«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Տիգրանակերտի պեղումներն սկսելու պահից ակնկալվում էր որ այդտեղ կհայտնաբերվեն հայերեն արձանագրություններ: Սպասումներն արդարացան. բառացիորեն օրերս արշավախմբի անդամները գտել են նման արձանագրություն: Գտածոն մի փոքրիկ սկավառակ էՙ մոտ 8 սմ տրամագծով, որը գտնվել է 5-6-րդ դարերում կառուցված եկեղեցու սալահատակի վրա, սրահի միջնամասում, հյուսիսային պատին կից: Դա նվիրատվական իր է, որի մի երեսին նկարված է շրջանակի մեջ առնված խաչ, ինչը, արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի խոսքով, շատ տարածված էր 5-6-րդ դարերում: Մյուս երեսին նկարված է մորթենու գլխարկով, բեղ-մորուքով տղամարդու դիմապատկեր եւ արձանագրությունՙ «ԵՍ ՎԱՉ ԾԱՌԱՅ ՏՆ ԱՅ», որը պետք է կարդալՙ «ԵՍ ՎԱՉ [ Է ] ԾԱՌԱՅ Տ [ ԵԱՌ]Ն Ա [ՍՏՈՒԾՈ]Յ» նախադասությունը:

Թե ով է եղել Վաչեն, առայժմ դժվար է ստույգ ասել: Արշավախմբի անդամները գտնում են, որ ամբողջ միջավայրը հաստատում է Կաղանկատվացու այն տեղեկատվությունը, թե այստեղ կա հայեցի միջավայր:

Տիգրանակերտի գտածոն փաստորեն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է եւ լավագույն փաստարկը Խաչենագետի ներքնահովտի վաղ քրիստոնեական հայկական դիմագծի, որը պատմական մի շարք այլ սկզբնաղբյուրների տվյալներով ուրվագծվում էր նաեւ նախքան այս գյուտը:

Գտածոն հայտնաբերվել է բազիլիկ եկեղեցու տեղում: Այստեղ պեղումներ կատարելու գաղափարը հղացել է եկեղեցու մասին Մակար Բարխուդարյանցի հիշատակությունից: Առաջին հետքերն էին կրաշաղախ մեծ զանգվածների առկայությունը, տաշած քարերի բավականին մեծ կուտակումները: Պեղումները փոքր մասշտաբով սկսվել են 2006 թվականին, քանի որ հիմնական աշխատանքները կենտրոնացված էին Տիգրանակերտի մեծ պարիսպները գտնելու վրա: Առաջին տարում բացվել են եկեղեցու հարավային պատի մի հատվածը, մուտքը եւ աբսիդի մի հատվածը, որը հետազոտողներին մղել է ենթադրելու, որ գործ ունեն բազիլիկ մեծ եկեղեցու հետ: Հաջորդ տարում պեղումներն ավելի մեծ ծավալ են ընդգրկել` հնագետները բացել են աբսիդի ամբողջ մասը, բեմի ամբողջ հատվածը եւ հյուսիսային պատըՙ մոտ 10 մ երկարությամբ: Բացվել է նաեւ հյուսիսային մուտքը: Ինչպես վկայում են հնագետները, դա այն հազվագյուտ եկեղեցիներից է, որն ունի մուտք ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային մասերում, թերեւս նաեւ` արեւմտյան մասում, որը հիմնական մուտքն է: Արդեն իսկ երկու մուտքերի առկայությունը վկայում է բազիլիկ եկեղեցու մասին: Ենթադրվում է, որ այն 6-րդ դարի եկեղեցի է եւ գործել է մինչեւ 9-րդ դարը, իսկ հետագայում` ասպատակությունների կամ երկրաշարժերի հետեւանքով դադարել է գործելուց:

Արշավախմբի անդամները հույս ունեն, որ այս տարի կավարտեն եկեղեցու պեղումները, կգտնեն նրա բոլոր պարամետրերը եւ ի ցույց կդնեն հայ ճարտարապետության լավագույնՙ բազիլիկ մի տաճարի հատակագիծը:

«Սա ոչ թե Արցախի ծայրամասի մի եկեղեցի է, սա հայ քրիստոնեական ճարտարապետության անկյունաքարերից մեկն է: Այդպիսի մեծ եկեղեցի մենք քիչ ունենք: Ես համոզված եմ, որ որոշ ոճեր ամբողջ Հայաստանում եւ դեպի հյուսիս այստեղից են տարածվել: Սա եղել է մի յուրովի քաղաքակրթության կենտրոն, որի բեկորներն ենք մենք տեսնում»,¬ ասում է Համլետ Պետրոսյանը:

Պեղումների շուրջ երկու տարի, եւ արդեն ուրվագծվում են երբեմնի հզոր քաղաքի ավերակները: Վանքասարի ստորոտից մի քանի հարյուր մետր բարձրության վրա չափագրական աշխատանքներ է իրականացնում ԵՊՃՇ համալսարանի դոցենտ, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը` փորձելով ստեղծել Տիգրանակերտի վիրտուալ պատկերը:

Եռամաս, եռանկյունաձեւ քաղաքի վերեւի հատվածում դղյակներն են եղել, այնուհետեւ գալիս էր կենտրոնական թաղամասը, իսկ ներքեւում ամրացված թաղամասն էր: Լ. Կիրակոսյանի մատուցմամբՙ մասշտաբով եւ շինարարական արվեստով սա եզակի հուշարձան է Անդրկովկասում:

Անցած շաբաթներին կատարված պեղումների գյուտը կարելի է համարել նաեւ միջնաբերդում բացված 8մ տրամագծով աշտարակը: Աշխատանքներն իրականացնող խմբի ղեկավար, Արցախի պետհամալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանի տեղեկատվությամբ` խումբն այս տարի պեղումներն սկսել է Միջնաբերդի երեք հատվածում: Ամենահետաքրքրական տեղերից մեկն արեւելյան պատն է, որտեղ բացվել է շրջանաձեւ մի աշտարակ: Ակնկալվում է, որ այս հատվածում կհայտնաբերվի հունարեն արձանագրություն: Արդեն բավականին նյութ է գտնվել. տարբեր տեսակի խեցեբեկորներ, որոնք վերաբերում են ինչպես միջնադարին, այնպես էլ հելլենիստական շրջանին:

«Տիգրանակերտը մեռած մի քաղաք չէ, եւ մեր խնդիրը միայն հողը հետ տանելով քարերը գտնելը չէ: Տիգրանակերտը մի գաղափարաբանություն է, որ մեզ պիտի ավելի իմաստուն ու հեռատես դարձնի»,¬ լրագրողների հետ զրույցում ասաց արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա համոզմամբ` Տիգրան Մեծը քաղաքն այստեղ կառուցելով հաշվի է առել նրա բնական պաշարներն ու ճանապարհները, գիտակցելով, որ եթե այդտեղ ամրոց կառուցի, իր ձեռքում կպահի մինչեւ Քուռն ընկած տարածքները: Այսպիսի ռազմավարությունն, անշուշտ, ուշադրության արժանի պարունակներ ունի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4