«Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Երեկ Աբովյանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը կրկին պարտություն կրեցՙ այս անգամ 0-2 հաշվով: Առաջին խաղակեսում հյուրերը բավական ակտիվ խաղ ցուցադրեցին եւ 29-րդ րոպեին, օգտվելով «Փյունիկի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի անփույթ խաղից, Կլիմենտի Ցիտաշվիլին գրավեց դարպասը: Հյուրերը ֆիզիկապես լավ էին պատրաստված, բարձրահասակ էին, ուստի հատկապես անկյունայինների խաղարկումների ժամանակ սպառնում էին դաշտի տերերի դարպասին:
Երկրորդ խաղակեսում «Անորտոսիսը» հանգստանալով ձեռք բերածով, առանձնակի ջանքեր չգործադրեց նոր հաջողության հասնելու համար: Իսկ «Փյունիկին» հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր առնվազն 3 գնդակ խփել: Նշենք, որ փյունիկցիները հենց երեք գոլային իրական պահեր էլ ստեղծեցին, սակայն Վարդան Պետրոսյանը դրանցից եւ ոչ մեկը չկարողացավ իրացնել: 63-րդ րոպեին նա մեն մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, բայց հապաղեց եւ պաշտպանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը: 76-րդ րոպեին նա կրկին հայտնվեց հարվածային դիրքում, բայց այս անգամ էլ հարվածը շեղ ստացվեց: Քիչ անց նրա գլխի հարվածը դիպավ դարպասի ձողին: Իսկ ահա հյուրերն ավելի հաջողակ գտնվեցին եւ խաղավարտից 4 րոպե առաջ Ֆրուսոսը կրկնապատկեց հաշիվը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ