«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


«ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆԵՐ»

Ի հիշատակ Մարկոս Գրիգորյանի մահվան տարելիցի

Անցած տարի ամռան այս օրերը ողբերգական էին Մարկոս Գրիգորյանի համար. ամենածանրը, որ կարող է կատարվել ստեղծագործողի կյանքումՙ մի անորոշ քմծիծաղՙ նվիրական երազանքներին... Հայրենիքում եղած «վերաբերմունքի» վերջին ակորդներն անհուսորեն դառն էին: Գողության համար իր տուն ներխուժած ստահակները դաժանորեն ծեծի ենթարկեցին, այնուհետեւ տեղափոխվեց հիվանդանոց, որից հետո կարճ ժամանակ անց մահացավ ծանրագույն ապրումների մեջ, հայրենիքում սեփական թանգարան ունենալու անավարտ փափագներում:

Մարկոս Գրիգորյանիՙ Հայաստանին նվիրված արժեքավոր հավաքածուն (արվեստի նմուշներ, հնատիպ գորգեր, ձեռագրեր, գրքեր, կատալոգներ, նկարներ, կենցաղային իրեր եւ այլն) ժամանակավորապես, բայց փաստացի արդեն 15 տարի էՙ հանգրվանել է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ցուցասրահներում եւ շարունակում է սպասել իր մշտական կացարանին:

Մարկոս Գրիգորյանը բազմաշնորհ արվեստագետ է, հավաքածուորդ, նկարիչ, կինոարտիստ: Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից է, այստեղ ունեցավ հետեւորդներ, ու մեծագույն հարգանք ու պատկառանք է վայելում: Նա ստուդիա հիմնադրեց նաեւ Նյու Յորքում: Իբրեւ արվեստում նորարարության ջատագով, ԱՄՆ-ում 60-ականներին սկզբնավորեց հողանկարչություն ուղղությունըՙ կերպարվեստում իբրեւ բնանյութ առաջինը օգտագործելով հողի ու մոխրի խառնուրդը: Մ. Գրիգորյանի ստեղծագործությունների մեծ մասը գտնվում է Նյու Յորքում, ինչպես նաեւ ԳԱԹ-ի Միջին Արեւելքի պայմանական անունով թանգարանում:

Մահվան տարելիցի կապակցությամբ նկարիչների միության սրահում կազմակերպված երեկվա ցուցահանդեսը հիշատակի տուրք է արվեստագետի գործին, նրա նվիրումին, անավարտ երազանքին: Ցուցահանդեսի կազմակերպիչը, համակարգողը Մարկոսի հետ երկար տարիներ համագործակցած, նրա արվեստի գիտակ ու նվիրյալ Զառա Մոկացյանն է: «Հանգուցալուծումներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է Մարկոս Գրիգորյանից 9 գործ («Հնձած արտեր», «Երկրաշարժի զոհերի հիշատակին», «Վերածնունդ» եւ այլն), նաեւ հայաստանցի այն նկարիչների աշխատանքներից, որոնց ստեղծագործությունները հայեցակարգային առնչակցություններ ունեն Մարկոս Գրիգորյանի արվեստի հետ: Այս 12 նկարիչներից շատերը Մարկոսի հետ ժամանակին ցուցադրվել են (Ռուբիկ Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Արմեն Գրիգորյան, Վահան Ռումելյան, Սամվել Բաղդասարյան, Արարատ Սարգսյան եւ ուրիշներ), իսկ Թենի Վարդանյանի, Գայանե Խաչատրյանի կերպագունային աշխարհը ներքին խոհակցության, երկխոսության մեջ է Մարկոսի աշխատանքներին, նրա կյանքի փիլիսոփայությանը: Այսպես է մեկնաբանում Մարկոսի եւ 12 նկարիչների համատեղ այս ցուցադրությունը ԳԱԹ-ի «Միջին Արեւելք» ժամանակավոր ցուցադրության վարիչ Զառա Մոկացյանը:

Ցուցահանդեսը հովանավորել է մշակույթի նախարարությունը, նկարիչների միության աջակցությամբ:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4