«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ԿԱՐԱՋԻՉՙ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

Ձերբակալվել է բոսնիական սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչը:

Եթե ավելի կոնկրետՙ սերբերը ձերբակալել են մի սերբի ու պատրաստվում են նրան կանգնեցնել ռազմական դատարանի առջեւ: Կարաջիչը մեղադրվում է Բոսնիայում պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Եթե դրա փակագծերն էլ բացենքՙ Կարաջիչը մեղադրվում է սերբերի շահերը չափից ավելի ջանասիրությամբ կամ հայրենասիրությամբ պաշտպանելու մեջ:

Ախ, այդ երկակի չափանիշները... Ո՞րն է հայրենասիրություն ու սեփական ազգի, ժողովրդի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու մղում եւ ո՞րն է միջազգային ահաբեկչություն կամ բենլադենիզմ, ո՞րն է միջազգային պայմանավորվածությունների կատարում եւ ո՞րն է վախկոտ ստորաքարշություն-աթոռապաշտություն, ո՞րն է բողոք պետության ղեկավարի դեմ ու որն է անուղղակի համագործակցություն թշնամու հետ... Կարծես թե խճճվել կարելի է որ-երի, թե-երի ու եթե-ների մեջ, բայց դա միայն թվում է: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, շատ ավելի հասկանալի, շատ ավելի ցինիկ. համաշխարհային խաղի կանոնները հաստատում ու դրանց կատարումը վերահսկում են աշխարհի հզորներըՙ անունները լինեն ԱՄՆ, մասոնականություն-սիոնիզմ թե մեկ այլ պետություն կամ կազմակերպություն:

Ո՞վ կարող է անվերապահորեն հայտարարել, որ որեւէ երկրում տիրող դիկտատուրան ավելի շատ չարիքներ է բերում տվյալ երկրի ժողովրդին, քան օտարի կողմից ռմբակոծությունների օգնությամբ դեմոկրատիա ներմուծելու փորձը: Ինչ ասես արժե Իրաքի օրինակը, որի տառապած ժողովուրդը «մրից դուրս եկավ, մրջուրն ընկավ»ՙ Սադդամի տիրապետության տարիների վախի մթնոլորտից հայտնվելով էլի վախի մեջՙ այս անգամ արդեն ամենօրյա ահաբեկչությունների, կարգ ու կանոն հաստատելուն միտված կամ դրա անվան տակ կատարվող անօրենությունների ու բռնությունների պատճառով: Ավելացել են միայն անկայունությունը, անվստահությունն ու անորոշությունը: Ճիշտ է, իհարկե, որ «կռվում փլավ չեն բաժանում», բայց ճիշտ է նաեւ, որ շարքային իրաքցու համար տարբերություն չկաՙ իր երեխան զոհվում է տեղական դահճի՞, թե՞ օտար «խաղաղարարի» գնդակից:

Գրեթե նույն պատմությունը նախկին Հարավսլավիայում է: Ո՞վ շահեց Հարավսլավիայի փլուզումից: Թվում էր, թե նրա կազմում նախկինում գտնվող բոլոր երկրները: Թվում էր: Իսկ հիմա կարելի է համոզված ասել, որ ոչ բոլորը, եւ առաջինըՙ Սերբիան:

Օրինակները կարելի է շարունակել, բազմաթիվ համոզիչ ու անհամոզիչ փաստարկներն էլ հետը, բայց իմաստ ունի՞ արդյոք: Դաս քաղելու համար, նույնիսկ եթե ուշ էլ չլինի, դրանից ոչինչ, բացարձակապես ոչինչ չի փոխվում. խաղն էլ է նույնը մնալու, խաղավարներն էլ:

Տխուր է այս ամենը: Թե սերբ երեխաներին ինչ են պատմելու-ասելու Կարաջիչի մասինՙ հերո՞ս է նա, թե՞ ահաբեկիչ-մարդասպան, կարծես թե մեզՙ հայերիս այնքան էլ չպետք է հետաքրքրի: Եթե միայն նույնատիպ ու նաեւ շինծու երկմտանքների առջեւ կանգնած չլինեինք մենքՙ ազգովին:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4