«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2008-07-18 | #138, 2008-07-19 | #139, 2008-07-22


ԹՇՆԱՄԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել Մ. Նահանգներում անգլերեն լեզվով հրատարակվող «Արմինյն ռիփորթր» շաբաթաթերթի հունիսի 28-ի համարում: Թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման բնակվում է Երեւանում:


Հունիսի 25-ին` չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը Երեւանի Մ. Նահանգների դեսպանատանը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ նա միաժամանակ ե՛ւ թշնամանք, ե՛ւ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերեց հայկական պետության հանդեպ:

Նա իր հարձակումներն սկսեց այն խոսքերով, որ «Միացյալ Նահանգները եւ Հայաստանը շատ լավ, ամուր կապեր ունեն: Մենք բարեկամներ ենք, եւ բարեկամներն իրար հետ անկեղծորեն են խոսում»: Հետո նա անցավ բուն քննարկումներին, որոնք հեռու էին բարեկամական կամ հավասարակշռված լինելուց, եւ սկսեց կառավարությանը խորհուրդներ տալ հետեւյալ հարցերում:

Մամուլի եւ հանրահավաքների ազատություն

Փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում անկում նկատելով, պրն Կրամերը նախ շեշտեց, որ Մ. Նահանգները «խստիվ հանձնարարում է, որ (Հայաստանի) կառավարությունը վերականգնի մամուլի եւ հանրահավաքների ազատությունները»: Նա ոչ մի խոսք չասաց, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր կատարված են:

Մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով սահմանադրական իրավունքներից, արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում եւ որոշակի սահմանափակումներ դրեց հանրահավաքների եւ մամուլի ազատությունների վրա: Նա մասնակի եւ ապա ամբողջապես վերացրեց այդ սահմանափակումները համապատասխանաբար մարտի կեսերին եւ մարտի 20-ին` արտակարգ իրավիճակի վերացման օրը: Այսօր, ինչպես նախկինում, ամենատարբեր գաղափարների արտահայտություններ կարելի է լսել եւ կարդալ ինչպես զանգվածային, այնպես էլ էլեկտրոնային լրատվության միջոցներով: Կարելի է նույնիսկ ասել, որ ներկայումս ավելի շատ են հեռուստատեսությամբ հնչող մտքերի տարբերությունները, քան ընտրություններից առաջ:

Հանրահավաքի սահմանափակումների օրենքը ընդունվեց մարտի կեսերին, բայց դրանից հետո փոփոխության ենթարկվեց համահունչ լինելու Եվրոխորհրդի վենետիկյան հանձնաժողովի պահանջներին: Երեւանի քաղաքապետարանը եւ ոստիկանությունը նախ դժվար հասկանալի որոշումներ ընդունեցին կասեցնելու հունիսի 20-ին նախատեսված հակակառավարական երթը, սակայն նշանակված ժամին ոստիկանությունը չմիջամտեց, եւ 15 հազար մարդ խաղաղ ցույց անցկացրին:

Այս դրական առաջընթացը տեսնելու փոխարեն պրն Կրամերն, ինչպես ասում են, «դարպասը տեղափոխեց» մի այլ դաշտ ու սկսեց պահանջել, որ «Ա1+» հեռուստակայանը վերաբացվի: Այս հեռուստակայանը փակվել էր 2002-ին: Հանրային հեռուստակայանը առաջարկել էր «Ա1+»-ի որոշակիորեն հակակառավարական լուրերն ամեն օր հեռարձակել իր ալիքով, բայց «Ա1+»-ի ղեկավարությունը մերժել էր: Հեռուստատեսային հաճախականությունների որոշակի թվի առկայության եւ զբաղվածության պայմաններում խոսք չի կարող լինել այժմ որեւէ մեկին իր 7-տարվա եթերային իրավունքից զրկելու եւ այդ իրավունքը «Ա1+»-ին տալու վերաբերյալ: Իսկ Մ. Նահանգները այն ձեռնհաս իշխանությունը չէ, որ որոշի, թե ո՞ր գործարար շրջանակներն են լավագույնս որակավորված (կապիտալի, տաղանդի եւ բիզնես ծրագրերի առումներով) շահելու առաջիկա տենդերային մրցույթում:

Բարեկամ երկրի բարեկամաբար տրամադրված ներկայացուցիչը կարող էր առնվազն ընդունել, որ Հայաստանը վերականգնել էր հանրահավաքի եւ մամուլի ազատությունները եւ ողջունել այդ դրական քայլը, ավելացնելով, որ կառավարությունը պետք է հետեւի, որ հաջորդ անգամ նման գործընթացը անցկացվի առավել թափանցիկ եւ քաղաքական միջամտություններից զերծ:

Վստահելի ուսումնասիրություն

Պրն Կրամերը դարձյալ կոչ արեց մարտիմեկյան իրադարձությունների «լուրջ եւ վստահելի ուսումնասիրություն կատարել»:

Ուսումնասիրությունն այդ առնչությամբ արդեն ընթացքի մեջ է: Պրն Կրամերը հավատո՞ւմ է, որ այն ունի անհրաժեշտ հնարավորությունները դառնալու «լուրջ եւ վստահելի»: Դժվար թե, որովհետեւ նա անտեսեց այդ փաստը եւ փոխարենը իր մի նոր հանձնարարականը տվեց. այդ հանձնաժողովը կազմել 9/11-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովի ձեւաչափով, որտեղ իրար հանդեպ փոխադարձ անվստահությամբ լցված Ամերիկայի 2 կուսակցությունները ներկայացված էին հավասար քանակով:

Հենց այդպես էլ կազմվեց անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը, որտեղ ընդդիմադիր «Ժառանգությունը», որ 7 անդամ ունի խորհրդարանում, ստացավ 2 տեղ եւ իշխող Հանրապետական կուսակցությունը, որն ունի ավելի քան 60 անդամ, նույնպես ստացավ 2 տեղ: Ոչ խորհրդարանական խմբակցություններին առաջարկվեցին տեղերՙ առանց քվեարկելու իրավունքի:

Բանտարկյալներ

Պրն Կրամերը այս հարցում կոչ արեց «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված էին իրենց քաղաքական հայացքները արտահայտելու համար»: «Հայոց աշխարհ» թերթի այն հարցին, թե արդյոք ինքն ուսումնասիրե՞լ էր այդ մարդկանց դեմ հարուցված քրեական գործերը, նա պատասխանեց «ոչ», բայց ավելացրեց, որ հակված էր հավատալու Մ. Նահանգների դեսպանատան աշխատակիցների խոսքերին հայ ուսումնասիրողների ներկայացրած որեւէ փաստի առնչությամբ:

Եթե ճիշտ համարենք, որ պետքարտուղարության դիվանագետները պետք է հավատ ընծայեն այն մասնագետներին, որոնք իրենց ստորադասներն են, ապա պետք է նշենք, այդուհանդերձ, որ ճիշտ չէ չվստահել կամ զրպարտել Հայաստանի օրենսդիր մարմինների ընտրած մասնագետներին: Դա պարզապես հարգանքի պակաս է նշանակում:

Ինչ վերաբերում է հարցի էությանը, բուն նյութին, մեր խմբագրականները նույնպես մտահոգություններ ու հարցեր են առաջ քաշել այդ քրեական քննությունների առնչությամբ: Մինչ հստակ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը իրոք իշխանության գլուխ էին ցանկանում գալ, տապալելով պետական ներկա վարչակազմը, դեռեւս հստակեցված չէ, որ այդ բանն ուզում էին կատարել զինված ապստամբության միջոցով: Ավելին, այն փաստը, որ դեռեւս ոչ ոք չի պատժվել 10 մահացածների առնչությամբ, մտահոգության առիթ է տալիս:

Օրինականություն

Հայաստանի նոր վարչակազմի հանդեպ Մ. Նահանգների վերաբերմունքի մասին «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների հարցերին պատասխանելիս պրն Կրամերն, ավելի արտառոց դրսեւորում թույլ տալով իր խոսքերին, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չէ եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները գործ ունեն նախագահական գրասենյակը զբաղեցնող նոր անձնավորության հետ:

Ակնկալում ենք, որ Մ. Նահանգները կխրախուսի Հայաստանին դառնալու ժողովրդավարական այն երկիրը, որ ինքը` Հայաստանն է ցանկանում դառնալ:

Որպես Հայաստանի եւ նրա բնակչության ապագայով մտահոգ անձնավորություններ, կցանկանայինք, որ Ամերիկան շարունակեր ուշադիր հետեւել Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դիվանագետները, նրանց թվում նաեւ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալը, պե՛տք է բարձրաձայնեն, եթե խնդիրներ են առաջ գալիս, բայց միաժամանակ, միեւնույն տրամաբանությամբ, նրանք նաեւ պե՛տք է ընդունեն եւ բարձրաձայնեն այն ամեն դրականը, որ տեղի է ունենում: Ավելին, պետք է ընդունեն, որ հասարակության բոլոր տարրերն են պարտավոր դրական, կոնստրուկտիվ դեր խաղալ այդ գործընթացում:

Բուշի վարչակազմն ու պետքարտուղարությունը պարտավոր են վերանայել Հայաստանի հանդեպ իրենց դիրքորոշումը, եթե ոչ իրենց հեղհեղուկ կեցվածքը կարող է էլ ավելի ապակայունացնել Հայաստանը եւ խոչընդոտել առաջ շարժվելու նրա ջանքերին:

Քանի մոտենում են ամերիկյան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, մենք էլ մեր հերթին պետք է քաջալերենք Մ. Նահանգներին` որդեգրելու առավել հավասարակշռված, կոնստրուկտիվ եւ տեղեկացված դիրքորոշում Հայաստանի հանդեպ` նպաստելու առաջընթացի նրա ջանքերին:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4