«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2008-07-10 | #132, 2008-07-11 | #133, 2008-07-12


ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԷՐ ՎՐԱՑԻ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Մոսկվայի մարզի տարածքային վարչության գործողությունը խափանելու ռուսաստանաբնակ վրացի օրենքով գողերի հանցահավաքը մերձակա գետերից մեկում «խաղաղ» լողարկող սրճարանում: Դժվար է ասել, միլիցիոներների այս նախաձեռնությունը մտնո՞ւմ էր Ռուսաստանում ծավալված հակավրացական քարոզարշավի մեջ, թե ոչ:

Գեղարվեստական տեսակետից հատուկ ծառայության մարտիկների վայրէջքը ուղղաթիռից նավի տանիքին տպավորություն էր գործում: Նվազ արդյունավետ չէին նաեւ մոտ չորս տասնյակ գողերին հատակին պառկեցնելը կամ ձեռքերը ծոծրակներին շարքի կանգնեցնելը: Սակայն բոլոր հեռուստաալիքներն ու թերթերը միաժամանակ ընդգծում էին, որ այդ անձանց դժվար է մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք անձամբ չեն մասնակցում հանցագործությունների կատարմանը: Այդ պատճառով էլ նման «տպավորիչ» գործողություններն ավելի շուտ դիտվում են որպես նախազգուշացնող կամ սոսկ ահաբեկող:

Գուցե Վրաստանում օրենքով գողերի դեմ պայքարը, որ հռչակել է նախագահ Սաակաշվիլին, արդյունք է տալիս: Սակայն Ռուսաստանում այդ գերազանցապես վրացա-հայկական քրեական «ինստիտուտը» իրեն այնքան էլ վատ չի զգում: Կոռուպցիոն պետությունում դյուրությամբ լեգալացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը, օրենքով գողերը դառնում են «օրինակելի» ձեռնարկատերեր, բիզնեսմեններ եւ նույնիսկ, ինչքան էլ արտառոց հնչի, բարեգործներ:

Եվս մի պարագա, որ նպաստում է այդ քրեական «ընտրախավի» գոյատեւմանը. գործող իշխանություններն ըստ անհրաժեշտության նրանց հաճախ են օգտագործում քաղաքական նպատակներով:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4