«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԱԼ ՑՈՒՑԱՆԻՇԸ

1980, Մոսկվա, 22-րդ ամառային օլիմպիադա

Համաշխարհային սպորտի հերթական 22-րդ ստուգատեսում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով, ինչը ռեկորդային էր մինչ այդ կայացած օլիմպիադաների համեմատ: Մոսկովյան օլիմպիադայում հայ մարզիկների մեդալների ավարը տպավորիչ էր: Ընդհանուր առմամբ, նրանք շահեցին 9 մեդալ (2 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե): Մեդալների նման հարուստ ավար հայ մարզիկներին մինչ օրս չի հաջողվել նվաճել օլիմպիական խաղերում:

Մոսկվայում մեր հանրապետության պատվիրակներից ամենատպավորիչն աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի ելույթն էր: Այն տարիներին օլիմպիական խաղերում միաժամանակ վիճարկվում էր նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Իզմայլովոյի» նորակառույց մարզահամալիրում մրցավեճի էին դուրս ելել 40 երկրների 173 ծանրորդներ: Միջին քաշում (82,5 կգ) հանդես եկած Յուրի Վարդանյանը ֆենոմենալ ցուցանիշներով պարզապես զարմացրեց բոլորինՙ մեկ անգամ եւս դրսեւորելով իր գերբնական ուժը: Աշխարհի եռակի չեմպիոնն ու համաշխարհային 20 ռեկորդների հեղինակը հուլիսի 26-ին, մեկ երեկոյի ընթացքում 5 անգամ թարմացրեց աշխարհի բարձրագույն նվաճումներըՙ երկամարտում հատելով նույնիսկ ավելի ծանր քաշային կարգերի ծանրորդների համար մինչ այդ անհաղթահարելի 400 կգ-ի սահմանը: Պոկում վարժության աշխարհի ռեկորդը նա հասցրեց 177,5 կգ-ի, հաջորդաբար հրեց 215,5 ու 222,5 կգ ռեկորդային քաշ ունեցող ծանրաձողերը եւ օլիմպիական չեմպիոն հռչակվեց երկամարտի 400 կգ արդյունքով: Յուրի Վարդանյանը 27,5 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված բուլղարացի Բլագոյ Բլագոեւին, 32,5 կգ-ովՙ բրոնզե մրցանակակիր, չեխ Դուշան Պոլյանչիկին: Սակայն էլ ավելի տպավորիչն ու զարմանահրաշն այն էր, որ Յուրի Վարդանյանի ցուցանիշը 22,5 կգ-ով ավելի էր մինչեւ 90 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն հռչակված հունգարացի Պետեր Բացակոյի արդյունքից, 5 կգ-ով էլ գերազանցում էր մինչեւ 100 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացած չեխ Օտա Զարեմբայի ցուցանիշը:

Նշենք, որ մարզական իր փայլուն կարիերայի ընթացքում Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1977-1981, 83, 85)ՙ այս ցուցանիշով զիջելով միայն Վասիլի Ալեքսեեւին, որն 8 անգամ է ուժեղագույնը ճանաչվել: Քաշային երեք կարգերում (75 կգ, 82,5 կգ, 90 կգ) Յուրի Վարդանյանն ընդհանուր առմամբ մեծահասակների աշխարհի 43 ռեկորդ է սահմանելՙ զիջելով միայն Վասիլի Ալեքսեեւին (80), Դավիթ Ռիգերտին (66) եւ Նաիմ Սուլեյմանօղլուն (46):

Օլիմպիադայում մեր երկրորդ ծանրորդն էլՙ Յուրի Սարգսյանը (56 կգ) շատ մոտ էր օլիմպիական ոսկուն: Ցավոք, նա այնքան էլ հաջող չկատարեց պոկում վարժությունը (112,5 կգ)ՙ ցույց տալով միայն 6-րդ արդյունքը եւ 12,5 կգ-ով զիջելով առաջատարինՙ կուբացի Դանիել Նունյեսին: Իսկ ահա հրում վարժությունում Սարգսյանը պարզապես հիացրեց բոլորին եւ բարձրացրեց 157,5 կգՙ 2,5 կգ-ով բարելավելով իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը: Այդ արդյունքը երկամարտում (270 կգ) Յուրիին արծաթե մեդալ ապահովեց: Նա ընդամենը 5 կգ-ով զիջեց օլիմպիական չեմպիոն Նունյեսին:

Մոսկովյան օլիմպիադայի հայ երկրորդ չեմպիոնն աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի որդին էրՙ Էդուարդը : Հոր հաջողությունից 20 տարի անց Օլիմպոսի գագաթը նվաճեց նաեւ 23-ամյա որդին: Էդուարդը չխախտեց ընտանեկան ավանդույթըՙ վստահ հանդես գալով օղակների վրա: Մրցավարական աթոռից որդու ելույթներին հուզմունքով էր հետեւում ավագ Ազարյանը: Ի վերջո, խստապահանջ մրցավարներն Էդուարդի ելույթը գնահատեցին 9,85 բալով: Թիմային հաշվարկում ԽՍՀՄ հավաքականը գերազանցեց մրցակիցներին եւ Էդուարդ Ազարյանը թիմակիցների հետ արժանացավ ոսկե մեդալի:

24-ամյա Դավիթ Համբարձումյանի համար մոսկովյան օլիմպիադան 3-րդն էր: Չնայած երիտասարդ տարիքին, Դավիթն արդեն բազմափորձ ու տիտղոսակիր մարզիկ էրՙ երկրի բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եւ Ունիվերսիադայի արծաթե մրցանակակիր, ԽՍՀՄ ժողովուրդների երկու Սպարտակիադաների հաղթող: Մոսկվայում նրա մեդալների հարուստ հավաքածուն համալրվեց բրոնզե պարգեւով:

10 մ աշտարակացատկերում օլիմպիական չեմպիոնի կոչման համար համառ ու անզիջում պայքար էր ծավալվել Դավիթ Համբարձումյանի, Վլադիմիր Օլեյնիկի, Ֆալկ Հոֆմանի եւ Թոմաս Կնուտի (երկուսն էլՙ ԳԴՀ) միջեւ: Դավիթը վերջին ցատկերում աննշան սխալներ թույլ տվեց, որի հետեւանքով էլ ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով:

Կանանց մրցապայքարում իսկական անակնկալ մատուցեց խորհրդային հավաքականի կազմում ամենակրտսեր մասնակիցըՙ 14-ամյա երեւանցի դպրոցական Սիրվարդ Էմիրզյանը : Վասիլի Կուվշինկինի սանուհին գերազանց ելույթներ ունեցավ եւ շատ մոտ էր օլիմպիական չեմպիոնուհու տիտղոսին, սակայն նման խոշոր մրցաշարերի մասնակցության փորձի պակասն իրեն զգացնել տվեց: Եզրափակիչ մրցումների ավարտից հետո ԳԴՀ-ի ներկայացուցիչ Յաշկեին հաջողվեց առաջ անցնել Սիրվարդից, որը դարձավ արծաթե մրցանակակիր:

Սուսերամարտիկ Աշոտ Կարագյանն աշխարհի վերջին երկու առաջնություններում ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել էր չեմպիոն: Նա 1977-ի Ունիվերսիադայի, ԽՍՀՄ ժողովուրդների երկու Սպարտակիադաների չեմպիոն էր: Մոսկովյան օլիմպիադայում էլ վառ կերպով դրսեւորվեց Աշոտ Կարագյանի մարտական բնավորությունը: Խոցասուսերակիրների մրցավեճը սկսվելու էր հուլիսի 31-ին, իսկ մինչ այդ նա հետեւում էր իր թիմակիցներիՙ ճկասուսերակիրների պայքարին: Լեհաստանի հետ հանդիպման ժամանակ անսպասելիորեն վնասվածք ստացավ Վլադիմիր Լապիցկին: Աշոտ Կարագյանին հարկ եղավ շտապ կարգով փոխարինել թիմակցին: Եվ նա իր բոլոր ջանքերը գործադրեց դժվարին դրությունից պատվով դուրս գալու համար. չէ՞ որ խոցասուսերակրի համար դժվար էր մրցակցել առաջատար ճկասուսերակիրների հետ: Եզրափակիչում Աշոտի մրցակիցը ֆրանսիացի ուժեղագույն սուսերամարտիկներից մեկն էրՙ Ֆիլիպ Բոնեն: Հայ մարզիկն ամեն ինչ ներդրեց հաղթանակի հասնելու համար, սակայն փորձառու Ռոնեն ավելի ուժեղ գտնվեց: Աշոտ Կարագյանը թիմակիցների հետ դարձավ օլիմպիադայի արծաթե մրցանակակիր: Իսկ հուլիսի 31-ին օլիմպիական պարգեւները վիճարկեցին խոցասուսերակիրները: 3-րդ տեղի համար մրցապայքարում խորհրդային սուսերամարտիկները 9-5 հաշվով պարտության մատնեցին ռումինացիներին: Այսպես Աշոտ Կարագյանն օլիմպիական իր երկրորդ մեդալը նվաճեց, այս անգամՙ բրոնզե:

Ութամյա ընդմիջումից հետո ֆուտբոլի ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում «Արարատը» կրկին իր պատվիրակն ուներ հանձին թիմի ավագ Խորեն Հովհաննիսյանի : Կոնստանտին Բեսկովի գլխավորած հավաքականը բավական կայուն խաղ էր ցուցադրում, ուստի մասնագետների կարծիքով համարվում էր չեմպիոնի գլխավոր հավակնորդը: ԽՍՀՄ հավաքականը մեկնարկեց Վենեսուելայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակով (4-0): Խաղի 37-րդ րոպեին փոխարինելով Յուրի Գավրիլովին, Խորենը 51-րդ րոպեին խփեց վերջինՙ չորրորդ գնդակը: Երկու օր անց ԽՍՀՄ հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Զամբիայի ընտրանուն, իսկ խմբային մրցաշարի վերջին խաղում պարզապես ջախջախեց կուբացիներին (8-0): Վերջին երկու հանդիպումներին Խորեն Հովհաննիսյանը չմասնակցեց:

Քառորդ եզրափակիչում մեր թիմը 2-1 հաշվով հաղթեց Քուվեյթի հավաքականին: Ընդմիջումից հետո Չելեբաձեի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հովհաննիսյանը: ԽՍՀՄ հավաքականը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջեց ԳԴՀ-ի ֆուտբոլիստներին: Չգիտես ինչու, Բեսկովն այդպես էլ ոչ մի փոխարինում չկատարեց եւ Հովհաննիսյանը մնաց պահեստայինների նստարանին:

3-րդ տեղի համար խաղում մրցակիցը Հարավսլավիայի հավաքականն էր: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: Թիմի հաջողությունում իր մեծ ավանդը ներդրեց Խորեն Հովհաննիսյանըՙ ապացուցելով, որ մարզիչներն իզուր էին իրեն պահեստայինների նստարանին նստեցրել: Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինելով Գազաեւին, 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Գոլն ավելի ոգեւորեց Խ. Միության ֆուտբոլիստներին, որոնց գրոհները նոր թափ ստացան: Խաղավարտից 8 րոպե առաջ Հովհաննիսյան-Գավրիլով-Անդրեեւ կոմբինացիան ավարտվեց նոր գոլով: Հաղթելով 2-0 հաշվով, ԽՍՀՄ հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ չեմպիոնի կոչմանն արժանացավ Չեխոսլովակիայի հավաքականը, որը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց ԳԴՀ-ի ընտրանուն:

Մականախաղի ԽՍՀՄ հավաքականի կազմում բրոնզե մեդալի արժանացավ հրազդանցի Սոս Հայրապետյանը , որը ներկայում բնակվում է Գերմանիայում: Տալլինում անցկացված առագաստանավորդների մրցումներում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Լեոնտեւը «Թռչող հոլանդացի» դասում գրավեց 5-րդ տեղը: Բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը (54 կգ) հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ մենամարտեց ուժեղ մրցակցի համբավ ունեցող ռումինացի Դումյատրու Չիպերսի հետ: Երրորդ ռաունդում Սամսոնը մրցակցին նոկդաունի ենթարկեց: Բայց մինչ այդ մրցավարը շատերի համար անսպասելի զգուշացրել էր հայ բռնցքամարտիկին, ինչն էլ ճակատագրական եղավ: Երկար խորհրդակցելուց հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին ռումինացուն, ինչը դժգոհության մեծ ալիք առաջացրեց մարզասրահումՙ զրկելով Սամսոնին մեդալ նվաճելու հնարավորությունից: Իսկ Իսրայել Հակոբկոխյանի նորամուտն օլիմպիական ռինգում անհաջող էր: Դժվարին պայքարում նա զիջեց կուբացի փորձառու բռնցքամարտիկ Անդրես Ալդամին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4