Օգոստոսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո մեկնարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնը, որը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Օգոստոսի 19-ին «Փառատոնի օր» անցկացվեց Լոռու մարզում: Փառատոնի մասնակիցներին Սպիտակ քաղաքի մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Այնուհետեւ հյուրերը ծաղկեպսակ դրեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Սպիտակից փառատոնի մասնակիցները մեկնեցին Վանաձոր, որտեղ այցելեցին Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ, ծանոթացան տեղացի փոքրիկների աշխատանքներին: Կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանը հայկական խորհրդանիշ-նուռ նվիրեց փառատոնի մասնակիցներին: Փառատոնի խորհրդանիշ Նարեն ու Նարեկը մեծ ոգեւորությամբ խոսեցին հյուրընկալության մասինՙ նշելով, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթը» ոչ միայն միավորում է մեր ազգն ու մշակույթը, այլեւ հնարավորություն է տալիս ծանոթանալու միմյանց հետ, շփվելու ու ճանաչելու նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին: Մշակույթը հավաքական գաղափար է: Մարզերում եւս ստեղծվում են մշակութային մեծ արժեքներ:
Այնուհետեւ փառատոնի պատվիրակների մասնակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ համերգ: Հյուրերին ողջունեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությունը հղելով մասնակիցներինՙ նա ասաց.
«Ամեն մեկս մեր մեջ կրում ենք հավիտենական այն արժեքները, որ փոխանցվել են սերնդեսերունդ: Ազգը 3 հասկացություն ունիՙ հայրենիք, կրոն, մշակույթ: Մեր մշակույթով մենք զորանում եւ դառնում ենք մեկ ամբողջություն: Թող օրհնյալ լինի փառատոնի ընթացքը, եւ հայ երգն ու պարը երկար սավառնեն մեր հոգիներում»:
Ա. Վարդերեսյանը, մարզպետ Արամ Քոչարյանի եւ մարզի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին, ասաց. «Սփյուռքում մենք բոլորս էլ ունենք ընկերներ, բարեկամներ: Փառատոնի նպատակն էՙ նրանց վերադարձնել իրենց ակունքներին: Շնորհակալություն սփյուռքի մեր գործիչներին, որ կարողանում են հայի ոգին բարձր պահել եւ մեր երեխաներին հայ դաստիարակել: Մեր ազգային արժեքները սփյուռքում կարողանում ենք պահպանել մեր մշակույթով»:
Վանաձորում ելույթ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը (գեղ.ղեկավարՙ ժողովրդական արտիստ Աշոտ Բաբայան), Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի «Հայորդիք» երգի ու պարի համույթը (գեղ.ղեկավարՙ Անահիտ Սարգսյան) եւ անհատ կատարողներ Ուկրաինայի Կիեւ քաղաքիցՙ երգչուհի Լուսինե Քոչարյանն ու դաշնակահար Արսեն Յակովենկոն: Համերգն ավարտվեց Լուսինե Քոչարյանիՙ փառատոնին նվիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երգով:
Հանդիսատեսից բացի մեծ ոգեւորություն էին ապրում նաեւ փառատոնի մասնակիցները, որ գտնվում են հայրենիքում, ծանոթանում նրա մշակույթին եւ շփվում հայրենակիցների հետ:
Վանաձորից փառատոնի մասնակիցները մեկնեցին Դսեղ, այցելեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ