«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2008-07-08 | #130, 2008-07-09 | #131, 2008-07-10


«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՊԸ» ԳԵՐԻՇԽՈՂՙ ՍԱՌԵՑՎԱԾ ՁԿՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մի շարք շուկաների ուսումնասիրության արդյունքները ուղարկվեցին հարկային պետական ծառայություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկեց մի շարք շուկաներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցից առաջինը «սառեցված ձկների» շուկան էր, որի մեջ մտնում են խամսա, մոյվա, խեկ եւ մի քանի այլ ձկնատեսակներ: Այս շուկայում 2006-ին գերիշխող դիրք ուներ «Մալիկա» ընկերությունը, որը զբաղեցնում էր այս շուկայի ավելի քան 95 տոկոսը: Սակայն 2007-ի մարտին տնտեսական դատարանի վճռով «Մալիկան» ճանաչվել է սնանկ, ինչն էլ պատճառ է դարձել այս շուկայում նոր ուսումնասիրությունների անցկացման համար:

Հանձնաժողովի ներկայացուցչի ներկայացրած տվյալների համաձայն, 2007-ին ամբողջությամբ փոխվել է սառեցված ձկների շուկայի որակական եւ քանակական կազմը, որտեղ նախկին 7 ընկերության փոխարեն սկսել են գործել 12 ընկերություններ: Իրացման ծավալները գրեթե 12 անգամ պակասել են 2005-ի համեմատ, իսկ ուսումնասիրության արդյունքներով շուկայում ամենամեծ բաժինը ձեռք է բերել «Սալեքս գրուպը»ՙ 46,5 տոկոսը: Այս ընկերությունը երկու այլ ընկերությունների հետ զբաղեցնում է շուկայի 72 տոկոսը: Ուսումնասիրության վերոնշյալ տվյալները հիմք ընդունելով, հանձնաժողովը որոշեց գերիշխող դիրք ունեցող ճանաչել «Սալեքս գրուպին», գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանից հանելով «Մալիկային»:

Ի տարբերություն սառեցված ձկների շուկայի, թթվասերի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Աշտարակ-կաթը» շարունակեց պահպանել իր դիրքերը: Հանձնաժողովի այս տարվա ուսումնասիրության արդյունքներով, Հայաստանում թթվասեր են արտադրում 18 կազմակերպություններ, բայց իրացման առավել մեծ ծավալներ ունեն միայն 3-ը: Դրանք են «Աշտարակ-կաթը»ՙ 59 տոկոս, «Դուստր Մարիաննան»ՙ 17 տոկոս եւ «Թամարան»ՙ 8,5 տոկոս: Այդ երեք ընկերությունները միասին զբաղեցնում են շուկայի գրեթե 85 տոկոսը:

Թթվասերի շուկայի ուսումնասիրության արդյունքներից նաեւ պարզվեց, որ ըստ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների, 2007-ին 1 շունչը տարեկան սպառել է 450 գրամ թթվասեր: 2004-ին այդ ցուցանիշը կազմել էր 200 գրամ: Չնայած երեք տարիների ընթացքում ներկայացված ցուցանիշների աճին, այնուամենայնիվ ակնհայտ է, որ սպառման ծավալները չեն արտացոլում իրական պատկերը: Ուստի հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության ցուցանիշներն ուղարկել հարկային պետական ծառայություն:

Հանձնաժողովը երեկ քննարկեց եւ որոշեց դադարեցնել «Մառնիկ» ընկերության դիմումի համաձայն հարուցված վարույթը: Վերջինս, որպես Հայաստանի ֆիննական կարագ ներմուծող, հանձնաժողովին հայտնել էր, որ շուկայում որպես ֆիննական կարագ վաճառվում է անհայտ ծագում ունեցող կարագ: Սակայն այդ տեղեկատվությունը հիմնավորող նյութեր ընկերությունից այդպես էլ չտրամադրվեցին հանձնաժողովին:

Աղի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ավանի աղի կոմբինատ», գաջի շուկայումՙ «Գաջ» եւ ցեմենտի շուկայումՙ «Արարատցեմենտ» ընկերությունները դիմել էին հանձնաժողով` տեղեկացնելով, որ մայիսի 1-ից գազի սուբսիդավորման վերացումից հետո իրենք հարկադրված են բարձրացնել իրենց արտադրանքի գները: Ընկերությունների հաշվարկները եւ փաստերը հանձնաժողովի մասնագետները համարեցին տնտեսապես հիմնավորված: Միաժամանակ, ընկերությունների արտադրանքի բացթողման գների եւ շուկայում իրացման մանրածախ գների տարբերությունների եւ միջնորդ օղակի գների անհամաչափ բարձրացման փաստերի մասին հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքները որոշեց ուղարկել հարկային պետական ծառայություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4