«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2008-07-19 | #139, 2008-07-22 | #140, 2008-07-23


ՑՈՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ ՈՉ

Հանձնաժողովը նախազգուշացրեց եւ ժամանակ տվեց ընկերություններին վերանայելու իրենց վարքագիծը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ այն եզրահանգման եկավ, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Սակայն, հանձնաժողովն այս անգամ չպատժեց այս շուկաներում գերիշխող դիրք ունեցող եւ մյուս տնտեսվարողներին, որոշելով նախազգուշացնել նրանց 15-20 օրվա ընթացքում վերանայել վարքագիծը, որից հետո արդեն նմանատիպ երեւույթների առկայության դեպքում վարույթ կհարուցվի: Գնի չհիմնավորված բարձրացման եւ հակամրցակցային համաձայնությունների դեպքում օրենքը բավականին խիստ տուգանքներ է նախատեսումՙ ընկերության նախորդ տարվա ամբողջ հասույթի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:

Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրավիրվել էին այս ոլորտում գործող բոլոր խոշոր ընկերություններըՙ «Երեւանի ալրաղացը», «ՎԹ թրեյդը», «Մանչո գրուպը», «Սալեքս գրուպը», «Հայր եւ որդի Երիցյանները», «Ինվեստ ինտորգը», «Սանի գրեյնը», «Մանանա գրեյնը», «Արսեն եւ Երվանդը», «Վերֆարը»: Սակայն ներկայացել էին միայն «Մանանա գրեյնի», «Արսեն եւ Երվանդի» եւ «Վերֆարի» ներկայացուցիչները: Ցորենի եւ ալյուրի շուկաներում գերիշխող դիրք ունեն «Սալեքս գրուպը» եւ «Մանանա գրեյնը»: Քննարկման թեման էր միջազգային շուկայում վերջին 2 ամիսներին ցորենի եւ ալյուրի գնանկումը եւ հայաստանյան շուկայում դրա ոչ համարժեք արձագանքը:

Անդրադառնալով միջազգային շուկայում արձանագրված գներին, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտնեց, որ Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10 եվրոյով, հասնելով 260 եվրոյի 1 տոննայի դիմաց: Ակնկալվում է, որ ցորենի համաշխարհային բերքն այս տարի 41 մլն տոննայով ավելի կլինի, քան անցյալ տարի էր, ինչն էլ բերում է դրա գնանկմանը:

Նշվեց, որ հայաստանյան շուկայում, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008-ի հունվար-մայիսին ներմուծման միջին գինը կազմել է 586 դոլար, մինչդեռ շուկայում իրացման գինըՙ 1273 դոլար: Սա ՀԲ համարել է սահմանափակ մրցակցության հետեւանք: Միաժամանակ, մաքսային պետական կոմիտեի տվյալներով, 2008-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել ավելի քան 39 տոկոսով քիչ ցորեն: Եթե այդ միտումը պահպանվի, ապա տարեկան ցուցանիշներով սպասվում է, որ Հայաստան կներմուծվի մոտ 254 հազար տոննա ցորեն կամ անցյալ տարվա ցուցանիշի մոտ 60 տոկոսը:

Ի տարբերություն ցորենի, ալյուրի ներմուծումը Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 8,5 անգամ եւ կազմել 6404 տոննա: Մաքսային արժեքների ցուցանիշներն այս տարվա առաջին վեց ամիսներին հետեւյալն են եղելՙ ցորենինը այս ընթացքում մնացել է անփոփոխՙ կազմելով 78-98 դրամ 1 կգ համար, իսկ ալյուրինըՙ հունվարի 212 դրամ 1 կգ համար ցուցանիշից նվազել է մինչեւ 160 դրամի 1 կգ համար ցուցանիշի: Երկու խոշոր արտադրողների իրացման գներն այս նույն ընթացքում, նրանց ներկայացրած տեղեկատվության համաձայն, կազմել ենՙ «Մանանա գրեյնինը»ՙ 136-139 դրամ 1 կգ համար, «Սալեքս գրուպինը»ՙ 130 դրամ: Սակայն, հակառակ այս տվյալների, «Սուրմալուի» եւ Նորքի տոնավաճառներում բարձր տեսակի ալյուրի իրացման գները կազմել են 270-274 դրամ 1 կգ համար: Ընկերությունների բացթողման գների եւ խանութներում իրացման գների միջեւ հանձնաժողովի մոնիտորինգը նույնպես մեծ տարբերություն է արձանագրելՙ 132-238 դրամ:

Պատասխանելով Աշոտ Շահնազարյանի հարցերին, թե որո՞նք են վերոնշյալ ցուցանիշների վերաբերյալ ընկերությունների պատճառաբանությունները, «Մանանա գրեյնի» եւ «Վերֆարի» ներկայացուցիչները նշեցին տեղափոխման բարձր գները, բեռնանավերի հաճախակի ուշացումներն ու դրա պատճառով իրենց վճարած մեծ տուգանքները: Սակայն հանձնաժողովի նախագահը նշեց, որ տրանսպորտային բաղադրիչն ընդամենը ապրանքի ինքնարժեքի 12 տոկոսն է կազմում: Այն դեպքում, երբ միջազգային շուկայում գներն իջել են մինչեւ 40 տոկոսի, իսկ Հայաստանում չեն փոխվել, դա ընդունելի հիմնավորում չհամարվեց: Ուստի հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել ընկերություններին եւ ժամանակ տալ, ինչի մասին վերը նշվեց:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4