«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2008-07-18 | #138, 2008-07-19 | #139, 2008-07-22


ԱՄԱՌ, ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ

Ամառային տապը կարծես խաշում է օրվա գույները, մարդու միտքն ու տրամադրությունը: Եվ շոգից ընդարմացած` այլ իրականություն ես ուզում, որ զովություն ու աշխուժություն բերի: Ցանկությունդ կատարվում է, երբ «Հայկական ճամբար» ՀԿ-ն հրավիրում է 2008-ի հաշվետու ցուցահանդեսի, որ ներկայացնում է ավելի քան 40 երեխաների խեցեգործական աշխատանքները: Փուչիկներով զարդարուն փոքրիկ ցուցասրահում հանդիպում ես ծնողների եւ մեծ ու փոքր երեխաների, որոնց ամռան ոչ մի տապ էլ չի խանգարի ներկայանալ հանդիսավոր հագնված, ժպտուն ու մի քիչ էլ շփոթված: «Ցուցահանդես-վաճառք է, տեսնես իմ աշխատանքը կգնե՞ն»: Խոսքերն այս չեն բարձրաձայնվում, բայց ընկալվում են երեխաների աչքերից: Երեխաների մեծ մասը ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունի, բայց ո՞վ է հիշում այդ մասին հանդիսավոր այս օրը:

«Հայկական ճամբար» ՀԿ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանը, որ դեռ 94-թվականից է զբաղվում հաշմանդամ երեխաների խնդիրների լուծմամբ պատմում է, որ իրենց կազմակերպությունը շատ ծրագրեր ունի` լողավազանում, ձիարշավարանում, Սեւանում եւ այլուր: Կազմակերպությունը շահել է Եվրոմիության հայաստանյան գրասենյակի մրցույթներից մեկը, որ նախատեսում է հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակությանըՙ արվեստի, գիտելիքների եւ սպորտի միջոցով: «Բաղրամյան 1-ին փակուղի, 14 շենքի առաջին հարկում գտնվող այս տարածքը մեր նորաբաց գրասենյակ ստուդիան է, ուր ավանդական ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպված: Ի դեպ, սեպտեմբերից մենք հրավիրելու ենք նոր երեխաների, ովքեր խեցեգործության նոր խմբակ կկազմեն», ասում է բոլոր երեխաների սիրելին:

Վարդուհի Արամյանը 11-ամյա Արտակի մայրիկն է եւ հավաստիացնում է, որ խեցեգործության խմբակը անչափ օգտակար է իր որդու համար, զարգացնում է նրա ճաշակը: Մեր մյուս զրուցակիցը օրվա հերոսներից է` 9-ամյա Նաջարյան Արամը: «Կրիաներ եմ պատրաստել կավից: Ամուսիններ են` Արթուրն ու Աննան: Մամա ու պապա են: Բալիկ չունեն, նոր պետք է ունենան», ասում է նա: Արամի պապիկը նրանից էլ շատ է հուզված: «Թոռնիկս շատ ոգեւորված մասնակցում է դասերին, որ նրա հոգեկանի վրա դրականորեն են ազդում: Գեղեցիկ տեղ է, որտեղից մեր թոռնիկը լավ տրամադրությամբ է վերադառնում տուն ու տանեցիներին պատմում է տպավորությունների մասին», ասում է պապիկը: Լուսինեն բերում է իր երկու երեխաներին էլ, չնայած միայն աղջիկը խնդիրներ ունի: 7-ամյա Գեւորգը պատմում է իր դասերի մասին, նաեւ ասում է, որ խնդիրներ ունեցող երեխաների հետ «մի փոքր» ընկերացել է: Մեզ ճանապարհում է Արտակը, որ անհավատալի բառապաշար ունի. «Այստեղ մասնագիտական հմտություններ ստացա ու նախօրոք որոշել եմՙ կա՛մ համակարգչի մասնագետ եմ դառնալու, կա՛մ էլ կավագործ»: Դավթյան Արտակին հրաժեշտ տալուց առաջ պայմանավորվում ենք հանդիպել նաեւ տարիներ անց, երբ նա արդեն իսկական խեցեգործ կամ համակարգչային մասնագետ դարձած կլինի:

Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է ...

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4