«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՍՈՒՏ ՉԻ՞ ԽՈՍԻ

Նախօրեին գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ այս տարվա ծիրանի բերքը կազմել է 70-75 հազար տոննա: Այս հայտարարությունը մեզ համար բավականին ուշագրավ էր, քանզի գյուղնախարարության պաշտոնյաները մայիսին հայտարարել էին, որ ծիրանի բերքը այս տարի կլինի 60 հազար տոննա, իսկ մեկ ամիս անցՙ 100 հազար տոննա: Խորհրդային բարի ավանդույթների համաձայն, ցուցանիշներն ուռճացնելու այս հայտարարություններին անդրադարձել էինք մեր թերթի հունիսի 15-ի համարումՙ «Ծիրանի առատ բերքՙ որտեղ է իրականությունը» հրապարակմամբ, որտեղ մասնագետների տվյալների, վիճակագրական ցուցանիշների, ծիրանի այգիների տարածքների, 1 հա-ից ստացվող լավագույն բերքի, մթերման եւ արտահանման տվյալների հիման վրա այն եզրակացությանն էինք եկել, որ առավելագույնը, որ կարող է ստացվել Հայաստանում ծիրանի առատ բերքի պայմաններումՙ 75 հազար տոննան էր եւ մեկ ամսվա մեջ սպասվող բերքի ցուցանիշը 60 հազար տոննայից 100 հազար տոննայի «հասցնելը» առնվազն ծիծաղելի է: Եվ ահա գյուղնախարարության մեկ ուրիշ փոխնախարար ստիպված եղավ համաձայնել այն տվյալներին, որոնց մասին «Ազգը» գրել էր, եւ որոնք, ի տարբերություն 100 հազար տոննայի «փուչիկի», մոտ են իրականությանը:

Կարո՞ղ ենք ասել, որ գյուղնախարարությունը վերջապես կհրաժարվի ոչ ճիշտ տվյալներ հաղորդելուց, ինչը բնորոշ է այս գերատեսչությանը, ինչպես արդեն նշեցինք, սկսած խորհրդային ժամանակներից մինչեւ անկախության բոլոր 17 տարիները: Դժվար թե, քանզի ճշգրիտ թվեր չտալը այնքան է արմատացած այս գերատեսչությունում եւ նրա տեղեկատվության աղբյուր համայնքապետարաններում, որ հավատալ, թե այսուհետեւ իրական տեղեկատվություն կունենանք գյուղատնտեսության մասին, չենք կարող: Դրա ապացույցն այն է, որ ընդունելով հանդերձ ծիրանի բերքի 75 հազար տոննա ցուցանիշի իրական լինելը, փոխնախարար Սամվել Գալստյանը անմիջապես մեկ այլ սուտ ասաց, ըստ որի, անցյալ տարի ծիրանի բերքը կազմել էր 15 հազար տոննա: Մինչդեռ անցյալ տարի գյուղնախարարության ներկայացուցիչները խոսում էին 30-35 հազար տոննա բերքի մասին, իսկ պաշտոնական վիճակագրության մեջ, ի վերջո, արձանագրվեց 25 հազար տոննան: Դե արի ու գլուխ հանի, թե անցյալ տարվա բերքի մասին հաղորդած այսՙ իրարից տարբեր տվյալներից ո՞րն է սուտ, ո՞րըՙ ճիշտ: Կարող ենք եզրակացնել, որ գյուղնախարարությունից իրականությանը մոտ տվյալներ ակնկալել մոտ ապագայում հնարավոր չի լինելու: Ստելու են այնքան, քանի դեռ հարկադրված չլինեն փաստերի ճնշման տակ ճշմարտությունն ասել, ինչպես եղավ այս անգամՙ «Ազգի» հրապարակումից հետո:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4