«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2008-07-16 | #136, 2008-07-17 | #137, 2008-07-18


ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին 9 տարով ազատազրկելու լուրը: Չարագուշակ տպավորություն էր թողնում հայկական ազգանունների թվարկումըՙ Չախմախչյան, Հովհաննիսյան, Առուշանով: Վերջին երկուսը դատապարտվեցին 8 եւ 7 տարով:

Գործի հանգամանքները հայտնի են բոլորին եւ իմաստ չունի վերադառնալ դրանց: Ապշեցնում է մի այլ պարագա: Պուտինի նախկին տնտեսական խորհրդական Անդրեյ Իլարիոնովը, նորերս հանդես գալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանով, բացեիբաց հայտարարեց, որ Անատոլի Չուբայսն իր գլխավորած «ՀԸԿ ժնհ»-ը լուծարելիս վաճառել է ընկերության պետական ակտիվները, իսկ գործարքից ստացված 30 միլիարդ դոլարից պետական բյուջե չի մտել ոչ մի կոպեկ: Այսինքնՙ կոռուպցիայի նման մասշտաբների պայմաններում Չախմախչյանի գործը մանրուք է: Ուրիշ հարց է, որ բռնվել է, ուրեմն պիտի պատասխան տա: Բայց ինչո՞ւ միայն նա: Ժամանակին նրա հետ աշխատանքից հեռացրին եւս չորս սենատորի (պարզ է, ոչ «անբասիր» վարքի համար), սակայն քրեական գործ հարուցվեց միայն Չախմախչյանի դեմ:

Հավանական են թվում Մոսկվայի հայերի շրջանում տարածված այն վարկածները, որ Չախմախչյանն իր գործունեությամբ թե պահվածքով ձեռք է բերել ազդեցիկ թշնամիներ, որոնք էլ «պատվիրել» են այդ գործը: Ընդսմին չի բացառվում, որ դա արված լինի Հայաստանից: Ինքնին հասկանալի է, որ սրանք սոսկ «լուրեր» են:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4