Մարդու մենակության դրաման առավել սուր արտահայտվեց 20-րդ դարի 2-րդ կեսերից, որ հետեւանք էր, թերեւս, հասարակական կյանքի մեծ փոփոխությունների, սոցիալական, քաղաքական բախումների, համաշխարհային 2 պատերազմների, որոնք մարդկային միլիոնավոր կյանքեր կործանեցին` կորուստների անդառնալի հետեւանքներով, հոգեբանական վակուումների, մարդու` աշխարհից օտարվելու ցնցումներով ուղեկցվող:
Փիլիսոփայորեն եթե մոտենանք, մարդն իր ծննդյան օրից մենակ է, մենակ է աշխարհ գալիս, մենակ հեռանում: Մենակությունը եթե մեկի համար կարող է իսկական դրամայի վերածվել, ծանր հոգեվիճակ ստեղծել, մեկ ուրիշի համար` անհոգության, պատասխանատվությունից դուրս կենսաձեւ ապահովել, սակավաթիվ մարդկանց համար էլՙ կատարելությանը եւ աստվածայինին տանող միջոց դառնալ: Անշուշտ, առօրեական, կենցաղային մակարդակներում մենակությունը մարդկանց մեծամասնության համար հոգեմաշ ապրում է, դժվար տանելի, որ գալիս է մարդու ի բնե հասարակական էակ լինելուց:
Անտուան դը Սենտ Էքզյուպերին կյանքի հարստությունը մարդկային հարաբերություններն է համարել: Հարաբերություններ, որոնց մեջ անցնում է մեր ժամանակը, որոնցից մեծապես կախված են մեր տրամադրությունները, որոնցով հիմնականում որոշվում են նաեւ մեր քայլերը: Հասարակական ամենափոքր սոցիումի` ընտանիքի կազմավորումը, տեսակը շարունակելու բնազդային, կենսաբանական պահանջից բացի, թերեւս մարդու մենակությունը հաղթահարելու ներքին մղումից է առաջացել: Ընտանիքը եւ նրա ժամանակակից պրոբլեմները քննելու խնդրից դուրս է այս հրապարակումը, ընդամենը փորձում է շոշափել առանց տարիքային սահմանափակումների միայնակ մարդկանց տրամադրվածությունը ընտանեկան համակեցությանը, այդ ճանապարհի խոչընդոտները, կենցաղային, հոգեբանական բարդույթները, մենակության, ընտանեկան կյանքի առավելությունները կամ անպատեհությունները:
Մեզանում ընդունված է ընտանիք կազմելու նպատակով միմյանց ծանոթացնելու սովորությունը: Չգիտեմ` որքանով են այդ մարդիկ պատասխանատու զգում իրենց, մանավանդ երբ սա արվում է կամ գործնական նկատառումներով, կամ զուտ «մեխանիկական» մոտեցումով: Այժմ Երեւանում իրավականորեն գործում են ընտանիքի կազմավորման մի քանի կենտրոններ, որոնք կոչված են միջամտելու միայնակ մարդկանց ճակատագրերին: Դրանցից մեկը գտնվում է Կոմիտասի փողոցի թիվ 49 հասցեում, որի տնօրենը Լիլիթ Պահությանն է` բարետես, խելացի, գրավիչ արտաքինով, մեղմաբարո երիտասարդ կին, որի ընտանեկան կյանքը ձեւավորվել է ինտերնետային (միջնորդված) ծանոթությամբ: Լիլիթը մասնագիտությամբ թատերագետ է, դիպլոմային մասնագիտությունը փոխարինել է միմյանց որոնող մարդկանց օգնելու բարի գործով եւ փորձում է նպաստել զույգերի ընտանեկան միասնությանը, որին նպաստել են մարդկանց հետ հարաբերվելու, նրանց հուսադրելու, սփոփելու, խաղաղեցնելու իր հատկությունները: Մշտապես մտահոգվել եւ հետաքրքրվել է միայնակ մարդու խնդրով, որ աստիճանաբար ավելի խորանում ու լուրջ բնույթ է կրում: Որովհետեւ, ինչպես ինքն է ասում, նույնիսկ բարդույթներից զերծ մարդիկ վակուումային վիճակներում են հայտնվում, երբ շրջապատում չեն գտնում իրենց անհրաժեշտ մարդուն: Անշուշտ, իդեալական հարաբերությունների մասին չէ խոսքը, բայց Լիլիթի պատկերացրած ընտանեկան մթնոլորտը փոխադարձ ըմբռնումների, հարգանքի ու անպայման հավասարության վրա է կառուցված, միմյանց ընդունել ինչպիսին կան, որովհետեւ ինչպես կյանքն է ցույց տալիս, դիմացինին փոխելն անիմաստ է, որն էլ հակասությունների, բախումների առիթ է տալիս: Ի՞նչ սկզբունքներով, ինչպիսի՞ մեթոդներով է աշխատում Լիլիթ Պահությանի ընտանիքի կազմավորման կենտրոնը եւ ի՞նչ տարբերություններ կան իրենց առաջարկած ծանոթությունների եւ ինտերնետային «հանդիպումների» կամ անհատ միջնորդների ստեղծած նման կապերի միջեւՙ այս հարցերի մասին էր մեր խոսակցությունը:
«Աշխատում ենք նրանց հետ, ում հետ շփվում, հաղորդակցվում ենք: Մեզ դիմած անձը պիտի պատմի իր մասին եւ մարդկային այն տիպի, որին ինքը փնտրում է: Մեզ մոտ արձանագրվում են դիմողի հիմնական տվյալները` մասնագիտություն, աշխատանքի վայր, կրթություն, հասցե, անձնագրային տվյալներ: Այս առումով հաճախորդը ավելի ապահովված է, ռիսկային պահերը շատ չեն:
Շատերի համար կենտրոն այցելելը եւ նման կերպ իրենց անձնական հարցերը լուծելը հոգեբանորեն դժվար է: Գործում է ներքին անլիարժեքության բարդույթը` սեփական անկարողության հետ կապված: Մինչդեռ սա նշան է, որ մարդն իր կյանքը բարձիթողի չի անում եւ ինքն է որոշակի քայլերի դիմում»:
Փնտրած զույգին գտնելու հույսով կենտրոն դիմած մարդիկ նախապես գրանցվում են քառամսյա ժամանակահատվածով, որի համար սահմանված է 8300 դրամի վարձատրություն: Այս ընթացքում անձը հանդիպում է այն մարդկանց, որոնց արդեն ծանոթ է կենտրոնի տրամադրած լուսանկարով եւ համապատասխան տեղեկություններով:
4-ամյա գործունեության ընթացքում կենտրոն այցելածների քանակը շուրջ հազար է: Ինտերնետային կայքում գրանցվել է 3700 մարդ: Դիմում են ամենատարբեր տարիքի, զբաղմունքի, կրթության տղամարդիկ ու կանայք` հիմնականում 27-28-ից մինչեւ 70 տարեկան: Նախապես տղամարդիկ մեծամասնություն են կազմել, հիմա սեռերի քանակը գրեթե հավասարվել է` հիմնականում ամուսնալուծվածներ: «Ամենաերիտասարդ դիմողը 18 տարեկան մի աղջիկ էր, պրոբլեմատիկ մտածողությամբ: Նրան այնպես էր թվում, թե կյանքն ավարտված է, նրան մեկ անգամ փախցրել էին, եւ իրեն ավելի դժբախտ էր զգում, քան 38-40 տարեկան` կյանքում ձախողված մեկը: Հոգեբանորեն սահմանային վիճակում էր: Ներկայացրինք 20-ամյա մի երիտասարդի: Նա առաջին հանդիպման գնացել էր ծաղիկներով: Ամեն ինչ սպասվածից ավելի հաջող ընթացավ: Հիմա նրանք Ռուսաստանում են ապրում», պատմում է Լիլիթը: Իսկ ամենատարիքովը 70-ամյա մի տղամարդ է` գիտական հետաքրքրություններով: Նրա ծանոթությունը պսակվել է 60-ամյա մի կնոջ հետ ամուսնությամբ: Հետաքրքրական է, որ տղամարդը շեշտադրել է կնոջ սեքսուալությունը եւ որոնել նրա մեջ ընկերական, հոգեկան մտերմություն: Այս ընթացքում ստեղծվել է 50 նոր զույգ, ընտանիքներ են ձեւավորվել, ծնվել են երեխաներ:
Լիլիթը բարեկիրթ չի համարում հետաքրքրվել նրանց կյանքի հետագա ընթացքով եւ աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկը տվյալների գաղտնիությունն է համարում: «Լիլիթը շատ նրբազգաց է, հրաշալի, մեղմ աուրա ունի, լավատեսական հայացքներ, հուսադրող խոսք, հոգեբանական նուրբ մոտեցումներ, որ շատ կարեւոր են մարդկային հարաբերություններում», ասում է այցելու մի կին:
«Առաջին օրը դիմողին չենք գրանցում, եթե վճռական չէ: Բայց եթե պատրաստ է հոգեբանորեն, ապա որեւէ խնդիր չենք տեսնում» : Չնայած իր ինտերնետային հաջող ծանոթությանը, Լիլիթը որոշակի վերապահում ունի ինչպես իրենց կայքէջի, այնպես էլ առհասարակ ինտերնետային ծանոթությունների հանդեպ եւ ոչ այնքան բավարար վստահություն: «Չնայած մեծ հնարավորություններին, այստեղ վտանգն ավելի շատ է, որովհետեւ ինֆորմացիան բացարձակ ստուգված չէ, եւ արկածախնդրության, խաբեությունների հավանականությունն ավելի մեծ է»:
Անշուշտ հետաքրքրական կլիներ նաեւ հանդիպել այս կենտրոնի ծառայություններից օգտված եւ ընտանեկան կյանք կազմած մարդկանց հետ, որին կանդրադառնանք հետագայում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ