Վերջերս «Chess» շախմատային ակադեմիայի նախաձեռնությամբ Ջերմուկում անցկացվեց պատանեկան շախմատի միջազգային մրցաշար տարիքային երեք խմբով: Եվ ահա մեկնարկում է մեկ ուրիշ մրցաշար` «Սեւանա լիճ 2008», որի կազմակերպիչը կրկին շախմատային ակադեմիան է: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է 2005-ից: Այս տարի մրցաշարը տեղի կունենա Մարտունիում: Մրցաշարին կմասնակցեն 10 ուժեղագույն երիտասարդ շախմատիստներ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 13-րդ կարգի է: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի այս տարվա առաջնությունը 11-րդ կարգի էր:
Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Հայաստանից կմասնակցեն Արման Փաշիկյանը (2564), Ավետիք Գրիգորյանը (2537), Զավեն Անդրեասյանը (2533), Հրանտ Մելքումյանն (2507) ու Սամվել Տեր-Սահակյանը (2480): Մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի վրաց շախմատիստ Լեւան Պանցուլայան (2607): Նրան հաջորդում են չին շախմատիստ Ջիանչաո Ժոուն (2604), բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն (2583), եգիպտացի Ամին Բասեմը (2561) եւ գերմանացի Գեորգ Մեյերը (2556): Մեկնարկային տուրում կմրցեն Բասեմ-Փաշիկյան, Ժիգալկո-Տեր-Սահակյան, Ժոու-Պանցուլայա, Գրիգորյան-Անդրեասյան, Մելքումյան-Մեյեր զույգերը:
Անցած տարի եւս մրցաշարին մասնակցեց 10 շախմատիստ: Անցած տարվա կազմից Մարտունիում հանդես կգան միայն Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը: Փաշիկյանը 5 միավորով 5-րդ տեղն էր զբաղեցրել: Նրանից կես միավորով պակաս էր վաստակել Հրանտ Մելքումյանը` գրավելով 6-րդ տեղը: Իսկ Ավետիք Գրիգորյանը 3,5 միավորով զբաղեցրել էր 9-րդ տեղը: Հաղթող էր ճանաչվել ուկրաինացի Յուրի Վովկը, որը հնդիկ շախմատիստ Գոպալի եւ չին Չաոյի հետ վաստակել էր 5,5 միավոր եւ նրանց գերազանցել լրացուցիչ գործակիցներով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ