ՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: Իսկ 72-րդ րոպեին Կարեն Դոխոյանը ձեռքով խաղաց: 11 մ հարվածն անվրեպ իրացրեց Նիկոս Ֆրուսոսը: Ինչ խոսք, 0-1 հաշվով կրած պարտությունը «Փյունիկին» հնարավորություն է ընձեռում հուլիսի 23-ին Աբովյանում կայանալիք խաղում ձգտել ռեւանշի հասնելու եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու:
Այդ խաղում «Փյունիկը» հանդես եկավ հետեւյալ կազմով. Գրիգոր Մելիքսեթյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Կարեն Խաչատրյան, Արտակ Անդրիկյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (Վարդան Պետրոսյան, 80), Գեւորգ Ղազարյան, Արթուր Եդիգարյան (Հայկ Չիլինգարյան, 76), Տիգրան Ղարաբաղցյան (Արթուր Յուզբաշյան, 53), Նորայր Սահակյան:
«Կաունասի» ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթելով Անդորրայի «Սանտա Կոլոմային», գործնականում ապահովեցին հաջորդ փուլի ուղեգիրը: Նույնը վերաբերում է նաեւ «Գյոթեբորգին», որը մրցակցի դաշտում 5-0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյի «Մուրատային»: Նորամուտը հաղթանակով նշեցին «Լանելին» ու «Մոդրիչը»ՙ համապատասխանաբար պարտության մատնելով «Վենտսպիլսին» (1-0) ու Տիրանայի «Դինամոյին» (2-0):
Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Վալյուրի» նկատմամբ: Ֆիննական «Տամպերեն» էլ հաղթեց «Բուդուչնոստին» (2-1): Բաքվի «Ինտերի» եւ «Ռաբոտնիչկիի» մրցավեճում դարպասները մնացին անառիկ: «Արտմեդիան» հյուրընկալվելիս հաղթեց «Վալետային» (2-0): «Դյուդելանժ»-«Դոմժալե» խաղում 1-0 հաշվով հաղթեցին հյուրերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ