«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ

ԹՄՄ մրցանակի հանձնում Վարդան Պետրոսյանին

Անհատականությունը, առավել եւս դրա վառ արտահայտվածությունը անհնար է որեւէ կերպ դրսեւորում չունենա: Տաղանդը, անկեղծությունը, նվիրումը, տարիների կուտակված արվեստային փորձն ու վարպետությունը, մտավորականի ներքին կեցվածքն ու ճշմարիտ դիրքորոշումը, նախանշում է արտիստի, արվեստագետի ճանապարհը: Այդպիսի մեկը ի բնե իրեն շնորհածը անխուսափելիորեն վերադարձնում է մարդկանց. այդպես է վարձահատույց լինում: Վարդան Պետրոսյանի անուրանալի շռայլ տաղանդը իրեն մշտապես սպասելի է դարձնում: Հայաստանյան բեմին նրա կրկին հայտնվելը տոնական անհանգստություն է առաջացնում, հատկապես այս վերջինՙ «Սեր եւ ատելություն» ներկայացումը, որտեղ պատնեշներ է փորձում ջնջել, որ շատ դժվար է, քանի որ խիզախություն է հարկավոր ներկայիս հայաստանյան բարդ իրավիճակում, մարդկային նկարագրերի ու հարաբերությունների անկայուն այս հարահոսում ջրբաժանային վիճակների լուծման առաջարկ անելՙ անգամ սիրո քարոզով:

Վարդան Պետրոսյանը 2 տարի առաջ Թեքեյան մշակութային միության երգիծանք անվանակարգի առաջին մրցանակակիրը դարձավ: Օգտվելով երեւանյան այս հյուրախաղերիցՙ երեկ ՀԹՄՄ դահլիճում Վարդան Պետրոսյանին հանձնվեց պարգեւը: Մրցանակային պարգեւը եւ պատվո հուշատախտակը հանձնեց հանձնաժողովի նախագահ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Մինչ այդ ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ ԱՄՆ-ի Նյու Ջերսիից Իրմա Տեր-Ստեփանյանի առաջարկով հիմնվեց սոցիալ-քաղաքական երգիծանքի «Դավիթի պարսատիկեն» նոր մրցանակը` իր հոր` սփյուռքահայ հայտնի երգիծաբան Միհրան Տեր-Ստեփանյանի անունով: Իր տեսակի մեջ լինելով առաջինը` հայտերը բավական շատ են եղել, սակայն հանձնաժողովը միակարծիք մրցանակը շնորհել է Վարդան Պետրոսյանին:

Հակոբ Ավետիքյանը հիշեց գրաբարյան մի արտահայտություն, թե «ելանելն արեգակնՙ կորնչին աստղեր»: Նա մեկ անգամ եւս անդրադարձավ Միհրան Տեր-Ստեփանյանի քչերին ծանոթ երգիծական ոճին, պատմեց «Զարթօնքի» տարիներին` Գերսամ Ահարոնյանի հետ նրա մի խոսակցությունը, երբ խմբագիրը նյութ է նրանից պահանջել, իսկ երգիծաբանն ասել է. «Գերսամ, քովդ երկու հոդված ունիմ: Քու դեմ գրած եմ, տպե, որ նորը բերեմ»: Արժանավորի անունով մրցանակը գնում է արժանավորին»:

Երվանդ Ազատյանը Վարդան Պետրոսյանի արվեստով հիացողներից է եւ նախորդ օրվա արտիստի վերջին ներկայացման իր տպավորությունների մասին շատ ջերմ խոսեց. «Կարելի է նաեւ ծիծաղել եղեռնի թեմայով, ինչպես հրեաները առաջինը իրենց թերություններու վրա կծիծաղին: Վարդանը այդ բարդույթեն մեզ ազատած է, եւ այդ հնարանքը երգիծանքն է, որ իմաստության շողարձակումն է»: «Մարդ-թատրոն»ՙ այսպես բնութագրեց արտիստին Հենրիկ Իգիթյանը, «երեւույթ, նոր տիպի դերասան, պլաստիկությամբ անգերազանցելի»: Արտիստին գովեստի խոսքեր ասաց նաեւ Երվանդ Ղազանչյանը. «Բացառիկ է: Հինգ տասնամյակ է շփվում եմ դերասանների հետ, այսպիսի շաղախ դեռ չեմ տեսել...»: «Վարդանը հոգեւոր հասունության հասնելով իբրեւ մարդ` դա դրսեւորեց արվեստում: Այնպիսի խորության է հասնում, որ արվեստը վերածում է հավատի», ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը:

Վարդան Պետրոսյանի խոսքը, ինչպես եւ ներկայացումների ժամանակ, գերեց իր զգացմունքային անկեղծությամբ: Խղճին անսացող դերասանը իր արվեստը ժողովրդին ծառայեցնելն է արտիստի բարձրագույն կոչումը համարում: Իրեն երջանիկ մարդ համարելով հանդերձ, այդ զգացումը լիակատար չի կարող վայելել, որովհետեւ հասարակությունը այսպիսին չէ:

Թերեւս, որոշակի մխիթարություն է, այո՛, արվեստի միջոցով այլոց կյանքը թեթեւացնել, ինչպես անում է արտիստը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4