Հուլիսի 1-31-ը Երեւանի ծննդատներում անվճար հիմունքներով գրանցվել է 1604 երեխայի ծնունդ, որը 2007-ի նույն ամսվա համեմատ 100 ծնունդով ավելի է:
Երեկ այս տվյալները լրագրողներին ներկայացրեց առողջապահության նախարարության մոր եւ մանկան պահպանության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Ամենաքիչ ծնունդները գրանցվել են ընտանիքի պլանավորման սեռական առողջության կենտրոնում (ԸՊՍԱԿ)` 63, Գրիգոր Նարեկացի կենտրոնում` 77 եւ Քանաքեռ-Զեյթունում` 89 ծնունդ: Կեսարյան հատումները, ըստ Երեւանի ծննդատների ցուցանիշների, 2007-ի հուլիս ամսին կազմել են 21 տոկոս, 2008-ի հուլիսին` 20,6 տոկոս:
Կառավարության որոշմամբ ծննդօգնության անվճար հիմունքների սպասարկման համար 2008-ի երկրորդ կիսամյակում առողջապահությանը բյուջեից լրացուցիչ 1 միլիարդ դրամ է հատկացվել, 300 մլն դրամի ձեռք են բերվել բուժսարքավորումներ, որոնք հիմնականում բաշխվելու են մարզային ծննդատներին: Հաջորդ տարվա համար բյուջեից հատկացվելու է 6,1 միլիարդ դրամ:
Ըստ Սարիբեկյանի, եթե 2006-ին 6 ամսում Երեւանում 5718 գրանցված նորածին է եղել, ապա 2007-ին կազմել է 6035 ծնունդ, 2008-ին այդ թիվը կազմել է 6217:
Ասուլիսին ներկա Պետական առողջապահության գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը նշեց, որ անվճար ծննդօգնության պարագայում բժիշկների աշխատավարձերը տարբեր սկզբունքներով են տրվում: Բուժհաստատություններ կան, որտեղ բուժաշխատողները, գինեկոլոգները ստանում են մոտավորապես 400-500 հազար դրամ: Նախկին աշխատավարձերի հետ համեմատ այս տարի 10 անգամ ավելի է կազմում:
Նախարարության ներկայացուցիչները կոչ են անում, որ յուրաքանչյուրը ծննդաբերի իր համայնքի ծննդատանը, քանի որ բոլոր տեղերում վերաբերմունքը նույնն է: Իսկ ինչ վերաբերում է մարզերի հղի կանանց, ապա խորհուրդ է տրվում Երեւանում ծննդաբերել այն դեպքում, եթե բարդություններ ունեցող ծննդկաններ կան:
Արա Տեր-Գրիգորյանը հավելեց նաեւ, որ ծննդօգնության բուժհաստատություններում գումարը էապես պետությունը տրամադրում է ըստ ծնունդների թվի. որքան շատ ծննդաբերություն եղավ, այնքան փոխհատուցում շատ կլինի: Նախարարությունը ամեն բուժհաստատության պրոբլեմներին անդրադառնալու է եւ բարեփոխումները բոլոր հիմնարկներում լինելու են այն աստիճանի, ինչ ծրագրվել է:
Մանկաբարձերի աշխատավարձը նախկին 20000 դրամի փոխարեն կազմում է 53000 դրամ, իսկ ծննդաբերական բաժիններում հերթապահություն տանողներինը` մինչեւ 90000 դրամ:
Սահմանված են նաեւ անվճար եւ վճարովի հիվանդասենյակները: «Վճարովի եւ անվճար սենյակները կապված չեն բժշկական սպասարկման որակի հետ, այլ կոմունալ-կենցաղային պայմաններով են ապահովված, նաեւ անհատական են», ասում է Ա. Տեր-Գրիգորյանը ու ավելացնում, որ այն հիվանդին, որը ցանկանում է օգտվել անվճար հիվանդասենյակից, բայց բոլորը զբաղված են, կարող են պառկեցնել վճարովի սենյակ` անվճար հիմունքներով:
«Անվճար կոնսուլտացիաներով ապահովված է ամբողջ հղի ազգաբնակչությունը, բայց եթե հղին որոշում է, որ մեկ ուրիշ կոնսուլտացիան ավելի հարմար է իր համար, այդ պայմաններում կա վճարովի սկզբունք, մենք այդ պայմանը թողել ենք` պահպանելով իրենց անվճար հնարավորությունը», նշեց Սարիբեկյանը:
«Ազգ» -ի այն հարցին, թե ներկայացվածից քանի՞ տոկոսն է անառողջ երեխա ծնվել, Սարիբեկյանը ասաց, որ 2007-ի հաշվետվության տվյալներով անհաս երեխաների եւ ցածր քաշերով երեխաների թիվը չի գերազանցում 7-8 տոկոսը, այսինքնՙ 1000 երեխայից 7-8-ը ծնվում են տարբեր հիվանդություններով:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ