Երեւանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին նվիրված երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Նա նախ հայտնեց, որ այս տարի կանցկացվի գլխավոր հատակագծի իրականացման մոնիտորինգը, որի արդյունքների հիման վրա եկող տարի վերլուծություններ կարվեն գլխավոր հատակագծի հնարավոր փոփոխությունների համար:
Խոսելով ճանապարհաշինական ծրագրերի մասին, Գուրգեն Մուշեղյանը հիշատակեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ տրանսպորտային խոշոր հանգույցի շինարարության ավարտն ու շահագործման հանձնելը: Այնուհետեւ նա նշեց, որ այդտեղից մինչեւ Հերացու փողոց ընկած ճանապարհի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց ավարտից հետո Աբովյան պուրակ-Հերացի հատվածը կմիանա «Լինսի» հիմնադրամով կառուցվող Սարալանջի մայրուղուն:
«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ ճանապարհաշինական ծրագրերի իրականացմամբ կրճատվում է տրանսպորտային միջոցների տեղաշարժման ժամանակը, տնտեսվում է վառելիք, նվազում են արտանետումները մթնոլորտ: Այսինքն, դրանք ունենում են նաեւ բնապահպանական նշանակություն: Խանջյան փողոցի երկայնքով իրականացվող շինարարությամբ կամբողջանա մայրաքաղաքի արեւելյանՙ հյուսիս-հարավը միացնող ճանապարհը: Գուրգեն Մուշեղյանը վստահություն հայտնեց, որ այժմ իրականացվող բոլոր ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն նախատեսված ժամկետում, որն, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջն է:
Ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման մասին հարցին պատասխանելով, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի կենտրոնի 5 տարբեր մասերում կսկսվի դրանց շինարարությունը: Ըստ նրա, ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնելու այդ փողոցների թողունակությունը եւ անվտանգությունը:
Ա. Մ.