ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Երբ Պեկինի «Կապիտալ» օդանավակայանում ինձ դիմավորող սիրունիկ Յոյոյին հյուրանոց գնալու ճանապարհին հարցրեցի, թե ի՞նչ են խորհրդանշում Չինաստանի գերբի ու դրոշի վրա մեկ մեծ ու չորս փոքր աստղերը, չկարողացավ պատասխանել. միայն ասաց, որ մեծը հավանաբար խորհրդանշում է Կոմունիստական կուսակցությունը, իսկ փոքրերի համար խոստացավ բացատրություն տալ հետո:
Յոյոն շատ էր ուրախացել, որ ԱՊՀ երկրներից ժամանած լրագրողների մեջ հանդիպել էր գեթ մեկին, որ գիտեր անգլերեն: Ավտոմեքենայում անընդհատ շաղակրատում էր: Ինքը ռուսերեն չգիտեր, ինձնից առաջ ժամանած մյուս լրագրողների հետ չէր կարողացել զրուցել, բայց շատ էր ուզում լավ կատարել իր պարտականությունը: Ոչ, ինքը մեզ հյուրընկալող արտգործնախարարության աշխատակիցը չէր, այլ որպես մասնավոր տուրիստական ֆիրմայի վարիչ վարձվել էր նախարարության կողմից: Նոր էր ֆիրման, եւ ինքը, մյուս աշխատակիցների հետ, բոլորն էլ իր նման ջահել, շատ էր ուզում ամեն գնով գոհ թողնել պատվիրատուին, մանավանդ որ դիմացը օլիմպիական խաղերն են, լավ պատվերներ կարող է ընդունել:
Իսկ Չինաստանի մայրաքաղաքը ոչ թե ապրում, այլ տառացիորեն շնչում է օլիմպիական հեւքով: Արդեն ժամկետից շուտ, ավարտվել են շինարարական աշխատանքները, մնում է հարդարման, կանաչապատման, «փայլեցման» գործը: Նաեւՙ բազմատեսակ ու բազմաքանակ թրեյնինգները: 1,5 միլիոն երիտասարդ է դիմել կամավորական աշխատանքների համար: Նրանցից պետք է ընտրել ընդամենը 10 հազարինՙ մարզիկներին, մարզասերներին ու հյուրերին տեղավորելու, օգնելու համար: Բոլորն էլ պետք է մի քիչ տիրապետեն անգլերենին: Վերջինս պարտադիր է նաեւ Պեկինի տաքսիստների համար: Եթե անգլերեն դասընթացներին չես մասնակցել, օլիմպիադայի օրերին քաղաքի համապատասխան ուղղություններով տաքսի չես կարող վարել:
Օտար լեզվի իմացությունն իսկապես հարց է այս երկրում: Դարեր շարունակ ինքնապարփակ եւ ինքնամեկուսացած մնալովՙ չինացիք քիչ են շփվել օտարների հետ, հատկապես երկրի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում: Նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցներում քիչ են անգլերեն, առավել եւս ֆրանսերեն խոսողները: Եվ այժմ Չինաստանն անգլերեն է սովորեցնում ինքն իրեն:
Վերջին արտահայտությունս փոխառություն է տարիներ առաջ BBC ռադիոկայանի մի լրատվությունիցՙ «Այսօր Չինաստանն սկսեց հաշվել ինքն իրեն»: Մարդահամարի այսպեսՙ անգլիական հումորով ներկայացումն անշուշտ բնավ չի մեղմում այս երկրի գլխավոր խնդիրըՙ 1 միլիարդ 300 միլիոն: Բնակչության թվի կրճատման ամենախիստ միջոցառումները (չինացիք իրավունք ունեն ընդամենը 1 երեխա ունենալու) զգալի արդյունք կարող են տալ միայն 2020 թ.-ին: Մինչ այդ... պետք է անգլերեն սովորել, այլ խոսքովՙ աշխատել անընդհատ: Մի բան, որը չինացիք անում են հազարամյակներ ի վեր: Բայց իմ տպավորությամբ ամենահատկանշականը ոչ թե նրանց աշխատասիրությունն է, այլ պատասխանատվության գիտակցությունը: Ինչ էլ որ անեն, փողոցը մաքրեն, հիմնարկի առաջ պահակ կանգնեն, ավտոմայրուղիներ թե երկնաքերներ կառուցեն, գործարաններում մանրաչիպեր կպցնեն, բրնձի դաշտերը մշակեն, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկենՙ չինացիք հարցերին մոտենում են մանրամասնյալ բծախնդրությամբ, պատասխանատվությամբ: Նույնըՙ 29-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպման հանդեպ է, որը նրանց համար պատվի եւ արժանապատվության խնդիր է նաեւ: Եվ արեւմտյան ողջ հակաքարոզչությունըՙ Տիբեթի խնդիր, էկոլոգիական հարցեր, նույնիսկ աղետալի երկրաշարժ ու ջրհեղեղ, ավելի են ամրացրել հանգիստ փութաջանությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելու նրանց հաստատակամությունը:
Օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին ես դեռ առիթ կունենամ գրելու: Սակայն մինչ այդ ասեմ, որ սպասարկման ոլորտում քաղաքավարությունը, օգնելու պատրաստակամությունը, հյուրընկալ ժպիտը, մինչեւ վերջին մանրադրամը հետ վերադարձնելու տաքսիստների պարկեշտությունն իսկապես օրինակելի են հատկապես մեզՙ հայաստանցիներիս համար: Միայն թե նույնը չեմ կարող ասել տարադրամի փոխանակման համարՙ միայն Bank of China-ի մասնաճյուղերում, մեկ էլ մեծ հյուրանոցներում կարելի է այդ «դժվար» գործն իրականացնելՙ զանազան թղթեր լրացնելուց հետո...
Ու քանի որ սպասարկման ոլորտի մասին մի քիչ խոսեցի, աններելի է զանց առնել մեծ քաղաքներից անխուսափելի... պոռնիկներին: Նրանց հանդիպեցի, ավելի ճիշտՙ նրանք ինձ հանդիպեցին տարբեր քաղաքների տարբեր հյուրանոցների մերձակայքում: «Մասա՞ծ, մասա՞ծ», հարցնում են նրանք անցնող օտարերկրացիներին, օգտագործելով իրենց մասնագիտական ողջ բառապաշարըՙ անգլերեն (հաց վաստակելու համար նրանք ավելի շուտ են գնացել օտար լեզու սովորելու զոհողության): Անշուշտ, «մասածը» միայն մերսում չի նշանակում նրանց սլենգում: Ու երբ ժխտական պատասխան են ստանում, ցածր ձայնով հայտնում են, որ ավելի ջահել աղջիկներ էլ կան տրամադրության տակ (թեեւ միայն փորձված աչքը կարող է որոշել չինուհիների տարիքը, բոլորն էլ երիտասարդ են երեւում): Բայց նրանց ամենավառ ներկայացուցիչներին պիտի հանդիպեի ավելի ուշ, սահմանամերձ Ռուիլի քաղաքի շուկայում: Չորսն էին նրանք, չորս էլ մի... բոյի: Զարդարուն գլխարկներով, զանգուլակներով, կիսաբաց կրծքերով, թանձր քսված ու քսմված, վերջապեսՙ արհեստի բոլոր ատրիբուտներով պճնվածՙ իրենց ծառայություններն էին առաջարկում: Ուզեցի նրանց լուսանկարել: Մերժեցին, ավելի շուտՙ փող պահանջեցին: Չվճարեցի, մտածելով, որ այդպես նրանք դավաճանում էին իրենց նեղ մասնագիտությանը: Ափսոս:
***
Յոյոն հարցիս պատասխանը բերեց: Հաջորդ առավոտ «Մեծ պարիսպ» գնալու ճանապարհին նա բացատրեց, որ փոքր աստղերից մեկը խորհրդանշում է Չինաստանի գյուղատնտեությունը, մյուսըՙ բանվորությունը, հաջորդըՙ մտավորականությունը, իսկ վերջինըՙ ազգային կապիտալը: Ազգային կապիտա՞լ: Հըմմ: Եթե Մաո Ցզե Դունը իսկապես գիտակցել է դրա կարեւորությունը, գլխարկ պետք է հանել նրան ի պատիվ: Այդ կապիտալն է, դրսումՙ չինական տարբեր գաղթօջախներում ու չայնաթաուներում, Հոնկոնգում, թե այլուր, որ թթխմորն է դարձել վերջին 20-30 տարիների տնտեսական բուռն, ես կասեիՙ կատաղի զարգացման համար:
***
Ասում ենՙ երկու հազար տարի առաջ կառուցված «Չինական պարիսպը» բնավ էլ չի օգտագործվել նախահարձակներին հետ մղելու նպատակով: Ոմանք հեգնում են այդ հանգամանքը: Զարմանում եմ, հեգնելու ոչինչ չկա: Ընդհակառակն: Այդ պարսպի գոյությունն է մտքափոխ արել, տարհամոզել ու զսպել բոլոր ագրեսորներին, այդ թվումՙ մոնղոլ-թաթարներին:
Իսկ ինքը, գոնե պարսպի զառիվեր այն հատվածը, որը քաշ կորցնելով բարձրացանք, զարմանալիորեն շքեղ է եւ ազդեցիկ: Այստեղ էլ առեւտուրը աշխույժ է: Որոշակի տարածություն անցնելուց հետո փոքրիկ գրասենյակ կա, ուր կարելի է մտնել, որոշ վճարում կատարել եւ ստանալ կնքված ու պաշտոնական սերտիֆիկատՙ հավաստագիր, թե հաղթահարել ես բարձունքը: Կա նաեւ մի տեղ, ուր կողպեքներ են վաճառում: Կարող ես գնել դրանցից, վրան փորագրել տալ սիրածիդ անունը, խոստանալ հավերժական սեր, կողպեքը անցկացնել պարսպի բազրիքներից եւ բանալին գցել ներքեւի անդունդն ի վար եւ կամ... պահել գրպանումդ, մինչեւ...
Պարսպի ներքեւում բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ կային: Եկել էին էքսկուրսիայի: Հետաքրքրությամբ դիտում էին մեզ այնպես, ինչպես երեւի առաջին անգամ Ռոբինզոնն էր դիտել իր Ուրբաթին: Ավելի համարձակները մոտենում եւ խնդրում էին լուսանկարվել, հատկապես ուկրաինուհի գեղեցիկ Նատաշայի հետ, որը շատ էր տենչում, որ իր երկիրն օր առաջ մտնի ՆԱՏՕ եւ Եվրոմիություն, մինչդեռ Տաջիկստանից եկած լրագրող Սուլթանն անընդհատ ձեռ էր առնում նրան, խոսքի արանքում չմոռանալով «նախշել» նաեւ... Սաակաշվիլուն, որն այնքան շատ է սիրում Կիեւ գնալ-գալ:
***
Չինացիք շատ քիչ բան գիտեն, եթե գիտեն, Հայաստանի ու հայերի մասին: Թեեւ, 4-րդ դարից սկսած հայերն աշխույժ առեւտուր են ունեցել Չինաստանի հետ, անգամ գինի են վաճառել նրանց: Այսուհանդերձ, արտգործնախարարությունում, որտեղ մի փոքր հանդիպման առիթ եղավ, գիտեին մեր երկրի մասին, գիտեին նաեւ, անշուշտ, որ հայ մասնագետներն այժմ «Նաիրիտի» նմանակն են կառուցում իրենց մոտՙ արհեստական կաուչուկ արտադրելու: Առիթն օգտագործելովՙ շնորհակալություն հայտնեցի, որ իրենց կառավարությունն արգելել է ներդնողներին մասնակցել Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցմանը: Պատասխանեց, որ, համենայնդեպս, իրենց քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային խաղաղության, հարավկովկասյան երկրների անկախ պետականությունները զարգացնելու գործում աջակցություն ցույց տալու վրա:
Ի դեպ, Չինաստանում 10-օրյա կեցությանս ընթացքում չհանդիպեցի ոչ մի հայի: Տարօրինակ: Երեւի պետք էր Նանինգ գնալ, որտեղ ունենք մի փոքրիկ գաղթօջախ: Հայկական հետքի հանդիպեցի միայն Քուսնմինգ քաղաքի կենտրոնում, «Սպիտակ կարապի լիճ» հյուրանոցի մերձակայքում: Մի ամբողջ թաղամաս էր, մի 12-15 շինություններով, որոնց բոլորի վրա կար միեւնույն արձանագրությունըՙ Shamlian Building, 1878-1912: Ուրիշ ոչինչ: Հետաքրքրվեցի. այդ վայրը եղել է երկաթուղու կայարան, իր հարակից մասնաշենքերով ու գրասենյակներով: Շոգեքարշերից մեկը դեռ այնտեղ էր, սրճարանի վերածված:
***
Հայ, այն էլ նախկին խորհրդային երկրներից ժամանածների խմբում, առանց շուկայի եւ առեւտրի (ուկրաինուհի Նատաշան այդ բառն արդեն եվրոպականացրել էրՙ shopping, ինչը դարձյալ արժանանում էր Սուլթանի հեգնականжопинг-ին)ՙ չի կարելի պատկերացնել: Այցի կազմակերպիչներն առաջարկեցին առեւտրի գնալՙ նախապես «ստուգելով» խմբի գնողունակությունը: Կարծեմ Շենժեն քաղաքում էր: Մալաթիայի կամ Հրազդանի մեր տոնավաճառները ձեզ օրինակ: Միայն թե ավելի բազմատեսակ: Այստեղ էլ պետք է սակարկել, բայց ավելի վայրենի ձեւով: Եթե վաճառողն առաջարկեց 100 յուան, ապա ոչ թե 20 կամ 40 պետք է իջնել, այլ... 80: Բնավ զայրանալ կամ զարմանալ չկա դիմացի կողմից: Ձեռքի հաշվիչի վրա առաջարկում է իր իջեցրած գինը, որի դիմաց կարելի է մի քիչ բարձրացնել քո գինը, մինչեւ որ համաձայնությունը մի ինչ-որ կետի կայանա:
Առիթ ունեցա լինելու նաեւ միջին ու բարձր մակարդակի խանութներումՙ որակյալ եւ առավել բարձր որակի ապրանքներն անպակաս են: Այստեղ արդեն չի կարելի սակարկել, այլ միայնՙ discount (զեղչ) խնդրել: Կարող են ընդառաջել: Եվ արդեն, եվրոպական ու ամերիկյան միջին եւ թանկ խանութներում ցուցադրված հագուստեղենի մեծ մասն այս եւ հարեւան երկրներից չե՞ն:
***
Հակառակ զարգացման բուռն տեմպերին, Չինաստանն ունի հսկայական խնդիրներ, որոնցից գլխավորը, բնակչության թվից հետո, էկոլոգիական խնդիրն է: Տասնամյակներ շարունակ երկրում զարգացող ծանր արդյունաբերությունը, քիմիական արտադրությունները եւ, հատկապես, էներգետիկ բնական մյուս ռեսուրսներիՙ սեփական նավթի ու գազի բացակայության պայմաններում քարածխի օգտագործումը, երկիրը դրել են աղետալի վիճակի մեջ, ինչի դեմ այժմ պայքարում են բոլոր ճակատներում: Մայրաքաղաք Պեկինում հուլիսի 8-ից անձնական օգտագործման ավտոմեքենաներն անցել են ըստ համարանիշի կենտ ու զույգ օրերի դրության երթեւեկելուն: Ֆիլտրացման ու մաքրման նորագույն սարքավորումներ են տեղադրվում ամբողջ երկրի գործարաններում, եւ արդեն, ըստ պաշտոնական տվյալների, նախորդ տարվա հետ համեմատածՙ 2007-ին 30 օրով ավելացել է մթնոլորտային մաքուր օրերի քանակը: Զարկ է տրվում այլընտրանքային էներգիայի միջոցներին: Ըստ BBC հեռուստակայանի, Չինաստանում հողմաէլեկտրակայաններն սկսել են հայթայթել սպառվող էլեկտրահոսանքի 1 տոկոսը: Ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքների վրա միլիարդներ են ծախսվում:
Ինձ մանավանդ տպավորեց ճանապարհաշինությունը: Ավտոբուսով հազարավոր կիլոմետրեր անցանք, մայրուղիները ոչնչով չեն զիջում անգամ ամերիկյաններին: Ավելին. այստեղ ճանապարհ կառուցելՙ նշանակում է նաեւ անտառապատել ամբողջ շրջակայքըՙ գրեթե իրար կպած մայրու, սոճու եւ այլ ծառատեսակներով: Նախանձեցի հատկապես լեռնային վայրերով անցնող մայրուղիների երկու կողմից բարձրացող բլուրների բուսապատմանը: Ասեղնագործի աշխատանք: Բլուրն ի վեր բետոնից հյուսել են փեթակներ, բջիջների մեջՙ կախվող կամ մագլցող բույսերով: Դրանք ոչ միայն հողի սողքը արգելելու, այլեւ հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրերով կանաչ մակերեսները, թթվածնի պաշարները մեծացնելուն են ծառայում:
Պակաս տպավորիչ չէին նաեւ քաղաքների միջով անցնող արագընթաց մայրուղիները, բոլորն էլ էստակադաների վրա, միայն բազմաբնակարան փողոցներով անցնելիսՙ ձայնախլացուցիչ գեղեցիկ միջնորմներով պաշտպանված: Դա էր պատճառը, որ քիչ էին երթեւեկային խցանումները:
Եղանք մանկական խաղալիքների մի մեծ գործարանում, որտեղ մեզ բացատրեցին, որ իրենց արտադրանքը 99.70 տոկոսով համապատասխանում է ամերիկյան պատվիրատուների պահանջ-ստանդարտներին: Այդ դեպքումՙ ինչո՞ւ արեւմտյան լրատվամիջոցների սարքած այս մեծ աղմուկը չինական խաղալիքների դեմ: Չբացատրեցին, սակայն ասացին, որ ամերիկյան խաղալիք արտադրողների ընկերակցության նախագահն անձամբ եկել եւ ներողություն է խնդրել արհեստական բարձրացված աղմուկի համար: Փաստՙ որին չեն անդրադարձել CNN-ն ու BBC-ն, ազդեցիկ մյուս լրատվամիջոցները:
***
Յոյոյի բացատրությամբ առաջին «փոքր աստղի»ՙ բանվորությանը հանդիպելու առիթներ շատ չունեցանք, եթե չհաշվենք դեղագործական, հիշածս խաղալիքների, հեռակապի միջոցների եւ ավտոմեքենաների (Honda) մեկական գործարաններում, ավելի ճիշտՙ քաղաք-ֆաբրիկաներում կայացած շրջագայությունները: Չորսն էլ գերարդիական, չորսն էլՙ լայն բացված դեպի արտաքին աշխարհ: Մասնագիտացած տասնյակ հազարավոր արհեստավորներ, մեծամասամբ երիտասարդ տարիքի, մաքուր, լուսավոր եւ ներկայանալի պայմաններում աշխատում էին անշշուկ, միջին հաշվով ամսական ստանալով 400 դոլարի ռոճիկ: Համենայն դեպս, դատելով մարդկանց մեծ մասի հագնվածքից, օգտագործվող նոր անձնական ավտոմեքենաների քանակից, կարելի է պնդել, որ Չինաստանում հետզհետե գոյանում է միջին մի խավ, ոը սիրում է անել այն, ինչը սիրում են ուրիշ երկրներումՙՙ ավտոմեքենա ու տուն գնել, լավ հագնվել, շաբաթ կամ կիրակի օրերին զբոսնել: Այդ գործարաններից ոմանք անձնական նախաձեռնությունների արդյունք ենՙ մեծամասամբ համատեղ ձեռնարկությունների ձեւով: Չինաստանում, որտեղ գտնվում է աշխարհի կանխիկ տարադրամի մեծագույն ռեզերվը, մեծահարուստների պակաս չի զգացվում:
***
Հաջորդ «աստղի»ՙ գյուղացիության հետ հանդիպելու ավելի շատ առիթներ եղան Հուննանի նահանգում, որը Չինաստանի ամենակոլորիտային, բազմազգ ու գեղեցկագույն շրջաններից է: Հողը բարեբեր է, գետերն ու լճերըՙ առատ, եղանակըՙ տաք, բայց նաեւ անձրեւաշատ, ինչը հաճախ աղետալի հեղեղումներ էլ է պատճառում: Հիմնականում այստեղ են ի գործի դրվում աղքատության հաղթահարման տեղական ու միջազգային ծրագրերըՙ ֆերմերային տնտեսություններ ստեղծելու ուղղությամբ: Նահանգում ապրում են 29 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ցեղերՙ տարբեր խոսվածքներով, տարազներով, սովորույթներով ու կրոններով: Դրանցից ոմանք հազիվ 2-3 տասնյակ հազար են կազմում: Ընդամենը մեկ զավակ ունենալու օրենքը նրանց վրա չի տարածվում: Կարող են ունենալ որքան... ուզում-կարողանում են: Երկու զավակի արտոնություն ունեն գյուղացիները, որոնք սովորաբար ապրում են համեստ պայմաններում, չարքաշ աշխատանքի, բայց նաեւՙ կենսախինդ պարուերգի մթնոլորտում:
Եղանք դայ փոքրամասնության գյուղերից մեկում: Ամբողջովին բամբուկի ճյուղերով կառուցված երկհարկանի տներ, որոնց մուտքին կախված է նավթի լամպը, որը վառում են գիշերները: Դա նշանակում է, որ տանը մարդու տալու աղջիկ կա: Ավելի մեծ լամպը նշանակում էՙ մի քանի աղջիկ: Առաջին հարկում գտնվում է խոհանոցն ու նստասենյակը, որն ընդամենը ունի մեկ մուտք եւ մեկ պատուհան: Ընթրիքից հետո ծնողները բարձրանում են 2-րդ հարկՙ ննջարան, մինչ տան աղջիկը ստիպված է կեղտոտ ամանները լվալ, խոհանոցը կարգի բերել: Եվ հենց այդ պահին պատահում է կարեւոր մի բան. հարեւանի տղան մոտենում է պատուհանին եւ, մեր լեզվով ասած, խոսեցնում աղջկան: Եթե դրական ընդունելություն գտավ, տղան ասում է աղջկանՙ «գվադալամոո՜ւ», որը դայերի լեզվով նշանակում էՙ ես քեզ սիրում եմ: Որից հետո տղան մտնում է ներս, բայց միայն պատուհանից: Անակնկալ փախուստի դեպքում անգամՙ տղան իրավունք չունի օգտագործելու տան մուտքի դուռը, պետք է փախուստ տա պատուհանից: Դա է պատճառը, որ աղջիկ ուզելու եկողներն առաջին հերթին զննում են խոհանոցի պատուհանագոգը. եթե մաշված էՙ ապա աղջիկը շատ է «ման եկել»...
Ավելացնել պե՞տք է, որ այս նահանգի ժողովուրդը սիրում է նաեւ քեֆ անել, երգել, պարել, խմել, կծկծան բիբարներն ուտել եւ բրնձի օղին քաշել գլխինՙ «կամբե՜յ, կամբե՜յ» ասելով, որ նշանակում է «կենաց»:
***
Երրորդ դասակարգինՙ գոնե հումանիտար մտավորականությանը ծանոթանալու առիթ եղավ Պեկինի հասարակական գիտությունների կաճառում: Տխուր եղավ տպավորությունս, հատկապես իմանալուց հետո, որ զանազան դիսցիպլինների շարքում ունեն նաեւ Խորհրդային Միությունը հետազոտող ինստիտուտ: Ախր գոնե պատմությա՛ն բաժնում լիներ: Խոր-հր-դա-յի՜ն: Հնաբույր ու հնաոճ հիմնարկի տպավորություն թողեց, աշխատակիցները թեեւ շատ բարեհամբույր, սակայն երկարաբան էին: Հին ժամանակների պես:
***
Չորրորդ «աստղի» մասին խոսելու առիթ եղավ վերեւում: Ազգային կապիտալի ներկայացուցիչների հետ հանդիպելու կարիք ամենեւին չկար: Դա ամենուր է, արդիական գործարաններում, վաճառաշահ քաղաքներում, հյուրանոցներում, գերարդիական ճանապարհների վրա, օդանավակայաններում, հաճույքի վայրերում, անշուշտ նաեւ բանկերում: Այդ կապիտալը 30 տարի առաջ, Դեն Սիաո Պինի եւ ընկերների արտոնությունն ու քաջալերանքը ստանալուց հետո, լայն ասպարեզ է գտել կապիտալի հրաշագործությունն ապացուցելու համար: Հրաշքներ, որոնք դեռ շատ են զարմացնելու աշխարհը:
***
Իսկ ինչ է անում Յոյոյի ասած «մեծ աստղը»ՙ կուսակցությունը: Վերջինիս շեշտված ներկայությանը ես չհանդիպեցի բնավ: Բայց նա կա ամեն տեղ: «Մեկ երկիր, երկու գաղափարախոսություն» կարգախոսի ներքո, իմ տպավորությամբ, նա հավասարակշռում եւ հակակշռում է ամեն ինչՙ բազմազգ եւ բազմաբնակիչ երկրի ներքին միասնությունը, արտաքին պաշտպանվածությունը, ներքին կարգուկանոնը, հասարակության ու տարբեր խմբերի ու շահերի հավասարակշռումը: Չինաստանը ժողովրդավարական երկիր չէ՛: Դեռեւս: