«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Խախտումն ուղղելու համար ընկերությանը կտրվի 30 օր

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկեց ինտերնետ ծառայություններ մատակարարող «Վեբ», «Արմինկո» եւ «Քրոսսնեթ» ընկերությունների դիմումները, որտեղ վերջիններս բողոքում էին «Արմենտելի» դեմ երեք հիմնական ուղղություններով: Առաջինն այն էր, որ «Արմենտելը», իր ցանցի միջոցով մատուցվող բարձր արագության եւ ցածր գնով ինտերնետ ծառայություն («Հայ Լայն») մատակարարելով, մերժում է ինտերնետ մատակարարներին (պրովայդերներին) իր հանրային համակցված հեռախոսացանցը վարձակալությամբ տրամադրել նրանցՙ նման ծառայություններ մատուցելու համար: Երկրորդ խնդիրն այն է, որ «Արմենտելը» մերժում է տվյալների փոխանցման համար հատկացված գծերը վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին: Երրորդըՙ պետք է որոշվի օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայում գերիշխող դիրքը, որն էական ազդեցություն է թողնում ինտերնետ ծառայությունների մանրածախ շուկայի եւ նրա գների վրա:

Հանձնաժողովի նախորդ նիստում այս խնդիրների կարգավորման համար «Արմենտելին» տրվել էր 15 օր ժամանակ: Այդ ընթացքում վերոնշյալ խնդիրներից երկուսըՙ վարձակալած գծերը պրովայդերներին տրամադրելու եւ Հայաստանի տարածքում օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրության եւ գերիշխող դիրքի որոշման մասին, կատարվել են: Սակայն «Հայ Լայն» ծառայությունների մատուցման համար պրովայդերներին համակցված հեռախոսային ցանցը տրամադրելու հարցը մնացել է չլուծված: «Արմենտելի» ներկայացուցիչը դա բացատրեց տեխնիկական եւ կազմակերպչական պայմանների բացակայությամբ: Պրովայդերները, սակայն, պատրաստակամ են ապահովելու այդ պայմանները:

Նկատի ունենալով, որ ինտերնետ մատակարարող ընկերությունները «Հայ Լայն» ծառայություն կարող են մատակարարել բացառապես «Արմենտելի» ցանցի միջոցով, հանձնաժողովը անհիմն համարեց «Արմենտելի» կողմից այդ ցանցը վարձակալությամբ տրամադրելը մերժելը: Իր այդ վարքագծով «Արմենտելը», փաստորեն, չարաշահել է գերիշխող դիրքը: Դա արտահայտվել է այլ ընկերությունների առեւտրի եւ արդիականացման կամ ներդրումների սահմանափակմամբ, այլ տնտեսվարողների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով եւ անհավասար վիճակ առաջացնող պայմանների առաջարկմամբ: Ուստի հանձնաժողովը որոշեց գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառել օրենքի համապատասխան հոդվածը եւ տուգանել «Արմենտելին» նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ): Այդ գումարը ընկերությունը պետք է վճարի 5 օրվա ընթացքում, իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի առաջարկով 30 օրվա ընթացքում պետք է վերացնի խախտումը:

Գազալցակայաններին հանձնաժողովը չպատժեց

Երբ այս տարվա մայիսին կառավարության որոշմամբ վերացվեց գազի սուբսիդավորումը, ավտոգազալցակայաններում մայիսի առաջին օրերին 1 խմ գազի գները 130 դրամից կտրուկ բարձրացան 200 դրամ: Այդ կապակցությամբ հանձնաժողովը որոշեց վարույթ հարուցել եւ ուսումնասիրություններով պարզեց, որ գազալցակայաններում գների բարձրացումը եւ հետագայում իջեցումը վկայում են հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Սակայն նկատի ունենալով, որ գազալցակայաններն իջեցրել են գները (130-160 դրամ 1 խմ համար), հանձնաժողովը երեկ որոշեց դադարեցնել հարուցած վարույթը, նախազգուշացնել տնտեսվարողներին հետագայում զերծ մնալ գների չհիմնավորված բարձրացումից: Նաեւ որոշվեց 2008-ի տարեկան ցուցանիշներով ուսումնասիրել կիրառվող գների հիմնավորվածությունը եւ ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային ծառայությանըՙ առաջարկելով քննարկել գազալցակայանների համար սահմանված հաստատագրված վճարի կիրառումը վերանայելու հարցը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4