Հակահայ հիստերիան ադրբեջանցիների մեջ, կարելի է ասել, ֆանտաստիկ չափեր է ընդունում: Քարոզչական տեխնոլոգիաների կիրառման նոր դրսեւորումներն ուղղակի ապշեցուցիչ են, եւ դրա մի ակնառու օրինակը լուսանկարային խեղաթյուրումներն են, այս եւ հերթական անգամ` Խոջալուի 16-ամյա վաղեմության դեպքերի շուրջը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մի ուշագրավ բացահայտում է արել ադրբեջանական քարոզչական հնարքների կապակցությամբ: Այսպես, պարզվել է, որ հարեւան երկրում հիմա էլ փորձում են միջազգային հանրությանը մոլորեցնել` կայքէջերում տեղադրելով կեղծ լուսանկարներ: Մասնավորապես, Խոջալուի մասին ադրբեջանական www.khojaly.org կայքէջում տեղադրվել էր նման լուսանկար, որը հետո հանվել է: Իսկ ահա «Հեյդար Ալիեւի հիմնադրամ» /www.azerbaijan.az/ կայքէջում դեռեւս շարունակում է մնալ:
Ինչպես նշվում է ԼՂՀ արտաքին գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այդ լուսանկարի քարոզչական արժեքն այն է, որ առաջնային պլանում քաղաքացիական անձանց դիակների հետնամասում երեւացող ինչ-որ բնակավայրի ծայրամասը ճշմարտացիություն է հաղորդում Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների տարբերակին: Մինչդեռ վերոհիշյալ լուսանկարի գունավոր տարբերակը միանգամայն հերքում է այդ վարկածը` զոհվածների արտաքին տեսքի, նրանց հագուստի եւ այլնի առումով: Իրականում այդ լուսանկարը անմիջականորեն առնչվում է Կոսովոյի հետ: Հենց այդ որակով, բազմաթիվ այլ լուսանկարների հետ այն տեղադրվել կամ հիշատակվում է սերբական, ալբանական, գերմանական, ինչպես նաեւ «Նյու Յորք թայմս» հեղինակավոր պարբերականի կայքէջերում:
Խոջալուի դեպքերին «Ազգը» քանիցս անդրադարձլ է` վկայակոչումներ անելով թե՛ դրանց իրական բնույթի եւ թե՛ որոշ մանրամասների վերաբերյալ: Հատկանշականն այն համառությունն է, որով հարեւան երկրում ձգտում են սուտն անընդհատ կրկնելով` ճշմարտության տեսք տալ դրան: Բայց նաեւ ադրբեջանական առածն է հաստատում` ստի ոտքերը կարճ են լինում, մանավանդ, եթե ոտքերը երկարացնելու համար միս ու արյուն չկա: Ստույգ դեպքում` սուտը ոտքեր էլ չունի: Ակնհայտ է մի բան` Ադրբեջանում հիմնավոր փաստարկներ չեն գտնում «Խոջալուի ողբերգությունում» հայկական ձեռագիր հայտնաբերելու համար, այլապես դրանք կհրամցվեին ամենատարբեր միջազգային հասցեներով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ