2008-ին ՀՀ կառավարությունը, իր արձանագրային որոշմամբ, ամեն տարվա հուլիս ամսվա երրորդ կիրակին համարեց մետալուրգի եւ հանքափորի օր: Հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքում համաժողովրդական տոնախմբություններով նշվեց այդ տոնը, կազմակերպմամբ CPS ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի: Նույն տոնը նշվեց նաեւ Ախթալա քաղաքում, կազմակերպմամբ ԼՀԿ-ի տնօրենության: Ախթալայում եւ Շամլուղում հանքագործությունն ունի 245-ամյա պատմություն եւ ողջ տարին հանքափորների քաղաքի ամեն մի օրն ու ամեն մի միջոցառում աղերս ունի այս տարածքում պղնձագործության 245-ամյակի հետ:
Ախթալայի մշակույթի պալատում կայացավ հանդիսավոր նիստ, որի բացման պատիվը վերապահվեց Ախթալայի ԼՀԿ-ի գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանին : Նա նշեց, որ իր եւ իր ընտանիքի համար մեծ պատիվ է նշել հանքագործների տոնը, քանի որ այդ մարդկանց ամուր ձեռքերի վրա է պահվում թե՛ կոմբինատի, թե՛ քաղաքի ապագան: Այսօր հիմնական ուշադրությունը պետք է դարձվի մարզերի զարգացմանը եւ Ախթալայի ԼՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի նաեւ երկու քաղաքների բնակչության սոցիալական խնդիրների լուծումը հնարավորինս արագանա:
Ախթալայի ԼՀԿ-ի քսանմեկ հանքափորներ ու մեքենավարներ պարգեւատրվեցին թանկարժեք նվերներով` հեռուստացույցներով: Տոնական միջոցառմանը նախորդել էին նաեւ սպորտային միջոցառումներ` նարդու, բազկամարտի, շախմատի եւ ֆուտբոլի մրցումներ: Հաղթողները պարգեւատրվեցին նվերներով եւ դրամական պարգեւներով: Այդ օրը տեղի ունեցավ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վետերանների եւ Ախթալայի վետերանների ընկերական հանդիպումը:
Օրը լի էր նաեւ այլ անակնկալներով
Անակնկալ 1. Թերեւս պատահականորեն, բայց այնպես էր ստացվել, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Մետալուրգի եւ հանքափորի օրը համընկել էր Սերոբ Տեր-Պողոսյանի ծննդյան տարեդարձի հետ: Եվ հանքափորները, որոնց շնորհավորում ու պարգեւատրում էին հանդիսավոր նիստի ղեկավարները, հիմա էլ իրենք էին շնորհավորում իրենց գործադիր տնօրենին:
Անակնկալ 2. Հանդիսավոր նիստի ընթացքում Սերոբ Տեր-Պողոսյանը հայտարարեց, որ ինքը նույնպես միանում է Համահայկական երիտասարդական «Բազե» միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհասփյուռ հայության գործարար ներկայացուցիչներին հղած կոչին եւ պատրաստակամ է մի քանի տարվա ընթացքում Լոռու մարզում ներդնելու շուրջ 50 մլն դոլար: Նա նաեւ հնարավոր համարեց իր գործընկերների մասնակցությունը այս նախաձեռնությանը, եւ այդ դեպքում ներդրման գումարի չափը կարող է քառապատկվել:
Անակնկալ 3. Ախթալա եւ Շամլուղ համայնքների լիարժեք գոյատեւումը կախված է միայն Ախթալայի ԼՀԿ-ի աշխատանքից, գաղտնիք չէ: Սակայն այդ օրը հայտարարվեց կոմբինատի սեփականատերերի նոր քաղաքականության սկիզբը: Հայտարարվեց, որ Ախթալայի ԼՀԿ-ի համար միեւնույն կարեւորությունն ունեն թե՛ կոմբինատում աշխատող բանվորների խնդիրները, թե՛ Ախթալա եւ Շամլուղ համայնքների բնակիչների խնդիրները, այդ թվում նաեւ` սոցիալական: Այս նոր քաղաքականության հիմնական սկզբունքները ներկայացրեց գործադիր տնօրենը. այն է`
- մարզերի բնակիչների կյանքի պայմանները պետք է չզիջեն մայրաքաղաքին,
- համայնք ձեւավորող եւ պահպանող ձեռնարկության համար պետք է կարեւորվեն ոչ միայն իր աշխատողների, այլեւ ողջ բնակչության սոցիալական խնդիրները,
- մարզերի երեխաները պետք է ունենան կրթվելու, հանգստանալու եւ սպորտով զբաղվելու, ինչպես նաեւ հետագայում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նույն հնարավորությունները, ինչ որ մայրաքաղաքի երեխաները,
- մարզերի համայնքների բնակիչները եւս պետք է հնարավորություն ունենան առնչվելու արվեստին եւ մշակույթին:
Ախթալայի ԼՀԿ-ի տնօրենությունը եւ անձամբ Սերոբ Տեր-Պողոսյանը հավատարիմ են մնալու վերոհիշյալ սկզբունքներին եւ, ի վերջո, Հայաստանում եւս բիզնեսը պետք է ունենա մարդկային դեմք եւ սոցիալական ուղղվածություն: Սա է այն ճանապարհը, որը տանում է հասարակության համախմբմանը եւ այդ գործում մեծ է բիզնեսի դերը:
Անակնկալ 4. Արամյանց ընտանիքի դղյակը, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես առողջարան, զինվորական հոսպիտալ եւ ախթալեցիների համար համարվում է պատմամշակութային արժեք, Սերոբ Տեր-Պողոսյանը կվերականգնի ամբողջովին` ի հիշատակ իր ծնողների: Երբեմնի հանրահայտ Ախթալայի ճոպանուղին այսօր անմխիթար վիճակում է: Ախթալայի ԼՀԿ-ի հովանավորությամբ ներկայումս վրաց մասնագետներն ուսումնասիրում են վերականգնման հնարավորությունը, եւ երկու տարի հետո այն կսկսի գործել: Այս մասին եւս տեղեկացվեց Ախթալայի հասարակությանը: Համապատասխան հեռագիր հղվեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ