հավատի վերականգնմանը, որը բացառապես Պուտինի ծառայությունն է: Մարդիկ սկսել են հպարտանալ, որ ծնկի եկած պետությունը ոտքի է կանգնել, որ նրա երկու առաջին դեմքերն իրենց մտավոր ու գործնական կարողությամբ, պահվածքով, կեցվածքով, գործելակերպով ստիպում են իրենց հետ հաշվի նստել նաեւ համաշխարհային մակարդակով:
Ցավոք, Հայաստանի ներկա իշխանությունը նախորդից չժառանգեց ժողովրդական վստահության ու աջակցության նման լիցք: Թե ինչ արդյունքի կհասնի նա առաջիկայում, ոչ ոք չի կարող ասել: Միեւնույն ժամանակ, տեղի ընդդիմության նկատմամբ համակրանքը սոսկ հետեւանք է չարիքի փոքրագույնի ընտրության: Եվ այս պայմաններում դժվար է խոսել հայրենասիրության ու առավել եւս նրա վերելքի մասին: Մինչդեռ Հայաստանին շատ կօգներ այդ զգացումի վերածնունդը:
Ընդունված է ասել, որ հայաստանցին ավելի շատ դժգոհ է երկրի անարդար իրողություններից: Ասել, թե Ռուսաստանում արդարացի համակարգ է ստեղծվում, նույնպես ճիշտ չի լինի (ի դեպ, Մեդվեդեւը հիանալի է հասկանում, օրինակ, որ իր վարկանիշը շեշտակի կբարձրանա, եթե արդյունքի հասնի հրեշավոր կոռուպցիայի դեմ պայքարում): Բայց, այդուհանդերձ, Ռուսաստանում չկա բարոյահոգեբանական խոր անկման այն իրավիճակը, որ բնորոշ է Հայաստանին, որից վերջինս շնչահեղձ է լինում:
Ռուսն այսօր լավատես է դարձել, սկսել է, ինչպես ասվեց, հպարտանալ իր երկրով, պետությամբ, նրա ղեկավարներով: Եվ այս տրամադրվածությունը, խթանելով մեծ հայրենասիրություն, չեզոքացնում է ընդդիմության ընդվզումները, զրկում նրա գործողության հիմքից: Պուտինին Պետդումայում վարչապետ ընտրելիս քվեարկելով նրա թեկնածության դեմ, կոմունիստները դարձան սոսկ զավեշտի առարկա:
Հայաստանից ստացվող «ամփոփագրերը» վկայում են, որ դեռ շուտ է խոսել երկրի ղեկավարության եւ պետության հանդեպ վստահության ստեղծման մասին: Ընդդիմությանն էլ դուր են գալիս սոսկ ներկա իշխանությունների «հակաժողովրդական» էության բացահայտումները, թեեւ ոչ ոք վստահ չէ, թե չի կրկնվի ՀՀՇ-ի պատմությունը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե որեւէ «երկյակ» համագործացություն այստեղ բացառվում է: Ու թերեւս իրավացի են շատ մոսկվացի հայեր, որոնց կարծիքով իրադրությունը կարող է փրկել մի երրորդ անձ, երրորդ մի ուժ, երրորդ մի ուղղություն, որը հենվելով առողջ հայրենասիրության վրա, երկիրը դուրս կբերի փակուղուց:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա