«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2008-07-19 | #139, 2008-07-22 | #140, 2008-07-23


ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ

Հուլիսի 8-19 Լայպցիգում կայացած Յոհան Սեբաստիան Բախ միջազգային 16-րդ մրցույթում Ռոստոկի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցի սան 21-ամյա թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ ճապոնացի Թորու Յամամոտոն շահել են երկրորդ մրցանակ: Առաջին մրցանակակիր է դարձել մեծբրիտանացի մի թավջութակահար: Մրցույթին մասնակցել է 95 երաժիշտ (երգեհոն, վոկալ, թավջութակ, բարոկթավջութակ)ՙ 23 երկրից:

Դավիթ Մելքոնյանը 2006-ի ապրիլից է ուսանում Ռոստոկում, պրոֆեսոր Գերտ ֆոն Բյուլովի դասարանում: Դավիթը առանձնահատուկ հետաքրքրություն ունի բարոկի հանդեպ. Ռոստոկի դպրոցի ղեկավարությունն ուրախ է, որ մեկ տարի առաջ ձեռք բերած բարոկթավջութակը նման «ծառայություն» կարողացավ մատուցել:

Լայպցիգի Յոհան Սեբաստիան Բախ միջազգային մրցույթը, որ Գերմանիայի նշանակալի երաժշտական մրցույթներից է, առաջին անգամ անցկացվել է 1950-ին: Մրցութային ծրագրում տեղ են գտնում Բախի եւ նրա ժամանակակիցների, ինչպես նաեւ ավելի ուշ դարերում Բախի երաժշտության ներշնչմամբ գրված ստեղծագործություններ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4