«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱ ԷԼ ԾԱՌ ՊԻՏԻ ԿՏՐԵՆ... ՈՎ ԻՆՉ ԿՈՒԶԻ ԱՍԻ

Բացառիկ է երկիրս Հայաստան, իսկ Երեւանը` բացառիկության առումով ուղղակի գագաթնակետ: Ցավոք, բացառիկությունը տվյալ դեպքում չի տարբերում ո՛չ դրական, ո՛չ բացասական իրողություններ: Ու կարծես մեզանում սովորական է դառնում այն իրականությունը, երբ ոչ մեկը մյուսին չի լսում, չի էլ ցանկանում:

Կանաչ տարածքների պահպանման մասին խոսում են բոլորը, բայց, պարզվում է, բոլորը չէ, որ լսում են: Նկարում Ֆուչիկի փողոցում մի իրավիճակ է, որ դարձել է իրականություն երկու օր առաջ: Մինչդեռ դեռեւս հուլիսի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանումՙ աշխատանքային խորհրդակցության ժամանակ տառացիորեն ասաց հետեւյալը. «...Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, «օբյեկտների» կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլտվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը...»:

Եվ բնավ էլ կարեւոր չէ, թե տվյալ դեպքում ով եւ ինչու է արդեն իսկ ոչնչացրել նախկին գործարանի նախկին այգու մի փոքր հատվածը, որը, «Ազգի» տեղեկություններով, ավտոլվացման կետ է դառնալու: Փաստն այն է, որ ծառերի մի խումբ արդեն իսկ ոչնչացվել է եւ դեռ մյուսների ճակատագիրն էլ մնում է հարցականի տակ: Մեր նախնական տեղեկություններով, դեռեւս անգամ հստակեցված չէ տվյալ հողակտորների առնչությամբ ով եւ ինչ իրավասություն ունի, բայց Հայաստանում դա միշտ չէ, որ կարեւոր է:

Մյուս կողմից, կարեւորվում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում երկրի ղեկավարության ծրագրային մոտեցումներին որոշ չինովնիկների «անտեղյակության», գուցե անտարբերության, իսկ ավելի հավանական է` «պլստալու հույսի» խնդիրը, երբ նախագահն ասում է մի բան, իսկ իրականությունը բացարձակապես այլ բան է ապացուցում:

Ի վերջո, եթե Հայաստանում որոշել են որոշակի բարեփոխումներ իրականացնել, ու, դրանք, ասենք, չեն ամրագրված վերջերս մեզ ամեն հարցում ուղղակի խեղդամահ անող ԵԽԽՎ բանաձեւերում, դա դեռ չի նշանակում, որ պակաս կարեւորություն ունեն, քանի որ ընդհանրապես թթվածին շնչելն ավելի կարեւոր է, քան ազատ շնչել-չշնչելու հարցերը, հատկապես որ առաջինը զուտ ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ պայման է, առանց որի մյուս գեղեցիկ, բարձր, ճռճռան արժեքները իմաստազուրկ են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4