«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2008-07-12 | #134, 2008-07-15 | #135, 2008-07-16


ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Երեկ գրողների տան դահլիճում բեյրութահայ գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը հիշեց 1967-ի մի խոսակցություն, երբ «Շիրակ» ամսագրի իր խմբագրապետը, սփյուռքահայ առաջին սերնդի մտավորականնեից Օննիկ Սարգիսյանն ասել է. «Հիմա ես ձեզի հետ եմ, մի քանի տարի հետո կրնամ չըլլալ: Հարյուր գիրք խմբագրած եմ, բայց ես գիրք չեմ գրած: Չձգեք իմ ժառանգությունս»: Անցել է երեք տասնամյակ: Օննիկ Սարգիսյանի մասին սփյուռքի եւ արմատներով արեւմտահայ մեր հայաստանաբնակ մտավորականների բազմաթիվ գրություններում կարդացել ենք որոշ կարծիքներ: Բայց ահա Բեյրութում վերջերս լույս տեսած նրա «Գրաքննադատական երկեր» ու «Գիր եւ ճանապարհ» երկու հրաշալի հատորներն ամբողջացնում են նրա գրական գործունեությունը եւ պատկերացում տալիս իր մարդկային նկարագրի մասին: Ա հատորը կազմել, խմբագրել եւ առաջաբանը հեղինակել են Արամ Սեփեթճյանը եւ Ազատ Եղիազարյանը, գրքի տպագրությունը հովանավորել են հեղինակի հարազատները: Ա հատորի չորս բաժիններն ամփոփում ենՙ Գրականագիտական ակնարկներ, Դիմանկար եւ փորձ, Գրադատություն, Գրական ակնարկներ եւ ճշդումներ խորագրերը: «Գիր եւ ճանապարհ» Բ հատորը (խմբագիր եւ կազմող Արամ Սեփեթճյան) բաղկացած է պատմվածքներից եւ արձակ էջերից, դիմանկարի փորձերից, գրական, մշակութային էջերից եւ հոդվածներից:

Սասունի Մաղենք գյուղում 1914-ին է ծնվել Օննիկ Սարգիսյանը, եղել Մելգոնյան հաստատության սանՙ աշակերտելով Հակոբ Օշականին, Վահան Թեքեյանին: Ուսուցչություն արել է Հալեպի եւ Քեսաբի հայկական վարժարաններում, կազմել դասագրքեր: Բեյրութում եղել է ՀԲԸՄիության Դեմիրճյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, անդամակցել է ԹՄՄ վարչությանը, եղել է ատենապետ: Տարիներ շարունակ վարել է «Շիրակ» գրական ամսագրի խմբագրապետի պաշտոնը: Իր գործունեությամբ ստեղծել է ինքնատիպ մտավորական մթնոլորտ, որում կրթվել են սերունդներ, «Շիրակի» շուրջը համախմբել է գրական տաղանդներին, բեյրութահայ մտավորական սերուցքին:

Օննիկ Սարգիսյանի երկհատորյակի առիթով երեկ գրողների տանը տեղի ունեցավ հանդիպում: Սուրեն Դանիելյանի ներածականին հաջորդեց Կարպիս Սուրենյանի խոսքը, որ հիշեց անցյալի համատեղ տարիները Մելգոնյան կրթարանում, վարժարանական մթնոլորտը, որտեղ ձեւավորվել էին գիտակցական, մտածողական որոշակի վիճակներ, վերաբերմունք ու գնահատական: 1946-ից Սուրենյանը ներգաղթում է Հայաստանՙ հանդիպելով խորհրդային մութ ու դժնի բազում խութերի, անցյալիՙ իր համար լուսավոր մոլորակը մնաց փակՙ խորհրդային կարծր վարագույրից անթափանց. «Այս հատորներից կարելի է հասկանալ, թե ինչպիսի գրական գործունեություն է տեղի ունեցել այդ շրջանում, եւ «Շիրակը» ինչ դեր է կատարել: Այս գրքերի շնորհիվ ապագայի պատմաբանը պատկերացում կարող է կազմել ժամանակի գրական միջավայրի մասին»: Սարգիսյանի գրական ժառանգությանն անդրադարձավ նաեւ Նորայր Ադալյանը : Բարեկիրթ ու ազնվաշուք հայերենով արտահայտվեց կոմպոզիտոր, խմբավար Սեպուհ Աբգարյանը ՙ գնահատելով նրա գիտակից, բարձր մշակութային ու մտավոր ավանդապահությունը: Նմանապես Երվանդ Ազատյանը ներկայացրեց Օննիկ Սարգիսյանին որպես սասունցուն բնորոշ կամային ոգով օժտված մարդու, արտաքին եւ հոգեկան բարեմասնություններով օրինակելի անձնավորության, գրական, թատերական ճաշակ եւ հմտություն սերմանած ուսուցչի:

Տարիների ընթացքում սփյուռքի մամուլի էջերում ցաքուցրիվ ժառանգության այս ամփոփումը հիրավի հոգու պարտք է, որ արժանապատվորեն կատարել է Արամ Սեփեթճյանը եւ գնահատելի է, որովհետեւ ինքըՙ Օննիկ Սարգիսյանը, ինչպես ներկաներն ասացին, իր գործերի հանդեպ անփույթ ու անտարբեր է եղել: Նրա երկհատորյակները արժանավոր տեղ կգտնեն հայ մշակույթի անդաստանում, որն, ինչպես Ա. Սեփեթճյանն ասաց. «Խորան մըն է, ուր կուգան իրենց պարտքը մատուցելու անսքեմ, անվեղարավոր մեր երախտավորները»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4