Ցանկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Հանձնաժողովի անդամը նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովն արդեն ավարտում է իր գործունեության առաջին` փաստահավաք փուլը եւ շուտով կանցնի երկրորդ` ստացված նյութերի ուսումնասիրման եւ վերլուծության փուլին:
ԲՀԿ-ական պատգամավորը եւս մեկ անգամ շեշտեց խորհրդարանական հանձնաժողովին արտախորհրդարանական եւ խորհրդարանական արմատական ընդդիմության մասնակցության կարեւորության մասին: Հանձնաժողովի օբյեկտիվությունը պահպանելու համար հանձնաժողովում որոշել են եւս մեկ անգամ դիմել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նրանք գոնե այս անգամ իրենց ներկայացուցիչներին գործուղեն հանձնաժողով:
Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենք նաեւ դիմել են ԵԽ գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին` հանձնաժողովում միջազգային փորձագետներ ընդգրկելու խնդրանքով, ինչի պատասխանը հույս ունեն շուտով ստանալ: Ակումբի հյուրը նկատեց, որ միջազգային նոր փորձագետների ներգրավումը ոչ միայն կնպաստի նրանց փորձի ներդրմանը իրենց աշխատանքներում, այլեւ կօգնի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ վստահության հաստատմանը:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, Արամ Սաֆարյանի խոսքով, ստեղծելու է փաստաթուղթ, որի վստահելիության ապահովման համար անհրաժեշտ է ընդդիմադիրների ներգրավումը հանձնաժողովում: «Փաստաթղթով քաղաքական գնահատական ենք տալու մարտի 1-2-ի դեպքերին, բայց մենք մեզնով չենք կարող փոխարինել դատական համակարգին: Որպեսզի մեր ստեղծած փաստաթուղթը վստահելի լինի եւ համերաշխ դարձնի հասարակությանը, հարկավոր է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մասնակցությունը մեր աշխատանքներին, հակառակ դեպքում, մեր ստեղծած փաստաթուղթը միշտ վիճարկելի կլինի հասարակության մեջ», ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստացել է բազմաթիվ նյութեր, մանրամասն շարադրանքներ, դիմում-բողոքներ քաղաքացիներից, ինչպես նաեւ հանդիպել են կալանավորվածներին, զրուցել նրանց հետ, կազմել արձանագրություններ: Մեծ ծավալի նյութերի ուսումնասիրության համար ԲՀԿ-ական պատգամավորը կարեւորեց միջազգային փորձագետների ներգրավումը, հետո էլ դիմեց ՄԻ պաշտպանին` խնդրելով նամակների եւ գրագրության ձեւով մասնակցությունը փոխարինել հանձնաժողովի աշխատանքներին անմիջական մասնակցություն ցուցաբերելով:
Արամ Սաֆարյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը` որակելով դիվանագիտական նախաձեռնություն: «Սա առիթ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներն ինչ-որ մի ֆորմատով շփվեն, մի բանից դա պիտի սկսվեր», ասաց նա եւ առաջարկեց հիշյալ հնարավոր հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի հովանու ներքո քննարկում հրավիրել` հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը գնահատելու համար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ