Հաշմանդամության ինտեգրումը հասարակության լայն շրջանակներին քաղաքակրթության հրամայականն է մեր ժամանակներում: Մարդասիրական այս նպատակը քաղաքակիրթ կամ քաղաքակրթվող երկրներում հատուկ եւ բազմակողմանի ուշադրության կարիք ունի: Չէ՞ որ հաշմանդամությունը ոչ միայն հաշմանդամի, այլեւ նրա անգիտակից շրջապատի եւ նույն հասարակության համար կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել, եւ արդ, կենցաղային դժվարությունն ու ֆիզիկական անհարմարությունը սեղմում են բազմապատիկ ուժով: Թերեւս նաեւ այս նպատակով «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իր հայտարարած «Արեւածաղիկ» լրագրողական մրցույթին զուգահեռ եւս մեկ անգամ անդրադարձավ հաշմանդամների խնդիրների լուսաբանման մանրամասներին:
Երեկ հրավիրված սեմինարի նպատակն էր լրագրողների ուշադրության կենտրոնում պահել ինչպես էթիկայի խնդիրները` հաշմանդամության հետ կապված թեմաներ լուսաբանելիս, այնպես էլ հրապարակումներում ավելի բազմազանություն եւ համարձակություն մտցնելը: Մասնավորապես Զարուհի Բատոյանը , որ նաեւ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիրն է, ներկաների համար առանձնացրեց ավելի քիչ շոշափվող թեմաները` հաշմանդամները մասնակից են քաղաքական գործընթացներին, թե` ոչ, ինչպե՞ս են նրանք հանգստանում, եթե իհարկե, հանգստանում են ընդհանրապես: Նա նշեց նաեւ, որ լրագրողական հրապարակումներում քիչ են պատահում հաշմանդամի թույլտվությամբ նրա անձնական կյանքի մանրամասներով համեմված աշխատանքներ, ներառական կրթության մանրամասներին եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պրոբլեմներին վերաբերող նյութեր, ինչպես նաեւ հրապարակումներում հատուկենտ են օրենսդրական դաշտից մեջբերումներ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ