«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (COAF) 5 ՏԱՐԵԿԱՆ Է

«Մեր երեխաները տաղանդավոր են, բայց հնարավորություն պետք է ունենան իրենց շնորհները բացահայտելու եւ օգտագործելու համար: Մեր գործն է այդ հնարավորությունը նրանց տրամադրել, ասում է Կարո Արմենը, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիրն է եւ խորհրդի ատենապետը, «Անտիջենիք» ընկերության նախագահը: Իր համոզմունքը սփյուռքահայ բարերարը ապացուցում է օլիմպիական խաղերում մեր ունեցած բրոնզե մեդալների թվով եւ մեր երկրի բնակչության թիվը նմանատիպ մեդալներ վաստակած օտար երկրների հետ բաղդատելով:

Կարո Արմենը ձգտում է գրական ընտիր հայերենով կազմել իր պատմողական խոսքը, որը որքան հայաշունչ է, նույնչափ էլ հետաքրքրական, քանի որ զրուցակիցս պատմում է երեխաների եւ Արմավիրի վեց գյուղական համայնքներում իրենց կազմակերպության կատարած բարեգործական ներդրումների մասին: «2003-ն էր: Գյումրիից Երեւան կուգայի: Հիշելով տեր Տաճատ քահանայի հորդորը, մտա Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ: Մարդիկ ինձ քայլող դիակների պես էին թվում` տխուր եւ անտարբեր: Այնտեղ լուսանկարում էի գյուղական պատկերներ, երբ կարճ մազերով ու օղերով փոքրիկ աղջիկ մը տեսա Անի անունով: Նրա հոր հետ խոսեցի, որ իմ հարցերին ի պատասխան պատմեց իրենց ծանր ապրուստի եւ փոքրիկ հողակտորի մասին, որն իրենց ճաշն է ապահովում: Ցանկացա փոքրիկ աղջկա համար մի լավ բան անել եւ հորը մի քիչ դրամ առաջարկեցի: Չվերցրեց: Միայն ասաց, որ իրենց հարեւանն ավելի վատ վիճակում է, կարող եմ նրան օգնել: Երբ Քարակերտի համընդհանուր խնդիրներից հարցուփորձեցի, մարդիկ ինձ ցավով պատմեցին, որ ջուր չկա: Խոստացա, որ պիտի վերադառնամ եւ օգնեմ իրենց: Խնդացին վրաս եւ ասացին, որ շատերն են այդպես ասել ու գնացել անվերադարձ: Ատկե հետո նվազագույնը երեք ամիսը մեկ Հայաստանում եմ»:

Թե ի՞նչ զգացողություններով է տարին մի քանի անգամ օվկիանոսը կտրում-անցնում բազմազբաղ այս մարդը հանուն Քարակերտի ու հարակից գյուղերի բնակչության բարեկեցիկ կյանքի, թողնում եմ ընթերցողի երեւակայությանը, իսկ Կարո Արմենին խնդրում եմ թվերի լեզվով պատմել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հնգամյա աշխատանքների մասին: «Քարակերտում մեր կազմակերպության աշխատանքներից տարիուկես հետո եռուզեռ կար, մարդիկ աշխույժ գնում-գալիս էին, աշխատանք կար: Հետո լսեցի, որ մի դալարիկցի քարակերտցուն հարցրել է, թե` եղբայր, մեր մեղքն ի՞նչ է. որ քարակերտից 4 կմ հեռու ենք ու այդ ծրագրերից չենք կարող օգտվել»: Դիպուկ հարց, որ ավելի մեծ գործեր անելու ցանկությունը 2006-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ղեկավարությանը ուղղորդում է դեպի այլ գյուղական 5 համայնքներ` Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ եւ Շենիկ: Այստեղ եւս վերակառուցվում են դպրոցներ, ստեղծվում են արդեն միջհամայնքային նշանակության ծառայություններ: «Օրինակ, Դալարիկի մեջ սոցիալ-հոգեբանական կենտրոն ունինք, որը բավական է նշածս բոլոր գյուղերու համար, որ նաեւ կնպաստե, որ գյուղերը կապ ունենան միմյանց հետ: Վեց գյուղերու մեջ 16-17000 հոգի եւ մոտ 3000 մանուկներ կան: Վերանորոգած ենք հինգ դպրոց, երեք մանկապարտեզ, մեկ մշակութային կենտրոն, երկրորդն էլ գալ ամառ պատրաստ կլինի, երեք բժշկական ամբուլատոր ծառայություն, սպորտային համալիր ալ շինեցինք, ոռոգման ջուր ենք ապահովել 3 գյուղի համար: Անկե զատ մարդկանց կսորվեցնենք տնտեսական, հողագործական ծրագրեր»:

Կարո Արմենը մեծ նշանակություն է տալիս հայ գյուղացուն: «Միայն Երեւանի միջոցավ երկիր չըլլար: 900 գյուղ կա Հայաստանում: Բոլոր գյուղերի վիճակը նույնը չէ, բայց նման է: Մինչդեռ մեր ազգի արմատը, ուժը գյուղերու մեջն է, այնտեղ ապրող երեխաներու մեջ: Ընդ որում, ամեն վայրկյանը թանկ է», ասում է նա: Հիմնադրամի ատենապետի խոսքերը որպես լոզունգ են օգտագործված կազմակերպության ծրագրերը ներկայացնող գրքույկում, որ ընթերցողին հորդորում է «փրկելով սերունդը պահպանել ազգը»:

Կարո Արմենի հավաստմամբ, Արմավիրի մարզում COAF-ի վերակառուցած դպրոցներն այնքան հարմարավետ են ու հրապուրիչ, որ պարզապես ափսոս է դրանք միայն օրվա առաջին կեսին օգտագործելն ու տարվա 9 ամիսներին շահագործելը: Օրվա բոլոր ժամերին եւ տարվա բոլոր եղանակներին դպրոցը երեխաներին ծառայեցնելու համար «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը տարբեր արտադպրոցական խմբակներ ու ծրագրեր է իրականացնում դպրոցականների համար, իսկ այս տարի նաեւ ամառային ճամբար են կազմակերպել, որի փակումը նախատեսված է առաջիկա կիրակի օրը: Երեխաներն այլ վերաբերմունք ունեն դպրոցի նկատմամբ: «Առաջվա հին ու կեղտոտ դպրոցը չէ այլեւս, երեխաները հաճույքով են մնում այնտեղ», վստահեցնում է Կարո Արմենը: Նա ուրախությամբ է պատմում դալարիկցի մի պստլիկի առաջարկի մասին, թե եկեք այս լավ ծրագրերը շարունակելու համար ակումբ ձեւավորենք: Հիմնադրամի ներդրումն է նաեւ Արմավիրի մարզի վեց գյուղերի միջհամայնքային ամսաթերթը` «Շրջադարձը», որի հեղինակների թվում երեխաները մեծամասնական թիվ են կազմում:

Ժամանակին Կարո Արմենը Քարակերտում տարվող տարբեր միջազգային կազմակերպությունների աշխատանքները կանոնակարգելու եւ փոխհամաձայնեցնելու կոչ է արել դրանց ղեկավարներին: Առաջարկը ոչ միայն ողջունվել, այլեւ արդյունավորվել է մի քանի համատեղ ծրագրերով, որոնք ֆինանսավորել են Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը:

Ուշագրավ է, որ կազմավորման շրջանում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ֆինանսավորման գործում ակտիվիստներ են եղել օտարազգի ամերիկացիները, որոնք այս օրերին Հայաստան են այցելել իրենց ֆինանսական աջակցության արդյունավետությամբ հիանալ-փառավորվելու համար: Ի վերջո, հիմնադրամի կայացման առաջին ճաշկերույթի երեկոյի ընթացքում նրանք Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու համար հավաքել էին 1 միլիոն 400 հազար դոլար, որից միայն 200 000 դոլարն էր տրամադրել հիմնադիր Կարո Արմենը:

Բացի համայնքային ծրագրերի իրականացումից Կարո Արմենը նաեւ առողջապահության ոլորտում է լուրջ ներդրումներ անում: Նրա ղեկավարած «Անտիջենիքս» ընկերությունը (նստավայրը` Նյու Յորք), հայտնաբերել է երիկամի քաղցկեղը ճնշող պատվաստանյութ` «Օնկոֆագ», որը քաղցկեղի սկզբնական փուլում հավակնում է կանխել դրա զարգացումըՙ փրկելով մարդու կյանքը: Պատվաստանյութի արդյունավետությունն արդեն 700-ից ավելի մարդու վրա է գնահատվել: Այն արտոնագիր է ստացել Մոսկվայում, նախատեսվում է հոկտեմբեր ամսին եվրոպական երկրներում եւս հաստատել: Իմունային համակարգի հզորացմամբ քաղցկեղի դեմ պայքարող պատվաստանյութը Կարո Արմենի ջանքերով նաեւ Հայաստանում եւ անգամ տարածաշրջանում պետք է օգնի հաղթահարել մահաբեր հիվանդությունը, իհարկե, ՀՀ առողջապահության նախարարության արտոնագրի տրամադրումից հետո:

Մինչ այդ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը առաջիկա շաբաթ օրը` օգոստոսի 23-ին, պատրաստվում է տոնական միջոցառմամբ ամփոփել իր գործունեության հնգամյակը` հայ հասարակությանը իրական հայրենասիրության օրինակ ծառայելով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4