«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2008-07-15 | #135, 2008-07-16 | #136, 2008-07-17


ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ

Ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացվող վերոնշյալ վերնագրով հոդվածը տպագրվել է «Սանդի թայմս» թերթի հունիսի 29-ի համարում:

Լեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ազգային ծառայությունների 60-ամյակի առթիվ հրատարակել իր զեկույցն «այդ հիվանդ կառույցի» վերաբերյալ:

Վարչապետ Գորդոն Բրաունի առաջին հրամանագրերից մեկը նրան նախարար նշանակեց: Նրան շնորհվեց «Դենհամի լորդ Դարզի» ազնվական կոչումը: Նա 48 տարեկան է: Ծնվել է 1960 թվի մայիսի 7-ին Իրաքում, Օսմանյան Թուրքիայում 1915 թվի ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում: Մեծացել է ռուս ուղղափառ հավատի մթնոլորտում: Հաճախել է հրեական դպրոց, որտեղ կարգուկանոնը ամենաբարձր աստիճանի վրա էր:

Հայերենը սովորել է տանը: Եկեղեցում դպիր է եղել: Ինժեներ հայրը ակնկալել է, որ որդին կշարունակի իր մասնագիտությունը, բայց հիվանդանոցում մենինգիտից բուժող բժիշկը նրա ուղեղում սերմանում է բժիշկ դառնալու գաղափարը:

Քանի որ հայրը մտերիմ ընկերներ է ունեցել Իռլանդիայում, բժշկագիտական իր ուսումը 17 տարեկանից նա շարունակել է այնտեղ` Իռլանդիայում, հետագայում դառնալով միջազգային ճանաչման արժանացած վիրաբույժ Լոնդոնում: Ռոբոտների օգնությամբ վիրահատություններ կատարելու իր յուրահատուկ ոճի համար ընկերները շատ հաճախ նրան անվանել են «Ռոբո դոկ» (ռոբոտային բժիշկ):

Դուբլինում անցկացրած տարիները սկզբնական շրջանում մռայլ են եղել, անձրեւային եւ ցուրտ եղանակը ողորմելի տպավորություն է թողել: Բայց շուտով նա սիրահարվել է տեղանքին, որը պատել է նրան կենսուրախությամբ, որով բնորոշվում է նրա սիրալիր ու քաղաքավարի բնավորությունը: Այնտեղ նա հանդիպել է նաեւ իր ապագա կնոջը, բողոքական դավանանքով ատամնաբույժի դստերը` Ուենդիին: Տարբեր հարանվանությանց պատկանելու խնդիրները («մենք պետք է համապատասխան եկեղեցի գտնեինք եւ հայ հոգեւորական, որն օրհներ մեզ», հիշում է Արան) լուծելուց հետո նրանք ամուսնացել են 1991-ին:

Արա Դարզին բարեկիրթ է, խելացի, եռանդուն եւ նպատակասլաց: Ի հակադրություն Բրաունի մյուս նշանակումների (օրինակ` անվտանգության նախարար Ալան Ուեստի, առեւտրի նախարար Դիգբի Ջոնսի եւ արտգործնախարար Մարկ Բրաունի) նա ոչ մի անգամ անհարմար կացության չի մատնել իր «բոսին»: Ընդհակառակը, անցյալ նոյեմբերին նա «հերոսի կարգավիճակ» ստացավ, երբ փրկեց կյանքը Լորդերի պալատի անդամ, լորդ Բրենանի, որը կաթված էր ստացել մարդկային բեղմնավորման եւ սաղմնաբանության վերաբերյալ բանաձեւի բուռն քննարկումների հետեւանքով:

«Աչքիս պոչով տեսա, որ լավ չէ: Հանկարծ ուշաթափվեց: Մոռանալով որտեղ եմ գտնվում, նստարանների վրայով ցատկելով հասա նրան եւ բերանի շնչառության ու սրտամկանի սեղմումների միջոցով փորձեցի վերակենդանացնել: Մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես էլեկտրական սարքի միջոցով նա ուշքի եկավ: Շունչ քաշեցի: Դահլիճի մի անկյունում Յորքի արքեպիսկոպոսը աղոթում էր», վերհիշում է Դարզին:

Նա պատվավոր խորհրդատու վիրաբույժ է Լոնդոնի Ս. Մարիամ հիվանդանոցում, որտեղ ուրբաթ եւ շաբաթ օրերին առավոտյան վիրահատություններ է կատարում: Նա նաեւ «Իմպերիալ քոլեջի» պրոֆեսոր է եւ «Ռոյալ Մարսդեն» հիվանդանոցի ամբիոնի վարիչը: Շաբաթավերջի մնացած ժամերը նա նվիրում է իր կնոջը` Ուենդիին եւ երեխաներին` Ֆրեդիին եւ Նինային:

Պաշտոնն ստանձնելուց Դաունինգ Սթրիթում նա հստակ նշել է, որ եթե «հիվանդներիցս մեկը իմ կարիքն զգում է, ուրեմն ես առաջնահերթությունը տալու եմ նրան եւ գնալու եմ նրան տեսնելու»:

Անցյալ տարի նա առաջարկեց 150 պոլիկլինիկաները միավորել եւ դառնալ «սուպերվիրահատարաններ», աշխատել 24 ժամվա գրաֆիկով եւ անհրաժեշտության դեպքում դառնալ (թեկուզ մասամբ) մասնավոր «ձեռնարկություններ»: Դրանով նա օպտիմալացում էր իրականացնում ընտանեկան բժիշկների եւ խորհրդատու մասնագետների շրջանում: Առաջարկը սվիններով ընդունեցին: Դարզին «Սանդի թայմսում» դեմ արտահայտվող այդ բժիշկներին որակեց «դանդաղկոտներ», որոնք իբր պաշտպանելով իրենց «պրոֆեսիոնալիզմի սահմանները», դեմ էին բոլոր տեսակի առաջխաղացումներին:

Նրա սկզբունքների մեջ առաջնայինը նորարարությունն է: Հետո` խիզախությունը եւ անշուշտ մասնագիտական բարձր որակավորումն ու փորձառությունը:

Դարզիի առաջարկին լոնդոնյան 31 առողջապահական կենտրոններ դրականորեն են արձագանքել եւ արդեն ներկայացրել են սուպերվիրահատարաններ դառնալու իրենց ծրագրերը:

«Տեղայնացնել` որտեղ հնարավոր է, կենտրոնացնել` որտեղ անհրաժեշտ է» կարգախոսով նա ավելի բարձր պատասխանատվություն է դնում բժիշկների վրա եւ միաժամանակ մեծացնում բույժքույրերի դերը: Խորհուրդ է տալիս վերաբերվել հիվանդներին որպես հաճախորդների, որոնք իրավունք ունեն ընտրություն կատարելու բուժման որակի եւ վարձատրության հարցերում:

«Ես հավատացած եմ, որ բարեփոխումները ներքեւից պետք է սկսել, այնուհետեւ բարձրանալ վերեւ: Երբ հիվանդանոցի որեւէ բաժնում նորություն եմ ցանկանում ներմուծել, առաջին հերթին զրուցում եմ ուսանող բուժքույրերի, պրակտիկանտների հետ: Նրանք ավելի շուտ են տեսնում թերությունները», ասում է նա:

Դարզին բազում մրցանակներ է ստացել: 2002-ին մասնավորապես վիրաբուժության եւ ընդհանրապես բժշկագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների համար նրան շնորհվեց «ասպետի» կոչում: Իսկ 2003-ին նա վերջապես դարձավ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4