Մինչեւ մահ ապրվող Եղեռն
Ընթերցողի սեղանին է Գեւորգ Աբելյանի (Զյունական) «Ցկեանս նահատակությիւն» գիրքը, որ ամենայն հավանականությամբ, իր ուրույն տեղն է զբաղեցնելու այն գրքերի շարքում, ուր բաբախում է պատմությունը մարդկանց անձնական կյանքին միահյուսված իրականության գունապնակով: Արեւմտահայերենով գրված գիրքը ընթերցվում է մեկ շնչով եւ ներկայացնում իսկական ողբերգությունն այն մարդկանց, ում կոչում են Եղեռնը վերապրածներ: Ընթերցումից հետո գիտակցում ես, որ դու էլ ես վերապրող...
Գիրքը գրվել է 6 տարում, տպագրվել է 2000 օրինակով, 2005 թվականին: Վերահրատարակվել է նաեւ արաբերենով: «1994-ին գրեցի մեծ մորս կյանքի պատմությունը «Աննա հարսը» գրքում, բայց հետո մտածեցի, որ իրավունք չունիմ միայն մեծ մորս մասին գրելու, ուրիշներ ալ կան, պատմում է գրքի հեղինակ Գեւորգ Աբելյանը: Արդյունքը եղավ այս գիրքը, ուր 17 պատմություն կա: Հրապարակումից հետո եւս 4 պատմություն ավելացրեցի, որ անգլերեն հրապարակման մեջ կլինի: «Ցկեանս նահատակութիւն» գրքի անգլերեն, լրամշակված տարբերակը ԱՄՆ-ում է եւ կխմբագրվի հիմա»:
Գ. Աբելյանը նշում է, որ նմանատիպ հարյուր հազարավոր պատմություններ կան, որ կորչում են ժամանակի բերանն ընկած: Եթե մեկը հավաքե՜ր դրանք ...
Չնայած գիրքը բառարանի բաժին ունի, բայց հստակ է, որ բարբառային եւ լեզվիմաստային որոշ դժվարություններ կառաջացնի արեւելահայ ընթերցողի համար: Սակայն նմանատիպ գրքերը` իրենց բանավոր վկայություններով առավել մեծ արժեք ունեն, որպես փաստագրական աղբյուրներ եւ տեղ պետք է ունենան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Մենք մեկուկես միլիոն զոհ ունեցել ենք, հող կորցրել ենք, բայց ես տարբեր անկյունե մոտեցա մեր կորուստներուն: Այն իմաստով, որ ունինք մարդիկ, որ չեն սպանված, չեն կոտորված, բայց իրենց կյանքը եղած է տառապանք մը Եղեռնի պատճառով: Կրնա՞ք երեւակայել նշանված աղջիկ` 16 տարեկան, կիրակնօրյայի ուսուցչուհի: Կառեւանգվի եւ ծայրահեղ իսլամի հետ կամուսնացվի: Պահ մը կրնա՞ք երեւակայել անոր ապրումները հարսանիքի օրը, երբ իր նշանածը Ամերիկա իրեն կսպասե: Այդ աղջկան` Զարուհի, որ վերջը եղած է Զարիֆե, իր ամուսինը ողջ ամուսնական կյանքի ընթացքին կջանար համոզել, որ ինքը աշխարհի մեջ միակ հայն է մնացած, եւ նույնիսկ տան մեջ կարգիլե թերթ գնել, ձայնասփյուռ մտցնել, որպեսզի չըլլա` կինը լսե հայության մասին: Միայն ամուսնուն մահեն վերջ է, որ զավակներուն ինքը կպատմե իր հայ լինելու մասին»:
Չնայած յուրաքանչյուր պատմություն վերջանում է հեղինակի թվարկմամբ, թե ովքե՞ր են իր պատմությունը պատմել, անգամ լուսանկարներ կան, այնուամենայնիվ, գրքի նկարագրությունները մանրակրկիտ մանրամասնություններ են պարունակում: Կնշանակի, հեղինակը կամ հորինել է մանրամասները, կամ իր հերոսների կյանքի ականատեսն է եղել: «Այս գրքի հերոսներից շատեր քեսաբցի են, իմ հայրենակիցները, որոնց մեծ մասը կճանչնայի: Ոմանց էլ բարեկամներին գտա եւ իրենց պատմել տվի: Յուրաքանչյուր պատմություն շիտակ է, եւ շինծու բան չիկա մեջը», հավաստիացնում է Գ. Աբելյանը, որ միայն գեղարվեստական շունչ է հաղորդել պատմելիքին:
Հեղինակը հիշում է, որ իր հերոսներից մեկը` «Կապույտ խանձարուրով Մարին» ներկա է եղել գրքի շնորհանդեսին: «80-անց էր, շնորհանդեսից 5-6 ամիս հետո մահացավ», հիշում է հեղինակը:
Գրքի «Շան բերնի հացը» պատմվածքը վերածվել է նաեւ սցենարի եւ նախատեսվում է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել Հայաստանում կամ Ամերիկայում: «Ես կուզեմ աս ֆիլմը անգլերենով ըլլա, որպեսզի լայն հասարակության հասու ըլլա», ասում է Գ. Աբելյանը: Նա պատմում է գիրքը պարսկերենով եւ իսպաներենով, հատկապես թուրքերենով հրատարակելու իր ջանքերի մասին, որ պիտի նպաստի թուրքի սեփական նախահայրերի ճանաչմանը:
«Նույնիսկ եթե վաղը դիվանագիտական հարաբերություն մշակվի, տակավին չի արդարացվի թուրքը, որ մեզ ժողովրդի եւ հողի կորուստ տվեց: Չպիտի մոռնանք», վստահ է Գ. Աբելյանը, որը ներկայումս աշխատում է «Այրվող մայրիներ» գրքի վրա: Գիրքը լիբանանյան պատերազմի ականատես հայերի մասին է:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ