«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


«ԴԻՏԱՎՈՐՅԱԼ» ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Համադասարանցիներ, միավորվեք odnoklassniki.ru -ում եւ ակումբում

- «Արջուկ» ջան, ո՞նց ես:

- Մար ջան, էս որտեղի՞ց հայտնվեցիր: Ա՜յ քեզ հանդիպում: 26 տարի անց... Ո՞ւր ես հիմա, համարդ թող, կզանգեմ:

Սա հատված է մի նամակագրությունից, որ տեղի է ունեցել http://www.odnoklassniki.ru կայքէջում: Այստեղ ինտերնետից օգտվողները կարող են վերադառնալ անցյալ` դպրոցական եւ ուսանողական տարիներ: http://www.odnoklassniki.ru-ն որոնման այնպիսի համակարգ է, որ ապահովում է այցելուի հանդիպումը իր կորած ընկերների հետ, եթե գրանցվել է իր դպրոցի վիրտուալ ցանցում եւ տեղադրել իր մասին ինֆորմացիա:

Վերոհիշյալ կայքէջից օգտվող եւ հիշյալ նամակագրությունը նախաձեռնող Մարինեն 1982 թվականին է ավարտել դպրոցը: Նա պատմում է, որ ինքն ու իր դասընկերը 26 տարի անց ազատորեն խոստովանել են միմյանց, որ ժամանակին անտարբեր չեն եղել իրար նկատմամբ, պարզապես «այն ժամանակվա մաքրությունը թույլ չէր տալիս» բացել փակագծերը: «Մեր դասարանի 22 աշակերտներից 6-7 հոգի կա այս սայթում: Մեկը Կանադայում պրոֆեսոր է, մյուսըՙ Ռուսաստանում... Այս հնարավորությունը դրական սթրեսի է ենթարկում, ընկնում եմ հիշողությունների գիրկը»: Ի տարբերություն դպրոցական տարիների, հիմա Մարինեն գիրուկ է, դրա համար էլ իր նկարը չի դնի այդ կայքէջում: «Էն ժամանակ շատ սիրուն էի, հիմա կոմպլեքս ունեմ»:

26-ամյա Սոնան առաջին անգամ կայքէջ այցելեց հետաքրքրությունից: Հիմա. «Փորձում եմ կորած ընկերներիս ու ծանոթներիս գտնել: Սայթը մի անհարմարություն ունի` շատ են «անկապները», որ փորձում են այստեղ նոր ծանոթություններ փնտրել, մինչդեռ սա ծանոթությունների կայքէջ չէ: Ցավալի է, որ ինչպես ողջ ինտերնետում, այնպես էլ այս սայթում կան հոգեկան շեղում ունեցող մարդիկ, որոնց ուղղակի պետք է անտեսել կամ «բլոկ» դնել»:

42-ամյա Արմենն անկեղծորեն խոստովանում է, որ կայքէջը օգնեց իրեն մեկը մյուսի հետեւից գտնելու իր առաջին, երկրորդ, երրորդ սերերին եւ անգամ ուսանողական մտերմուհուն: Կայքէջից օգտվող 18 միլիոն մարդկանցից այս մեկն էլ հին կապեր է վերականգնել եւ «առայժմ» միայն նամակագրական կապերի մեջ է: «Էմոցիաները հակասական են լինում, հաճելի պահերն են շատ», ասում է Արմենը, որը կայքէջը որակավորում է որպես «դիտավորյալ» պատահականություն:

«Այս կայքէջի շնորհիվ գտա այն տղային, որ դպրոցում սիրահարված էր ինձ: Սուր ու տարօրինակ զգացողություններ ապրեցի, ժամանակը հետ գնաց, «օվկիանոսից այն կողմ» տարածությունը վերացավ, ու մենք մեզ զգացինք 8-րդ դասարանում` նույն երեխաները, նույն զգացողություններն ու ապրումները, նույն կայքէջի միջոցով մեր հարցերին է պատասխանում Հասմիկը: Ես ԱՄՆ-ում եմ ապրում, եւ այս կայքէջը ուղղակի լավ նվեր ու անակնկալ է ինձ համար: Բացի այդ, արդեն բարեկամներիս եւ «չկորած» ընկերուհիներիս հետ այս կայքէջով եմ նամակագրություն պահպանում: Նրանք իրենց ու ընտանիքի նկարներ են տեղադրում, շփումն ավելի իրական է թվում»:

www.odnoklassniki.ru-ն առաջարկում է ոչ միայն դպրոցական եւ ուսանողական տարիների ընկերների որոնման համակարգ, այլեւ տարբեր նախասիրությունների տեր մարդկանց հավաքում է տարբեր թեմատիկ հանրույթներում` ըստ բնակավայրի, ազգանունի, գաղափարախոսության, գրական նախասիրության եւ այլն:

Վալերի Մարկարյանը դեռ չի որոնել իր համադասարանցիներին այս համակարգով: Նա մտահոգված է ոչ այնքան «կորածներին գտնելով», որքան այն տհաճ զգացողությամբ, որ տեսնում է ինտերնետում «անարգված» մեսրոպատառ հայերենը: Համակարգչային մասնագետը կարծում է, որ քանի դեռ ինտերնետն ու նրան միացված համակարգիչը հայերենացված չեն, վիրավորական պետք է լինի յուրաքանչյուր հայի համար այդպիսի ստորացուցիչ վիճակում տեսնել հայերենը: «Այսօր 1000 այցելուից 10 էլ հայերենով չեն շփվում», դառնանում է Վ. Մարկարյանը:

Մինչ համադասարանցիները որոնում-գտնում եւ հրճվում են իրենց «գտածոներով»` իրենց մանկության ու պատանեկության քաղցր տարիների վկաներով, իսկ համակարգչային մասնագետները մտածում են, թե որտեղից գումար գտնել ինտերնետ շփումը հայերենացնելու համար: Մի խումբ համախոհներ Երեւանում արդեն բացել են «Համադասարանցիներ» ակումբը, որն ամենայն հավանականությամբ շահույթով է աշխատելու` իրենց մանկության ընկերներին ու հարազատ միջավայր փնտրող մարդկանց գրպանի հաշվին: Այստեղ են ասել` հալալ է: Չէ՞ որ ե՛ւ նպատակն է ազնիվ, ե՛ւ կատարումը (հուսանք) հաջողված: Մանե Մամյանն այդ ակումբի հիմնադիրներից է: «Մեր նորաբաց ակումբն առաջին իսկ օրն ունեցավ մոտավորապես 30 այցելու: Թե որքանն են համադասարանցիներ եղել, կիմանանք մոտ մեկ ամսից, երբ այցելուները հարցաթերթիկ կլրացնեն ու այստեղ կգան իրենց մանկության եւ ուսանողության տարիների ընկերների հետ կապերն ամրապնդելու», ասում է Մանեն:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4