Ղարաբաղի երաժշտական համույթները միշտ չէ, որ կարողանում են մասնակցել միջազգային փառատոների: Պատճառը միայն երկրի չճանաչված լինելը չէ, հաճախ արտերկիր մշակութային միջոցառումների մեկնելու խոչընդոտը ֆինանսականն է լինում:
Այդպես էր նաեւ «Մենք ենք, մեր սարերը» ԼՂՀ պետական ազգագրական համույթի` «Բալթիկա-2008» ազգագրական փառատոնին մասնակցելու պարագայում: Համույթի ղեկավարությունը փորձեց Արցախում հովանավոր գտնել Մերձբալթիկա մեկնելու համար, բայց նրանց ջանքերն ապարդյուն անցան: Խմբին ձեռք մեկնեց Երեւանում գործող «Մանանա» բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Ալեքսան Զաքյանի անմիջական օժանդակությամբ խումբը ի վերջո մեկնեց Բալթիկայի ափեր:
«Մանանա» ԲԿ-ի նախագահի մատուցմամբ, միջազգային այդ հեղինակավոր փառատոնը կազմակերպվում է Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի միջպետական համաձայնագրի շրջանակներում` նպատակ ունենալով պահպանել ու տարածել բանահյուսական արվեստը: Փառատոնին մասնակցում էին 11 երկրներից ժամանած համույթներ, որոնց թվում Ղարաբաղը ներկայացված էր իբրեւ առանձին պետություն: Նշենք, որ ԱՊՀ երկրներից փառատոնին մասնակցում էր միայն Ուկրաինան:
«Մենք ենք, մեր սարերը» համագործակցելով տեղի հայկական համայնքի հետ, համայնքի նախագահ Արայիկ Թումյանի գործուն օժանդակությամբ, հանդես է եկել նաեւ մի շարք քաղաքներում, ամենուրեք ջերմ ընդունելության արժանանալով:
Այնքան տպավորիչ էր Արցախի երգիչների ելույթը, որ ԼՂՀ պետական դրոշի փողփողումը նատոյական երկրի հրապարակում` լիտվացիները միանգամայն օրինաչափ են համարել: Հենց համերգի ժամանակ, համույթին համերգներով հանդես գալու առաջարկ են ներկայացրել էստոնացիները: Հաջորդ տարի փառատոնը կկազմակերպվի Ռիգայում, որին մասնակցելու հրավերը դարձյալ առկա է: «Մանանայի» նախագահն ու համույթի տնօրեն Սլավա Ապրեսյանը հույս ունեն, որ հաջորդ տարի ԼՂՀ իշխանությունները ֆինանսապես կաջակցեն փառատոնին: Ալեքսան Զաքյանի խոսքով, այդ մասին արդեն պայմանավորվածություն կա վարչապետ Արա Հարությունյանի հետ: Ի դեպ, վարչապետը խոստացել է փոխհատուցել «Բալթիկա-2008»-ի մասնակցության հետ կապված ծախսերը:
Համույթի անդամները ոգեւորությամբ են խոսում հայ ազգագրության նկատմամբ եվրոպացիների բուռն հետաքրքրության մասին: Նրանց հատկապես դուր են եկել արցախյան տարրերը, որոնք հայ ժողովրդական բանահյուսության բաղկացուցիչն են փառատոնի կազմակերպիչների կողմից գնահատվել են հենց այդ համատեքստում:
Շուրջ վեց տարվա կենսագրություն ունեցող «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթի համար միջազգային փառատոնին մասնակցելն ու նոր հրավերներ ստանալը լուրջ հաջողություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ համույթի կատարողները չճանաչված երկրի ներկայացուցիչներ են: Այստեղ թերեւս տեղին է հիշել ֆրանսիացի պետական մեծ գործչի հայտնի խոսքերը այն մասին, թե` մշակույթը Ֆրանսիայի նավթն է: Այսօր Ղարաբաղն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցներից մեկն էլ ազգագրական արվեստն է, որով շատ հարուստ է Արցախը: Իսկ դրա համար ոչ միայն պետական գանձարանից ուղղվող միջոցները, այլեւ հայ գործարարների բարեգործական հատկացումները միշտ անհրաժեշտ են: Մեր զրույցի ընթացքում համույթի տնօրեն, գեղ. ղեկ. Սլավա Ապրեսյանն այդ մասին համեստորեն լռեց, բայց «Մենք ենք, մեր սարերը» նույն այդ նպատակով նյութական աջակցությունների կարիք իսկապես ունի: Փոխհատուցումը, համոզված ենք, միջազգային բեմերում համարժեք կլինի:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ք. Ստեփանակերտ