«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության պաշտոնական դիրքորոշումը
«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը (ՇՀԸ) ուրախ է, որ Շվեյցարիան է ընտրվել Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական շփումների վերահաստատմանն ուղղված երկխոսության վայր: Ըստ երեւույթին 2008-ի հուլիսի 8-ին Բեռնում սկիզբ առած գաղտնի բանակցությունների իրողությունը անուղղակիորեն հաստատեց հուլիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Սակայն ՇՀԸ-ն նաեւ տեսնում է, որ ինքնին դրական այդ քայլի հետեւում քողարկված է 1915-1917 թթ. Հայոց ցեղասպանության փաստը միջազգային իրավունքի առումով կրկին վիճարկելու եւ այդ ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանով իսկ դանդաղեցնելու Թուրքիայի ցանկությունը: Դա ցնցող է մանավանդ այն առումով, որ Շվեյցարիան դաշնային դատարանի մակարդակով անվերապահորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտումը, այդպիսով հաստատելով իրողությունը: ՇՀԸ-ն համոզված է, որ երկու երկրների իրական երկխոսությունն իմաստ ունի լոկ այն դեպքում, եթե Թուրքիան բացի 1993-ից միակողմանիորեն փակած Հայաստանի սահմանը:
Արդեն մեկ ամիս է, ինչ հայկական կողմը կանոնավորապես Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու ազդանշաններ է ուղարկում: Հունիսի 26-27-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւան կատարած այցելության ժամանակ դաշնային խորհրդական Միշլին Կալմի-Ռեյը հասկացրեց, որ Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ: Հայաստանի 1991 թ. անկախացումից ի վեր Թուրքիան նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Բացի դրանից, Ադրբեջանի հետ իր ռազմավարական դաշինքի պատճառով Թուրքիան 1993-ից միակողմանիորեն փակել է Հայաստանի սահմանը, վկայակոչելով Ղարաբաղի հակամարտությունը: Մինչեւ օրս Թուրքիան այդ սահմանի բացումը շաղկապում է Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման եւ 1915-1917 թթ. ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից Հայաստանի հրաժարման հետ: Ավելին, վերջին տարիներին Թուրքիան առաջարկում է երկու երկրների «պատմաբանների երկկողմ հանձնաժողով» ստեղծել 1915-1917 թթ. իրադարձությունների քննության համար:
ՇՀԸ-ն դեմ չէ միջազգային լայն աջակցություն վայելող գիտական հանձնաժողովի ստեղծմանը, որը կկարողանար խորապես հետազոտել Հայոց ցեղասպանության դեռեւս քիչ հայտնի կողմերը եւ կհրապարակեր հետազոտությունների արդյունքները: Նույնիսկ ժամանակն է նման նախաձեռնության համար, մանավանդ` ՄԱԿ-ի պաշտոնական հովանավորության ներքո: Սակայն ՇՀԸ-ն կտրականապես դեմ է Հայոց ցեղասպանության իրողությունը մեղմացնելու, նսեմացնելու կամ նույնիսկ ժխտելու բոլոր փորձերին:
Առաջին անգամը չէ, որ Շվեյցարիան փորձում է միջնորդի դեր խաղալ երկու երկրների շփումներում, մասնավորապես` ցեղասպանության հարցում: 2001-ի հուլիսի 9-ին ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ Ժնեւում տեղի էր ունեցել Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի առաջին նիստը թուրքական 6 հոգանոց ոչ պաշտոնական պատվիրակության եւ հայկական 4 հոգանոց պատվիրակության միջեւ: Այն ժամանակ քննարկումներն ընդհատվել էին Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հետ կապված վեճերի պատճառով: Իրոք, 2002-ին դատական չեզոք ատյանի` Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ընտրությունից հետո, որը պետք է որոշեր, թե ՄԱԿ-ի սահմանած «ցեղասպանություն» տերմինը պետք է կիրառվի՞ արդյոք 1915-1917 թթ. կոտորածների նկատմամբ, թուրքական պատվիրակությունը դուրս է եկել Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովից: Դատական չեզոք ատյանը 2004-ին անվերապահորեն խոստովանեց, որ Օսմանյան կայսրությունում հայերի ճակատագիրը վերջնականապես պետք է համարվի ցեղասպանություն: Թուրքիան չէր ուզում դա ընդունել, ուստի ընդհատեց երկխոսությունը, ինչը վերջ դրեց հանձնաժողովի գոյությանը:
Շվեյցարիան եւ դաշնային խորհրդական Միշլին Կալմի-Ռեյը անցյալում փորձել էին հստակեցնել «պատմաբանների հանձնաժողովի» դերը, բայց, ցավոք, չեն կարողացել, քանզի Թուրքիան մշտապես փորձում էր խոչընդոտել «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: Շվեյցարիան խոսում էր միջազգային հանձնաժողովի մասին, հստակորեն չնշելով դրա վերջնական նպատակների մասին: ՇՀԸ-ն այդ պատճառով մնում է փոքր-ինչ հոռետես: Նրան լուրջ չի թվում երեւութական երկխոսությունը մտցնել դիվանագիտական խաղի մեջ, մասնավորապես Թուրքիայի նման երկրի դեպքում, որտեղ մտավորականների քրեորեն հետապնդվում կամ սպանվում են իրենց տեսակետների կամ Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումների համար: Բավական է վերհիշել հրատարակիչ Ռեջեփ Զարաքոլուի դեպքը, որը դատապարտվեց թուրքական օրենսդրության 301-րդ հոդվածը խախտելու մեղադրանքով, հոդված, որը վերջերս փոփոխվեց իբր Եվրոպայի պահանջներին հարմարեցվելու նպատակով, կամ Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը 2007-ի հունվարին, եւ կարելի է հասկանալ Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակը:
Հայոց ցեղասպանությունը սակարկության թեմա չէ: Անկարա-Երեւան դիվանագիտական հարաբերությունների բարելավումը հնարավոր է լոկ այն դեպքում, երբ Թուրքիան աներկմտորեն կճանաչի 1915-1917 թթ. Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը եւ երբ կդադարեցնի այդ ճանաչմանը խոչընդոտելու փորձերը: Պաշտոնական Շվեյցարիան պետք է իմանա Թուրքիայի այդ մտադրությունը: Նա այդպիսով կկարողանար արժեւորել եւ առավել արդյունավետ դարձնել իր միջնորդական դերը:
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից: