Այսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ:
«Բանանցին» ավելի ուժեղ մրցակից է բաժին հասել: «Զալցբուրգն» Ավստրիայի ուժեղագույն ակումբներից մեկն է, որին վերջին երկու մրցաշրջաններում մարզում էր իտալացի Ջովանի Տրապատոնին: Առաջին իսկ տարում նրա գլխավորությամբ «Զալցբուրգը» նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, իսկ անցած մրցաշրջանում գրավեց 2-րդ տեղը: Ընդհանուր առմամբ «Զալցբուրգը» չորս անգամ դարձել է Ավստրիայի չեմպիոն, նույնքան անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Նոր մրցաշրջանում թիմի ղեկը ստանձնել է Կո Ադրիանսեն:
«Զալցբուրգի» չորս ֆուտբոլիստներ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Ռենե Աուֆհաուզերը եւ Քրիստոֆ Լյայտգերը Ավստրիայի հավաքականի անդամներ են: Նիկո Կովաչը Խորվաթիայի հավաքականի ավագն է, իսկ Յոհան Ֆոնլանտենը հանդես է գալիս Շվեյցարիայի ընտրանում:
«Բանանցի» համար հերթական մեկնարկը 6-րդն է: 2003-ից թիմը մասնակցում է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարին: 2005-ին «Բանանցին» առաջին անգամ հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Երեւանում զիջելով Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (2-3), «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթեց 2-0 հաշվով ու մտավ հաջորդ փուլ: Անցած մրցաշրջանում «Բանանցին» բաժին էր ընկել շվեյցարական «Յանգ Բոյզը»: Երեւանում գրանցվեց ոչ-ոքի (1-1), իսկ ահա հյուրընկալվելիս «Բանանցը» պարտվեց խոշորՙ 0-4 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցն» աչքի չի ընկնում կայուն մրցելույթներով: Առաջնության ընթացքում մարզիչները հրաժարվեցին Արամ Հակոբյանի, Ռոմեո Ջենեբյանի ու Անդրեյ Չերեւկոյի ծառայություններից: Փոխարենը թիմ է հրավիրվել բելառուսցի Մաքսիմ Ցիգալկոն, որը հանդես էր գալիս Ղազախստանի «Կայսարում»: Ի դեպ, բելառուսցի հարձակվողի նորամուտը թիմի կազմում շատ հաջող էր: «Միկայի» հետ խաղում նա 2 գոլի հեղինակ դարձավ: Դժվար է իհարկե գուշակել, թե արդյոք կհաջողվի՞ հաղթահարել ավստրիական արգելապատնեշը:
«Արարատին» այսօր եւս դժվարին փորձություն է սպասում: Ճիշտ է, «Բելինցոնան» անցած մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբում եւ միայն անցումային խաղերում հաղթելով «Սանկտ Գալենին» (2-0, 3-2), իրավունք է ստացել այս տարի խաղալու բարձրագույն խմբում, սակայն թիմը բավական լավ համալրում է ստացել: Մասնավորապես «Ռոմայի» մի քանի ֆուտբոլիստներ վարձավճարով խաղում են շվեյցարական ակումբում, որն իտալական ակումբի դուստր թիմն է: «Բելինցոնան» գլխավոր մարզիչ Մարկո Շալիբաումի գլխավորությամբ ՈւԵՖԱ-ի գավաթի ուղեգիր է նվաճել որպես Շվեյցարիայի գավաթի եզրափակիչի մասնակից: Եզրափակիչում թիմը 1-4 հաշվով զիջել է երկրի չեմպիոն «Բազելին»:
Վերջին շրջանում արարատցիների ելույթները մտահոգում են թիմի երկրպագուներին: Եթե մեկնարկում «Արարատը» 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել, ապա վերջին 7 խաղում վաստակեց ընդամենը 8 միավոր: Ֆուտբոլիստների գործողություններում հոգնածություն է զգացվում, խաղային անկումն առկա է: Կհաջողվի՞ արդյոք արարատցիներին այսօր իրենց լավագույն հատկանիշները դրսեւորել: Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողություն ակնկալել:
Անկախացումից հետո «Արարատն» առաջինն էր, որ Հայաստանը ներկայացրեց եվրոգավաթներում: Ճիշտ է, նորամուտը հաջող չէր: 1994-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Արարատը» զիջեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին (0-3, 0-0): Իսկ ահա հաջորդ տարի գավաթակիրների գավաթի խաղարկությունում արարատցիները հաջողությամբ հաղթահարեցին լեհական ԳԿՍ-ի դիմադրությունը (0-2, 2-0, 5-4ՙ 11մ) եւ մտան երկրորդ փուլ: Դրանից հետո եւս երկու անգամ արարատցիները հաղթահարել են առաջին փուլի արգելքը:
Տարեց ֆուտբոլասերներն, իհարկե, լավ են հիշում «Արարատի» մրցելույթներն անցյալ դարի 70-ականներին, երբ մեր ֆուտբոլիստները հաջող էին հանդես գալիս նաեւ եվրոպական ասպարեզում: 1972-75-ին եվրոպական գավաթների մրցաշարերում անցկացրած 16 խաղերից 11-ում «Արարատը» հաղթել էր, 2-ն ավարտել էր ոչ-ոքի, կրել էր ընդամենը 3 պարտություն, խփել էր 37 գոլ, բաց թողել 15 գնդակ: Ամենամեծ հաջողությանը թիմը հասել էր 1974/75-ի չեմպիոնների գավաթի խաղարկությունումՙ հասնելով մինչեւ քառորդ եզրափակիչ: Իսկ ամենանշանակալին, իհարկե, Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակն էր շնորհիվ Արկադի Անդրեասյանի խփած միակ գոլի: Հուսանք, որ այսօր «Արարատն» արժանապատիվ խաղ կցուցադրի եւ կրկին կուրախացնի երկրպագուներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ