ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ծաղկաձորից Երեւան դարձի ճանապարհին միտքս զբաղված էր օրվա տպավորությունների վերադասավորմամբ, ավելի ճիշտՙ բաղդատմամբ: Լրագրային մեր դաշտում ընդունելի կամ կիրառվող չափանիշները երբեմն տեսնում ես, թե որքան վնասում են հանրային մեր կյանքը, երբ դիտարկումներ առհասարակ չեն արվում, կամ երբ դրանք ինքնահնար, պարզունակության աստիճանիՙ հանրային մեր կյանքից չսնվող, դրա հետ կապ չունեցող արձանագրումներ են լոկ: Վերաբերմունք-գնահատականը ինչպես ժամանակի, միջավայրի, այդպես էլ առանձին անհատի հանդեպ երբ չի համարժեքվում, անիրական, անկյանք է, ազդեցությունից զուրկ եւ հակառակ պարագայումՙ վարակիչ, կենարար: Մտքիս մեջ էին Երվանդ Ազատյանիՙ Ծաղկաձորում իր գնահատման երեկոյին ասված խոսքերը. «Եթե ոեւէ մեկը կըսե, թե գնահատանքը, պատիվը չի սիրեր, վստահ եղեք, որ այդ մարդը անկեղծ չէ: Ամենահամեստ մարդն ալ կսիրե, որ գնահատվիՙ երեխայեն սկսյալ մինչեւ 80-ամյա մարդը, եթե գործ մը կատարած է, նույնիսկ եթե գործ մը չէ կատարած: Այս գնահատանքը, որ կու գա հայրենի հողի վրա գրչակից եղբայրներու, քույրերու կողմեն, շատ ավելի հոգեհարազատ է. վստահ եմ, որ անկեղծ է»:
Մարդկային է ու այդպես է: Մեր կյանքն անցնում է պայմանականությունների մի ահռելի շղթայի միջով ու կարեւորը ճշմարտության մի հանգրվանի հասնելն է, ուստի պայմանականություններից անդին, խորքը թափանցելն է էականը, ապրել ինքնաստեղծագործումի իրական ճանապարհ, ու գնահատանքը չի հապաղում, բնավ չի հապաղում: Սա ըմբռնում ես, երբ հոգեւոր գիտակցական կյանքի ճանապարհին եսՙ ներքին կենսագրություն ու նկարագիր ձեւավորելիս, արտաքին աշխարհի պայմանականությունների հանդեպ վերապահումով:
Երբ Գրողների միության նախագահը ընթերցում էր Երվանդ Ազատյանի կենսագրականը, որից հետո մարդիկ այդ կենսագրության հանդեպ իրենց վերաբերմունքն էին արտահայտում, մտածում էի, որ այս հարուստ կենսագրությունը գնահատանքի հոգեւոր հաշվեմատյանում իր վարձքն արդեն իսկ ապահովել է: Իհարկե, կյանքն էլ նրան գնահատվելու առիթներ ընձեռել է, ինչպես արտերկրում, նաեւՙ Հայաստանում: Ծաղկաձորում իր մասին ասված խոսքերն արժեքավոր էին, որովհետեւ այդ ապրած կյանքին ու գործին համարժեք էին եւ գիտակցված: Դրանց առարկայական դրսեւորումները մեդալների տեսքով իր ստեղծած կենսագրության ածանցյալ նշաններն են, որպես արտաքին հիշողություն: Դրանք այդ օրը երեքն էինՙ Գրողների միության գրական վաստակի համար մեդալը, մշակույթի նախարարության ոսկե մեդալը եւ Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը: Եվ դեռ տրվելիքները:
Կյանքի ճանապարհի անկյունաքարը մարդու սեփական ընտրությունն է: Երվանդ Ազատյանը մտավորական է: Ստեղծագործ մտքի կյանքով ապրող, ներքին անհանգստություններով, սեփական փորձն իմաստավորող մարդ է նաՙ ազգային ու հանրային մտահոգություններով, աշխարհընկալման ուրույն, անհատական կերպով: Տեսնողի, վերլուծողի, քննողի, համադրողի հոգեւոր զգացողություններն ու համակողմանի գիտելիքները, հետաքրքրությունների բազմազանությունն ու արթուն վերաբերմունքը, ահա այս հատկանիշներն են ձեւավորել իր կյանքի ուղին, ստեղծել հագեցած մի կենսագրություն: Ճակատագրի կամոք, ինչպես սփյուռքի մեր լավագույն մտավորականներից շատերը, Եր. Ազատյանն էլ ծնունդով Լիբանանից է: Սովորել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, ապա ուսումը շարունակել անգլիական եւ ամերիկյան համալսարաններում: Եղել է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի փոխխմբագիրը եւ «Զարթօնք-Սփորի» հիմնադիր խմբագիրը, անգլիատառ «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագրակազմի անդամ է, հիմնադիրներից է Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի եւ Երեւանի «Ազգ» օրաթերթերի: Հեղինակ է 5 գրականագիտական եւ հրապարակախոսական գրքերիՙ «Կեանք ու երազ Հայաստան», «Գրական-գեղարուեստական սեւեռումներ», «Դիտումներ եւ դատումներ», «Portraits and Profile», «History on the move»: ՀՀ մշակույթի նախարարության սփյուռքի գծով խորհրդական է, Ամերիկայի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության փոխատենապետն է, «Ալեք եւ Մարի Մանուկյան» հիմնադրամի ատենապետը: Ստացել է բազմաթիվ պարգեւներ, նաեւ ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» շքանշան, Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Իհարկե, այս ճանապարհն ինքնին խոսուն է, բայց այլ բան է թղթին վավերացվածը, մեկ ուրիշ, երբ հաղորդակցվում-ճանաչում ես մարդուն անձնապես: Ազգային-եկեղեցական եւ հատկապես գրական-մտավորական հարցերի շուրջ ունեցած իմ մի քանի հանդիպում-հարցազրույցներն իր մասին ստեղծել են խոսքի փոխանցիկության իրական ապրումի պատկերացում, անկողմնակալ վերաբերմունք, սկզբունքային մոտեցումներ, տպավորվել եմ համաշխարհային մշակույթի իր իմացություններով, գեղագիտության պատկերացումներով, ոչ միայն դասական արվեստի, այլ նաեւ ամերիկյան, եվրոպական արդի մշակութային զարգացումների մասին, որի վկայությունը իր բազմաբովանդակ հետաքրքրություններն են, մոտից հետեւող մասնագիտական պրպտումները: Երվանդ Ազատյանի լեզվամտածողության, արվեստի փիլիսոփայության եւ էսթետիկայի հարցերի լավագույն դրսեւորումները գրականագիտության ասպարեզում են արվելՙ ի դեմս հինգ ծավալուն հատորների: Ազգային-քաղաքական եւ հանրային բազմազբաղությունը բնավ չի խոչընդոտել, հակառակը ներդաշնակվել է իր ներքին արվեստային էությանը: Լինելով գրականության հրաշալի տեսաբանՙ բարդ լեզվամտածողությամբ ու բառամթերքի հարուստ ներկայացմամբ, նա մասնագիտական մանրամասնությամբ է քննում գրողի, բանաստեղծի ստեղծագործական ընթացքի ամբողջությունը, զգայունՙ որքան բառի, պատկերի գեղագիտական արժեքներին ու չափանիշներին, նույնքանՙ բանաստեղծական առկա սիմվոլիկային, արվեստագետի ներհայեցողական աշխարհին ու ենթագիտակցական բարդ համակարգին: Իսկ ամենակարեւորըՙ թե՛ իբրեւ փայլուն հրապարակագիր, թե՛ գրականագետ, Եր. Ազատյանն իր մտածողական շառավիղը, գրչի հարվածները միջազգային խնդիրների ու մշակույթի հոլովույթներում է իրականացնում:
Անդրադառնալով ծաղկաձորյան հուլիսի 9-ի երեկոյին (որին ներկա էին գրողներ, մտավորականներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարարության վարչության պետ Կարո Վարդանյանը, հրապարակախոս Զորի Բալայանը)ՙ փորձենք ներկայացնել Երվանդ Ազատյան մտավորականի, ազգային քաղաքական գործչի, մարդու կերպարն ըստ արտահայտվողների:
«Սփյուռքի եւ Հայաստանի ազգային-հասարակական կյանքում առանձնահատուկ դեր ու կշիռ ունեցող երեւույթ, որ թողել է հրաշալի հետքեր: Հայրենասեր հայ, նվիրյալՙ մեր երկրին ու ժողովրդին, նրա տագնապները, հրճվանքները կիսող մարդ» (Լեւոն Անանյան, ՀԳՄ նախագահ):
«Անձնավորություն, որի հեղինակած հոդվածներն իրապես հրապարակախոսական գոհարներ են, որ լույս են տեսնում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի այն երկրների պարբերականներում, ուր ապրում են մեր հայրենակիցները, որոնց ոչ միայն աշխատակցում է Երվանդ Ազատյանը, այլեւ որոնց հիմնադրման ստեղծման մեջ բացառիկ դերակատարում ունի: Այդ օրաթերթերի թվում է նաեւ «Ազգը»:
ԹՄՄ-ն ունի բազում պարգեւներ, բայց առանձնահատուկ է «Ադամանդակուռ Արարատը», որով այս տարիներին պարգեւատրվել են 15-ըՙ Ամենայն հայոց կաթողիկոս, բարոնուհի Քերոլայն Քոքս, Շառլ Ազնավուր... Ահա այս պարգեւին արժանանում է նաեւ Երվանդ Ազատյանը: ԹՄՄ-ն ունի ամենամյա մրցանակաբաշխություն գրականության, արվեստի, գիտության բնագավառում, չլիներ Եր. Ազատյանը, այդ մրցանակաբաշխության անցկացումը կլիներ անհնար: Նա այս բոլոր տարիներին գրականության ասպարեզի մրցանակաբաշխության նախագահն է» (Ռուբեն Միրզախանյան, ԹՄՄ նախագահ):
«Ինձի համար պաշտելի են այն մարդիկը, որոնք գրական տաղանդ ունենալով հանդերձ, աշխատանք կտրամադրեն ուրիշ տաղանդներու գրական գործերը զորացնելու համար: Քիչերն են ի վիճակի ասիկա ընելու: Ոմանք եթե միմիայն կգրեն, իսկ ուրիշները ոչ միայն կգրեն, այլ նաեւ կմտածեն մյուսներու գրականության մասին: Պոլսահայ գրողներսՙ Զարեհ Խրախունի, Զահրատ, ինքս, Իգնա-Սարը Ասլան առաջին անգամ ծանր պայմաններու մեջ արտասահմանեն ամենամեծ գնահատանքը գտանք «Ալեք եւ Մարի Մանուկյան» մշակութային հիմնադրամի կողմե կատարված մրցանակաբաշխություններուն մեջ: Հիմնված հրաշալի մարդու նախաձեռնումին եւ Երվանդ Ազատյանի աշխատանքի եւ ուրիշներու գրականության հանդեպ ունեցած գուրգուրանքին վրա» (Ռոբեր Հատտեճյան, գրող, «Մարմարա» օրաթերթի խմբագիր):
«Մի մարդ այդ հսկա քաղաք Դետրոյթում, լինելով աջ բազուկն Ալեք Մանուկյանի, իր գրասենյակում աշխարհով մեկ հաղորդումներ էր տալիս հայության, նրա ապագայի, Ղարաբաղի մասին: Երբ Հայաստանը անկախացավ, «Ազգ» օրաթերթը Երեւանում Երվանդի շնորհիվ հիմնադրվեց, նաեւ այնպիսի կարկառուն խմբագրի, ինչպիսին Հակոբ Ավետիքյանն է» (Զորի Բալայան, հրապարակախոս):
«Այս տարիների ընթացքում Երվանդ Ազատյանը իր հոդվածներով, գրքերով ստեղծել է ամբողջական աշխարհայացք, ցուցաբերել հետեւողական, կազմակերպված մեթոդական մոտեցումՙ սփյուռքի եւ Հայաստանի վերջին 50 տարիների եկեղեցական, գրական, մշակութային, հասարակական անցուդարձերի մասին: Եվ այս գործունեության մեջ կարեւորն իր ազնվությունն է, անկեղծ մոտեցումը մեր ներքին հարցերին. մենք մեզ չխաբենք, ունենք շատ մեծ պրոբլեմներՙ լինի դա Հայաստանում, թե սփյուռքում, եւ նա ունեցել է խիզախ կեցվածք եւ դիրքորոշում եւ չի շեղվել իր սկզբունքներից: Երվանդ Ազատյանը զարմանալի ընդարձակ մտահորիզոն ունի, իր ընդհանուր զարգացումը ես համարում եմ ֆենոմենալ: Ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականության, մշակույթի խոշոր գիտակ է, հոյակապ գիտի միջազգային գրականության մեթոդոլոգիան, տեսությունը: Այս ամենով հանդերձ, շատ համեստ մտավորական է, համեստ գործիչ: Այստեղ խոսվեց «Ալեք եւ Մարի Մանուկյան» հիմնադրամում իր կատարած գործունեության մասին: Բայց քչերին է հայտնի, որ Միչիգանի համալսարանի երկուՙ հայոց պատմության եւ լեզվի ամբիոնների ստեղծման ժամանակ ինքն է բանակցություններ վարել համալսարանի տնօրենության հետ:
Նա հայտնի եւ ոչ հայտնի մեթոդներով, հեռատեսորեն, մեր մշակույթի մտահոգությամբ իր կարելին արել է հայագիտության զարգացման համար: Ես համոզված եմ, որ Երվանդի համար սա նշանավորում է նոր էտապ, նոր սկիզբ իր հետագա գործունեության» (Գեւորգ Բարդաքչյան, Միչիգանի համալսարանի հայ գրականության եւ լեզվի ամբիոնի վարիչ):
Մտավորական հայի կերպարը, թերեւս, ամբողջացնի Լիբանանից Համբիկ Մարտիրոսյանի համեմատության թեքեյանական այս տողերը. «Կյանքեն ինձի ինչ մնաց/Ինչ-որ տվի ուրիշին/Տարօրինակՙ այն միայն»: