Մտահոգված է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը
Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին շրջանում մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչը կնպաստի թույլի հաշվին խնդիրը կարգավորելուն, եթե հիմա մենք չգնանք ճիշտ ուղղությամբ: Երեկ այսպիսի հայտարարությամբ «Տեսակետ» ակումբում հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Շավարշ Քոչարյանը` թվարկելով մտահոգիչ իրադարձությունները, որոնցից առաջինն, ըստ նրա, Մեդվեդեւի այցն էր Բաքու եւ ռուս-ադրբեջանական ռազմավարական համաձայնագրի ստորագրումը:
Նրա համոզմամբ, երկրորդ մտահոգիչ իրադարձությունը Ադրբեջանի մասին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումն էր, որտեղ ընդգծվում էր, թե Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակը հետեւանք է Ղարաբաղի հարցի լուծված չլինելուն: Մյուս մտահոգիչ իրողությունը, Շավարշ Քոչարյանի խոսքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն են, ամեն գնով Հայաստանին վարկաբեկելու Ադրբեջանի ցանկությունը, որը կապվում է մեր երկրի ներքաղաքական գործընթացների հետ:
«Ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը խիստ վտանգավոր է, եւ Ադրբեջանին հրավիրում է Հաագայի տրիբունա», հայտարարեց Շավարշ Քոչարյանը` նշելով, որ Հաագայի նման դատարանում համաժողովրդական ստորագրահավաքով քրեական գործ չի հարուցվում, այն կարող է հարուցվել միայն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Նրա խոսքով, ընդդիմության ստորագրահավաքը խթան է, որ տարիներ շարունակ Հայաստանի պաշտոնյաներին Հաագայի դատարանի առջեւ կանգնեցնելու Ադրբեջանի ցանկություններն իրականանան, որը օգտվելով առիթից` Հաագայի դատարանին կներկայացնի իր փաթեթն ու կմատնանշի Հայաստանի ժողովրդի համաձայնությունը` ստորագրահավաքի տեսքով: «Սա Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, պետության հարցն է, քաղաքական հարց է: Հաագայի դատարանն առաջնորդվում է քաղաքական դրդապատճառներով», ավելացրեց նա:
Շավարշ Քոչարյանի կարծիքով, մենք կորցրել ենք շատ կարեւոր բան Ղարաբաղի հարցում, եւ այժմ կա խնդրի կարգավորման երկու եղանակ` կարգավորում կամ կարգավորում թույլի հաշվին: Որպեսզի չլինի երկրորդ տարբերակը, ԱԺԿ ղեկավարն առաջարկում է Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների միջեւ միջպետական պայմանագիր կնքել, ինչը կնշանակեր ԼՂՀ անկախության ճանաչում, ճկունություն կհաղորդվեր գործընթացին, քանի որ Հայաստանին այլեւս ոչ ոք չի կարողանա ճնշել Ղարաբաղի հարցով, ԼՂՀ-ն էլ կվերադառնա բանակցային սեղանի շուրջը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ