ԼՂՀ արտգործնախարարությունում երեկ նշեցին գերատեսչության ստեղծման 15-ամյակը: Թեպետ միջոցառումը հագեցած չէր հանդիսավորությամբ, կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված նիստում կարեւորվեց ԱԳՆ անցած ճանապարհը:
Ստեղծվելով ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին, չունենալով դիվանագիտական աշխատանքի փորձ եւ կադրային ռեսուրսներ, հատկապես 1993-1997 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում, նախարարությունը կարողացավ արտաքին քաղաքական բնագավառում շոշափելի աշխատանք կատարել: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ղարաբաղն ակտիվորեն մասնակցում էր միջազգային կառույցների շրջանակում իրականացվող` հակամարտության լուծմանն ուղղված բոլոր միջոցառումներին: Այդ հատվածը բնութագրվում է որպես ԱԳՆ առաջին նախարար Արկադի Ղուկասյանի աստեղային ժամ, որտեղ ի հայտ են եկել նրա դիվանագիտական կարողությունները, եւ որն էլ հետագայում ԼՂՀ նախագահի պաշտոնում նրա գտնվելու տարիներին մեծ ազդեցություն է թողել արտաքին քաղաքական կողմնորոշումներում:
Ելույթ ունենալով վերոհիշյալ միջոցառմանը, Ա. Ղուկասյանը հստակորեն նշեց, որ ԼՂՀ դիվանագիտական կառույցը չի կարող լինել ՀՀ դիվանագիտության կցորդը, թեեւ ռազմավարությունը նույնն է: Կա գերխնդիր` երկու հայկական պետությունների անվտանգության ապահովումը, եւ այս համատեքստում խիստ կարեւոր է համախմբել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի դիվանագիտական ողջ ներուժը: Նախկին արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի դիվանագիտական միտքը դեռեւս ասելիք ունի, քանզի անցած տարիներին ձեւավորվել են ուշագրավ ավանդույթներ:
ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը , որն արտաքին գործերի նախարարությունը ղեկավարել է 2002-2004 թվականներին, հատկանշեց ներկա փուլում արտաքին քարոզչության ակտիվացման անհրաժեշտությունը:
ԼՂՀ արտաքին գերատեսչությունն իր տասնհինգամյա գործունեության ընթացքում 5 նախարար է ունեցել: Վերոհիշյալ միջոցառմանը ներկա չէին Նաիրա Մելքումյանն ու Արման Մելիքյանը, եւ նրանց անուններն իր ելույթում հիշատակեց միայն ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Շնորհավորելով իր գործընկերներին, Արման Կիրակոսյանը ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական շահը համարեց, մասնավորապես, հաղթական իրավական հանգրվանին հասնելը, այս գործընթացում ընդգծելով երկու հայկական պետություններում ժողովրդավարության խորացման միտումները:
Բավականին համեստ էր կառույցի աշխատողների գնահատման արարողությունը: Եղան նախարարի շնորհած գերատեսչական պարգեւատրումներ: ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը դրանք հանձնելով աչքի ընկած աշխատակիցներին, հույս հայտնեց, որ հետագայում, երբ ԱԳՆ-ն հաջողությունների հասնի, կլինեն նաեւ պետական պարգեւներ: Առհասարակ, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հոբելյանական ելույթը, որը բանավոր էր, առավելապես հետագա անելիքների մասին էր: Անցած 15 տարում արտաքին քաղաքական բնագավառում եղել են շատ իրադարձություններ` քիչ արդյունքներ, շեշտեց Գեորգի Պետրոսյանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ