«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


«ԴԱ ՍԽԱԼ ԷՐ»

Մինչ «Ազգ» թերթի ժրաջան կոլեկտիվը վայելում էր արձակուրդային տվայտանքները, դրանից անկախ երկրագնդում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք շեշտակի փոխեցին աշխարհաքաղաքական իրավիճակը եւ նոր կողմնորոշիչներ մտցրին գերտերությունների հարաբերություններում:

Համաշխարհային լրատվամիջոցները վերջին շրջանում երեւի այնքան բուռն չէին արձագանքել ոչ մի այլ իրադարձության, որքան Վրաստանի շուրջը բռնկած դեպքերին: Եվ դա պատահական չէր, քանզի այս անգամ բացահայտ ու անողոք հակասության մեջ մտան Ռուսաստանի եւ Արեւմուտքի ու առաջին հերթին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերը:

Այս կոնֆլիկտի մասին այնքան գրվեց ու խոսվեց, որ հազիվ թե հնարավոր է նոր բան ասել: Գործելով միայնակ, Ռուսաստանը իր անսպասելի ու սրընթաց գործողություններով մի քանի օրում հեղաշրջեց մոլորակի աշխարհաքաղաքական լանդշաֆտը եւ 90-ական թվականներից հետո առաջին անգամ պարզորոշ հայտարարեց կրկին գերտերության վերածվելու իր միանշանակ հավակնությունների մասին: Ռազմաթատերական դրամատիզմով գերհագեցած այս առճակատման ամենամեծ դասերից մեկը թերեւս այն էր, որ կրկին հաստատվեց եղկելի իրողությունըՙ փոքր ազգերը խաղալիք են մեծ տերությունների աշխարհանվաճ գործողություններում: Ընդսմին, տվյալ դեպքում խոսքը հավասարապես վերաբերում է ե՛ւ օսերին, ե՛ւ վրացիներին: Ապշեցնում է Սաակաշվիլու «սիրողական» հավատը ամերիկացիների «անվերապահ» պաշտպանության հանդեպ: Արդյոք հանրահայտ չէ՞, որ մեծերը փոքրերի հաշվին սոսկ բավարարում են իրենց քաղաքական ու տնտեսական պահանջները: Ամերիկայի ու այն վերահսկող հրեաների ներկա ամենամտահոգիչ խնդիրը Իրանն է իր միջուկային ծրագրերով եւ ոչ թե տնտեսապես ու աշխարհագրականորեն կազմալուծված Վրաստանը: Եվ առաջինի մեկուսացման գործի հիմնական խոչընդոտը Ռուսաստանն է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամՙ որեւէ որոշում արգելափակելու իր իրավունքով: Եվ սա սոսկ մեկ պարագա է գործընկերոջ ընտրության հարցում:

Մյուս կողմից, անտարակույս, վրացիները կարող էին իսկապես երկրի երեսից վերացնել Հարավային Օսիայի ժողովրդին, եւ ռուսներն իրոք փրկեցին օսերին ցեղասպանությունից: Սակայն նույնիսկ տարրական անուշադրությունն իր հարցադրումն է առաջադրումՙ ի՜նչ է, ռուսների բազմաճյուղ հետախուզությունը, ռազմական փորձագիտությունը, դիվանագիտությունը եւ այլն չգիտեի՞ն, որ Սաակաշվիլին իրական հարձակման է պատրաստվել: Նման հարցերում զավեշտ չի լինում: Ռուսները պարզապես Վրաստանի ղեկավարին սադրանքի ենթարկեցին, որ նա ձեռքը թաթախի արյան մեջ (ավելի փոքր ժողովրդի): Այդ դեպքում արդեն ամենայն «իրավունքով», այդ թվում նաեւՙ բարոյական, կարելի էր հասնել մինչեւ Թբիլիսիի մատույցները: Առհասարակ Սաակաշվիլու հետ կապված տեղին է հիշել մեծն քաղաքական կոմբինատոր Թալեյրանի խոսքերը. «Դա շատ ավելի վատ էր, քան հանցագործությունը, դա սխալ էր»: Պիտի որ Սաակաշվիլու վրա թանկ նստի այդ սխալը (ոչ թե հանցագործությունը): Հիմա առավել եւս նա հազիվ թե հետ ստանա Հարավային Օսիան ու Աբխազիան:

Հիշյալ իրադարձությունների հենքի վրա արժե ուշադրություն դարձնել եւս մի հանգամանքի վրաՙ կապված Ռուսաստանի հետ: Գոնե ներկա փուլում անիմաստ դարձավ Պուտին-Մեդվեդեւ երկյակում լիդերի մասին ժամանակ առ ժամանակ ծավալվող ենթադրությունների ու վարկածների հրատապությունը: Պարզ դարձավ, որ երկյակը պետության կյանքի սկզբունքային հարցերում գործում է ներդաշնակորեն, փոխլրացումով եւ բնավ էլ կարեւոր չէ, թե ում խոսքն է ավելի վճռորոշ: Զգացվում էր, որ երկյակը լրիվ վերահսկում է քարոզչության հզորագույն մարմինըՙ հեռուստատեսությունը: Եվ եթե մամուլում այս կամ այն ձեւով սպրդում էին իրադարձությունների մեկնաբանման վրացական տեսանկյուններ, ապա հեռուստաալիքները (նույնիսկ մասնավոր) ամենայնս գերիշխում էին պետական դիրքորոշումներըՙ այն էլ գրեթե միատիպ ոճով ու լեզվով:

Եվս մի պահ: Մինչ այդ էլ գաղտնիք չէր, որ Պուտինն ու Մեդվեդեւը երկրում լուրջ ընդդիմություն չունեն: Եվ բանն այն չէ, թե առաջինները երկրորդի վրա ճնշում են գործադրում անթույլատրելի ու առավել եւս բռնության միջոցով: Ոչ, իհարկե: Կոնկրետ Վրաստանի հարցում նույնիսկ «անհաշտ» կոմունիստները համերաշխ էին ղեկավարության հետ, որովհետեւ ձեռնարկված ռազմական գործողությունները, նրանց կարծիքով, ելնում են ազգային շահերից:

Եվ վերջում հետեւյալը: Ինտերնետում կարդում եմ Հայաստանի թերթերից մեկը, որտեղ գրեթե երբեմնի կոմունիստական ոճով «ցասումնալից» դատապարտվում է Ռուսաստանի «ագրեսիան» Վրաստանի դեմ: Ինչպես ասվեց, դժվար է պատկերացնել, թե վրացիները ինչպես կարող էին ոչ միայն կանգնեցնել ռուսական անհամար տանկերի, զրահամեքենաների, ինքնաթիռների, ռազմանավերի հզոր նախահարձակումը, այլեւ գրավել Ցխինվալը: Նախ, դատապարտելու համար պիտի քաշ ունենալ. նույնիսկ ՆԱՏՕ-ն խուսափեց «զայրագին» ձեւակերպումներից: Եվ հետո, ամենագլխավորը, անբարոյականություն է մոռանալ, որ Ռուսաստանում ապրում է նույնքան հայություն, որքան Հայաստանում: Նման տխմար «դատապարտումներով» ռուսահայերին կարելի է միայն արջի ծառայություն մատուցել, դիմացը չստանալով ոչինչ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4