Ֆրանսիայի Ամիեն քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց Ալլա Սամվելյանը: 17-ամյա մարզուհին մրցանակակիր դարձավ մինչեւ 58 կգ քաշայինների մրցավեճում:
Առաջին վարժությունում Ալլան այնքան էլ հաջող հանդես չեկավՙ բարձրացնելով 72 կգ-անոց ծանրաձողը: Այդ արդյունքը 14 մասնակիցների մեջ 4-րդն էր: Իսկ լավագույն ցուցանիշին հասավ գերմանուհի Սաբինե Կուստեռերը (82 կգ): Ի պատիվ հայ մարզուհու, Սամվելյանն իրեն գերազանց դրսեւորեց հրում վարժությունումՙ գերազանցելով բոլորին: Նա հաղթահարեց 99 կգ ծանրությունը եւ հրում վարժությունում արժանացավ ոսկե մեդալի: Դա հնարավորություն տվեց Ալլային երկամարտի 171 կգ (72+99) արդյունքով դառնալու առաջնության բրոնզե մրցանակակիր: Ընդ որում, 2-րդ տեղը զբաղեցրած թուրք մարզուհի Էդա Չաքալը երկամարտում նույնպիսի արդյունք էր ցույց տվել: Ալլան ընդամենը 180 գրամով ծանր էր Չաքալից, այլապես կդառնար Եվրոպայի փոխչեմպիոն: Իսկ ոսկե մեդալը նվաճեց գերմանուհի Սաբինե Կուստեռերըՙ 175 կգ (82+93):
Մինչեւ 63 կգ քաշային մարզուհիների մրցավեճում Հայաստանը ներկայացուցիչ չուներ: Այստեղ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Նատալյա Կավերինան: Նա երկամարտում ցույց տվեց 210 կգ (95+115) արդյունք: Մինչեւ 69 կգ ծանրորդների մրցավեճում հայաստանցի Վարդգես Կարապետյանը 17 մասնակիցների մեջ երկամարտի 250 կգ (117+133) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Իսկ լավագույնը ռուսաստանցի Ալբերտ Սայախովն էրՙ 279 կգ (126+153):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ