ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ 2005-09-ին իրականացնում է «Բնակչության եւ զարգացման ռազմավարություններ» (ԲԶՌ) ծրագիրը, որի հիմնական նպատակն է հզորացնել ազգային կարողությունները ժողովրդագրության բնագավառում եւ ապահովել, որ ազգային եւ ճյուղային քաղաքականություններում, ռազմավարություններում հաշվի առնվեն բնակչության դինամիկայի հետեւանքները (ցածր ծնելիություն, միգրացիա, ծերացում):
«Բնակչության եւ զարգացման ռազմավարություններ» ծրագրի շրջանակում 2007-ի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացրել է ՀՀ արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն, որի նպատակն է ՀՀ 2001-ի մարդահամարից հետո ընկած ժամանակահատվածում արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալներին զուգահեռ, այլընտրանքային ճանապարհով տեղեկատվության ստացումը, ինչպես նաեւ դրանք պայմանավորող հիմնական գործոնների բացահայտումն ու վերլուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ-ի բոլոր մարզերում, ներառյալ Երեւան քաղաքը, որի ընտրանքը կազմել է 2500 տնային տնտեսություն:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության արդյունքները ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ Կույումջյանի ներկայացրած տվյալների` 2002-07-ին արտաքին միգրացիոն տեղաշարժերում ներգրավված տնային տնտեսության անդամները, որոնք վերադարձել են արտերկրից, կազմում են 265, իսկ արտերկրներում գտնվողների (էմիգրանտներ) թիվը 590 է: Իսկ արտերկրից ներգաղթածները կազմում են 25 հոգի: Միգրանտների թվաքանակը ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում կազմում է 300 799 մարդ:
Արտաքին միգրացիոն գործընթացներում ներգրավված է եղել հետազոտությամբ ընդգրկված տնային տնտեսության անդամների 8,5 տոկոսը:
Արտերկրից վերադարձած տ/տ անդամների կազմում առավել մեծ մասնաբաժին ունի 20-29 տարիքային խումբը, որին հաջորդում են 30-39 եւ 40-49 տարիքային խմբերը: Տղամարդկանց կազմում 20-49 տարիքային խմբի մասնաբաժինը կազմել է 71,5 տոկոս, իսկ կանանցը` 56 տոկոս:
Արտերկրից վերադարձածների 93,6 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 6,4 տոկոսըՙ այլ երկրների քաղաքացիներ:
Վերադարձած միգրանտներն իրենց գործունեությունը հիմնականում ծավալել են շինարարության եւ առեւտրի ոլորտներում, որոնց մասնաբաժինը կազմել է 72 տոկոս:
Առավել բարձր մասնաբաժին են ունեցել 400-699 ԱՄՆ դոլար վաստակողները` 17 տոկոս: Շինարարության ոլորտում եւս գերակշռել է 400-699 ԱՄՆ դոլար վաստակողների մասնաբաժինը` 25 տոկոս: Արդյունաբերության ոլորտում` 700-999 ԱՄՆ դոլար, 42.9 տոկոս:
Նյութական օգնության շուրջ 65,8 տոկոսն առաքվել է բանկային համակարգով, 27,9 տոկոսը ծանոթների եւ բարեկամների միջոցով, իսկ 6,3 տոկոսը`այլ կերպ:
Հարցումով պարզվել է նաեւ, որ արտերկրում գտնվելու ընթացքում միգրանտներից 7,3 տոկոսի հետ պատահել են անձնագրերի բռնի առգրավման դեպքեր: Ընդ որում, մեկնելուց առաջ տվյալ երկրում միգրանտներին վերաբերող օրենսդրության եւ նրանց իրավունքների մասին տեղեկացված է եղել հարցվածների միայն շուրջ 40 տոկոսը, 60 տոկոսը եղել է բոլորովին անտեղյակ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ