«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2008-07-24 | #142, 2008-07-25 | #143, 2008-07-26


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

Աբդուլլահ Գյուլը հայացք նետեց դեպի Հայաստան, սակայն որեւէ դրական ուղերձ չհղեց

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Անի-Կարս

Ինչպես գրել էինք «Ազգի» երեկվա համարում, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր թերթի նախկին լրագրողներից, այսօր «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթի մեկնաբան Թաթուլ Հակոբյանի թղթակցությունը Կարսից ու Անիի ավերակներից: Նա միակ հայ լրագրողն էր, որ տեղում հետեւել է Թուրքիայի նախագահի Կարս այցելությանը: «Ազգի» համար պատրաստած այս հրապարակման մեջ, ի տարբերություն «Ռիփորթերի» անգլերեն տարբերակի, հեղինակը որոշ հավելումներ եւ փոփոխություններ է կատարել: Լուսանկարները եւս հեղինակինն են:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հնարավորինս մոտեցավ հայկական սահմանին, նախ հայացք նետեց դեպի ներքեւի կիրճը, որով հոսում է Ախուրյանը եւ միմյանցից բաժանում ժամանակակից Թուրքիան ու Հայաստանը, ապա ուշադիր սկսեց նայել միջնադարյան կիսաավերակ կամրջին, շրջվեց դեպի պատվիրակության անդամները եւ թուրքերեն ինչ-որ բան ասաց: Այն պահին, երբ նա արդեն մեջքով դեպի Հայաստանն էր, որսացի պահը եւ անգլերեն հարցրեցի` արդյոք Թուրքիայի նախագահը չի՞ պատրաստվում ուղերձ հղել առ Հայաստան, ինչպես ավելի վաղ ենթադրել էր թուրքական մամուլը:

Գյուլը իրեն բնորոշ քաղաքավարությամբ բեղերի տակից լայն ժպտաց եւ թուրքերեն ասաց` մոտ արի: Ինձ միացավ նաեւ «Միլիեթի» լրագրողուհին, եւ թուրք լուսանկարիչներն ու օպերատորները արձանագրեցին պահը. Գյուլը լուսանկարվում է հայ լրագրողի հետ: Եթե հայ լրագրողի հետ լուսանկարվելը դրական ուղերձ է, ինչը կտրականապես վիճարկում եմ, ապա դա նշանակում է, որ Թուրքիայի նախագահի սպասված դրական միակ ուղերձը առ Հայաստան հենց հայ լրագրողի հետ լուսանկարվելն էր:

Թուրքիայի նախագահի այցը Հայոց Բագրատունյաց Անի քաղաքամայր համընկել էր իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության համար բարդ ժամանակների հետ: Նա երկրի առաջին նախագահն է, որ ժամանում էր միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք: Գյուլին ուղեկցող մի քանի տասնյակ թուրք եւ եվրոպացի լրագրողները պնդում էին, որ ինքնին Թուրքիայի նախագահի մեկնումը Անի հայ-թուրքական ճգնաժամային հարաբերություններում շատ կարեւոր եւ դրական ցուցիչ է: Միգուցե դա ճիշտ է, բայց փաստ է նաեւ, որ Անիից Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կամ հայ ժողովրդին դրական կամ որեւէ ազդանշան չուղղեց:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին առաջիններից մեկը շնորհավորեց հենց Գյուլը, ապա հետեւեցին վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի շնորհավորական ուղերձները իրենց հայ գործընկերներ Տիգրան Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին: Վերջերս հայտնի դարձավ, որ հայ-թուրքական երեք փուլանոց խորհրդապահական հանդիպումներ են կայացել Շվեյցարիայում:

Հունիսի 23-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծման, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»:

Հուլիսի 9-ին ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլում» Սարգսյանը գրեց. «Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը: Ես հրավիրում եմ իմ թուրք պաշտոնակից Ադբուլլահ Գյուլին Հայաստան եւ մարզադաշտում միասին դիտելու խաղը: Դրանով իսկ կազդարարենք մեր հարաբերությունների նոր խորհրդանշական սկիզբը»:

Հուլիսի 24-ի մայրամուտի հետ Աբդուլլահ Գյուլը հնարավորինս մոտեցել էր Հայաստանին: Նախագահական «կորտեժի» եւ ուղեկցող տասնյակ թիկնապահների ու նշանառուների հետ ներս մտնելով Անիի ավերակներ, Գյուլն առաջինը կանգ առավ 1034 թվականին կառուցված եւ կիսավեր Սուրբ Փրկիչ եկեղեցու հարեւանությամբ: «Անին մեզ համար շատ կարեւոր վայր է, որովհետեւ թուրքերը Անատոլիա են եկել այստեղով», ասաց Գյուլը թուրք լրագրողի հարցին ի պատասխան:

Ապա Գյուլը մոտեցավ թուրք զինվորներին եւ հարցրեց, թե հայերը շարունակո՞ւմ են պայթեցումները դիմացի քարհանքում: «Երբեմնՙ այո», պատասխանեցին զինվորները: Սա արդեն անուղղակի մեղադրանք էր Հայաստանի հասցեին: Թուրք պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ մեղադրում են Հայաստանին, իբր Ախուրյանի ձախ ափին քարհանքի պայթեցումներից են նաեւ ավերվում անմարդաբնակ քաղաքի կոթողները:

Թուրքիայի նախագահը շարժվեց դեպի դարավանդի պռնկին կանգնած Տիգրան Հոնենց եկեղեցի, անխոս մի քանի վայրկյան նայեց դեպի Հայաստան, ապա ուղղվեց Մայր տաճար: Ինձ համար դժվար է ասել, թե ինչ զգացումներ են ունենում թուրքերը, երբ լինում են Անիում ու հատկապես Մայր տաճարում, լինի երկրի նախագահը, թե Անիի հարեւանությամբ գտնվող Օջախլը գյուղի մեկ հարկանի ու գետնափոր տներում բնակվող որեւէ թուրք: Թարգմանության հարցում ինձ օգնող երիտասարդ թուրքը, որ, իր ասելով, ավելի քան հարյուր անգամ ման է եկել Անիում, ինձ ու Փարիզի «Մոնդ» թերթի թղթակցին ասաց. «Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, չասեմ տխրության, բայց մելանխոլիայի զգացում է պատում ինձ»: Հետո հիշեց Հրանտ Դինքին, որն Անիում սիրում էր բարձրանալ եւ քայլել պարիսպների վրայով:

Մայր տաճարում թուրք պաշտոնյաները մի քանի րոպե Գյուլին ինչ-որ բան էին բացատում, իսկ նախագահը աչքերով ման էր գալիս եկեղեցու ներսի պատերի վրայով: Ապա պատվիրակությունը այցելեց սելջուկյան շրջանի մի կառույց ու Էբուլ Մանուչեր մզկիթ:

Մութն ընկնում էր, երբ Անիից շարվեցինք դեպի Կարս: Հաջորդ առավոտյան` հուլիսի 24-ին, տեղի էր ունենալու մի արարողություն, որի համար էր հենց Կարս ժամանել Աբդուլլահ Գյուլը: Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Միխեիլ Սաակաշվիլու մասնակցությամբ կայացած արարողությամբ ազդարարվեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեկնարկը: Սա Հայաստանը շրջանցող հերթական տարածաշրջանային նախագիծն է:

Կարսի քաղաքապետարանում Գյուլին հարցրել էի, թե հնարավոր չէ՞ Հայաստանի հետ վերականգնել Անիում գտնվող եւ Ախուրյանի վրայի միջնադարյան կիսաավերակ կամուրջը, որը ոչ միայն ցամաքով միմյանց կկապեր ժամանակակից Հայաստանն ու Թուրքիան, այլեւ սկիզբը կդներ երկու երկրների միջեւ մի նոր կամրջի: Թուրքիայի նախագահին հարցրել էի նաեւ, թե պատրաստվո՞ւմ է ընդունել իր հայ գործընկերոջ հրավերը եւ սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հետ միասին դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

«Նախ ուզում եմ ասել, որ ես շնորհակալություն եմ հայտնել նախագահին հրավերի համար: Մենք դեռեւս որեւէ որոշում չենք ընդունել: Մեր քաղաքականությունը շատ պարզ է: Մենք ուզում ենք լավ հարեւանություն: Մենք ուզում ենք լավ համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Որոշ խնդիրներ կան, այդ խնդիրները պետք է վերացվեն: Մենք ուզում ենք այս տարածաշրջանը տեսնել կայուն եւ խաղաղ: Տարածաշրջանի բոլոր երկրները կարող էին միանալ տարածաշրջանային նախագծերին, եթե ճանաչեն հարեւանների տարածքային ամբողջականությունը», ի պատասխան ասաց Գյուլը:

Թուրքիայի նախագահը հավանաբար չի գա Երեւան: Դրա համար թուրքական կողմն ունի արդարացված ու չարդարացված մի շարք պատճառներ, որոնցից ոչ երկրորդական են Թուրքիայի այսօրվա ներքաղաքական բարդ իրավիճակն ու այն դժվարությունները, որոնց դիմագրավում է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4