«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ

«Որքան էլ բանակը հագեցած լինի ժամանակակից տեխնիկայով, խնդիրը կատարում է զինվորը, իսկ մենք պատերազմ ենք հաղթել այդ զինվորի ոգու շնորհիվ»

Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց եւ ամփոփեց ՊՆ-ի աշխատանքները եւ վերջին 100 օրվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները: Սեյրան Օհանյանը մինչեւ նախարարի պաշտոն ստանձնելը անցել է դժվարին ու սխրանքներով լի մարտական ուղի, հաջողությունները զինվորական կյանքում միշտ նկատելի են` հայոց բանակում իր ներդրած մեծ ավանդի շնորհիվ: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հայոց բանակը պատրաստ է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք դրված են զինուժի առջեւ:

Նախարարի մատուցմամբ` 100 օրվա ընթացքում ավելի կարեւոր միջոցառումներից են եղել ղեկավար օրգանների պատրաստությունը, հրամանատարական օպերատիվ պատրաստության համակարգում իրականացվող միջոցառումները, օպերատիվ հավաքները:

2 խոշոր հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում նորություններ են մտցվել մարտական պատրաստության առարկաների մեջ: ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Ռուբեժ-2008» զորավարժության առաջին եւ երկրորդ փուլերը քաղաքական բնույթ են կրում, որին մասնակցում են երկրի պետական իշխանությունների ղեկավարները, օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության միացյալ շտաբի խմբերը:

Ուշադրություն է դարձվել պայմանագրային սերժանտական ծառայության կատարելագործմանը: Զինուժի պատրաստության եւ դաստիարակչական աշխատանքների գործընթացը ունեցել է լուրջ հաջողություն, ուշադրություն է դարձվել զինված ուժերի սպառազինությանը, նյութատեխնիկական այլ միջոցների արդիականացմանը: Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հնարավորություն է տրվել սպայական եւ ենթասպայական կազմին բնակարաններով ապահովելու:

«Ամենակարեւոր խնդիրը դա մարտական հերթապահությունն է. առաջին գծում կատարելագործվում եւ բարելավվում են դիրքերը` ելնելով նաեւ այն առանձնահատկություններից, որ շփման գծում անընդհատ առնչվում ես հակառակորդի հետ եւ զինվորները կարողանան անվտանգ պայմաններում իրենց ծառայությունը տանել», ընդգծեց նախարարը:

Խոսելով նաեւ բացթողումների, թերությունների մասին` նախարարը հայտնեց, որ ուշադրություն է դարձվում, որպեսզի համապատասխան քաղաքականություն եւ լուրջ մշակումներ իրականացվեն` իրադրությունը բարելավելու համար:

Ըստ նախարար Օհանյանի, 2008-ի ուսումնական փուլը զինուժի համար լարված է լինելու. «Առաջին հերթին, խոշոր զորավարժություններով մենք պարտավորվել ենք իրականացնել «Ռուբեժ-2008»-ի իրական մասը օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ` կարեւորել ենք ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվող զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաեւ ՊՆ-ի նոր շենքի շինարարական եւ կահավորման աշխատանքների ավարտը: ՀՀ նախագահի ցուցումներով այնպես պետք է արվի, որ ամեն ինչի հիմքում ընկած լինեն օրինականությունը, արդարությունը: Կաշառակերության դեմ պայքարի սկզբունքը մշտապես ուղեկցվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս գերատեսչության ղեկավարն եմ»:

Լրագրողներին հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի սահմանն անցած հայ զինծառայողի մահվան առնչությամբ պտտվող լուրերին: Նախարարը պատասխանեց. «Զինծառայողը մարտական հերթապահություն տանելու ընթացքում ինքնակամ դուրս է եկել մարտական դիրքից եւ անհետացել. ադրբեջանական կայքից իմացել ենք, որ նա թաքնվել է Ադրբեջանի տարածքում: Ծառայողական քննություն է անցկացվում, կպարզենք, թե որն է պատճառը, որ նա հայտնվել է այդտեղ: Դեպքից հետո կապ ենք հաստատել նրանց զինուժի օպերատիվ հերթապահության անձնակազմի հետ եւ աշխատանքներ են տարվում դին վերադարձնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Նախիջեւանում հայտնված 4 անձնավորություններին, նախարարի խոսքերով, ինքն ավելացնելու ոչինչ չունի:

«Ազգ»-ի այն հարցին, թե որքանո՞վ է ապահովված «Ռուբեժ-2008» զորավարժության ընթացքում զինվորների անվտանգությունը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ապահովելու ենք անվտանգությունը: Հայաստանում անցկացված բոլոր խոշորամասշտաբ զորավարժությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մենք որեւէ կորուստ չենք ունեցել»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4