«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


«ՎՈՎԱՆ» ՀԻԱՑՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

  «Ազգն» արդեն գրել է Հայաստանում համշենահայության շաբաթ միջոցառումների մասին, բայց համշենահայության հոգեւոր զարթոնքի մասին մեր հրապարակումը գրելիս չէինք ենթադրում, որ կբացահայտենք հայի մի յուրահատուկ տեսակ` համշենահայը, որ, ճիշտ է, նմանություն ունի, բայց առավել տարբեր է, քան նամուսով թալինցին, աղուհացով լենինականցին, մարտավարությամբ անզուգական ղարաբաղցին ... (եթե տարբերակում, ապաՙ միայն այսպիսին): Իսկ մեր հանդիպման ժամանակ տարբերակում ոչ թե երեւանցին է դնում, այլ հենց ինքը` համշենահայը, հավանաբար նկատի ունենալով հայի իր ուրույն տեսակը:

Հա՞յ ես:

Ոչ, համշենահայ:

Թերեւս, համշենահայը սեփական ինքնությանը ամենահավատարիմ հայը կարող է համարվել, քանի որ անցնելով բազմաթիվ փորձությունների` հալածանքների, եղեռնի, կրոնափոխության ու ուծացման միջով, այնուամենայնիվ, օտար միջավայրում պահել-պահպանել է սեփական հայկական դիմագիծը: Բարբառը, որ այնքան երեւակայություն եւ ջանք է պահանջում արեւելահայից` հասկանալու համար ասվածը, երգը, որ սկզբում հետաքրքրական ու քարերի պես հին է թվում, ապա եւ` պարը, որ այնքան կաքավակերպ է: Այս ամենին հաղորդակցվելու երկու առիթ ունեցանք` նախանցյալ օրը, երբ Նարեկացի արվեստի միությունում տեսանք Համշենի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդես, ապա եւ «Վովա» անսամբլի առաջին կատարումը Հայաստանում: Մեկ այլ գիտական առիթ էլ գիտաժողովն էր: (Կարդալ 3-րդ էջում)

Ցուցահանդեսը լուսանկարների մի հավաքածու էր եւ ներկայացնում էր համշենահայ ճակատները կոպեկներով զարդարուն կանանց ու աղջիկների, ինչպես նաեւ զարմանահրաշ ու առատ բուսականությամբ հարուստ գյուղական բնակավայրեր` փայտե գեղեցիկ ու հնաոճ տներով: Հանդիսատեսին էին ներկայացված նաեւ մի քանի թուրքալեզու գրքեր` Համշենի ու համշենահայերի լուսանկարներով զարդարուն:

ՆԱՄ-ը շնչում էր պատմական հայրենիքից հեռու ապրող հարազատ մարդկանց սրտի բաբախյունով, ամենուր մարդիկ ժպտում էին ու փորձում հաղորդակցվել համշենահայերենով, ռուսերենով կամ թուրքերենով: Մարդիկ հուզված էին, զգացվում էր ջերմ ու հարազատ մթնոլորտի շունչը, որ նկարների սրահում վերաճում էր հետաքրքրության, ճեմասրահում` փոխադարձ ուսումնասիրության, խոսք ու զրույցի: Հետո սկսվեց համերգը: Դրանից առաջ ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր հնչեցին բեմից: «Այսօր պատմական օր է: Նարեկացի արվեստի միության համար պատիվ է եւ պարծանք, որ լսելու ենք համշենահայերի խոսքը, երգը, տեսնելու պարը», ասաց ՆԱՄ-ի նախագահ Նարեկ Հարությունյանը , հույս հայտնելով, որ «Վովան» կշրջի նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

  Հիքմեդ Աքչիչեքը «Վովայի» ղեկավարն է: «Վովայի» միջոցով պահպանում եւ փրկում եմ մոռացությունից համշենահայության երգերը», ասում է ծնունդով հոպացի համշենահայը, որ հիմա Ստամբուլում է բնակվում: «Ասա, օնդեր, ասա» երգն եմ շատ սիրում», ասում է զրուցակիցս, որը շուտով այն պիտի կատարի բեմից:

Հետո, երբ նա կկատարի ոչ միայն իր նախընտրած այլեւ շատ երգեր, արդեն հանդիսատեսից տպավորության մասին կհարցնեմ: «Հրաշալի էր, շատ լավ, ասում է Ալինա Թոփչյանը : Ես արմատներով համշենահայ եմ: Հայրս երգում էր այս երգերը, բայց ես չէի հասկանում եւ հիմա էլ բառերը չհասկացա, բայց եւ կատարումը, եւ մեղեդիներն ու ռիթմը հասկանալի ու շատ հարազատ են ինձ», ասում է հուզված հանդիսատեսը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4