Երուսաղեմի հայոց պատրիարքարանը ձեռնարկել է թվայնացնել եւ հաջորդող սերունդների համար պահպանել համայնքի անդամների ավելի քան մեկուկես դար ձգվող տոհմաբանական տվյալները, որոնք ցարդ գտնվել են երեք խունացած «տոմարների» մեջ, տեղեկացնում է Արթուր Հակոբյանը Երուսաղեմից:
Թվայնացման աշխատանքները հանձն է առել ճանաչված լուսանկարիչ Կարո Նալբանդյանը: Այսուհետեւ CD-ROM-երի վրա իրենց վերջնական հանգրվանը կգտնեն անցած 170 տարիների ընթացքում տեղի ունեցած ծնունդների, հարսանիքների եւ թաղումների տվյալները:
Հայերը Երուսաղեմում ապրել են նույնիսկ քրիստոնեությունից առաջ, սակայն դժբախտաբար այդ մասին փաստաթղթեր չեն պահպանվել: Ըստ հաղորդագրության, ծրագրի իրականացման մեջ իրենց լուման ունեն «Քաղաքացի հայերի տոհմաբանական ծառ» կազմակերպությունը, որը վերջերս լուրջ աշխատանքներ է կատարում մոռացությունից փրկելու անցյալի ժառանգությունը այդ հինավուրց քաղաքում:
Պատրիարքարանի աղբյուրները հայտնում են, որ ցարդ կարողացել են տեղեկություններ հավաքել համայնքի 2400 անդամների վերաբերյալ: «Հսկայական աշխատանք կա դեռ անելու, բայց մենք կարիք ունենք Նորայր արքեպիսկոպոս Բողարյանի նման մի նվիրյալի, որ տարիներ շարունակ տքնեց պատրաստելու Սբ. Հակոբ վանքի հազարավոր ձեռագրերի ամբողջական կատալոգը», նշում են այդ աղբյուրները, հույս հայտնելով, որ սկսված շնորհակալ գործը կկարողանան հասցնել իր տրամաբանական ավարտին:
Հ. Ծ.